Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»

Ապրիլ 12,2008 00:00

Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:

\"\"Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ 300 մետր, տարվում են անհայտ ուղղությամբ: Այս երեւույթը մեծ անհանգստություն է պատճառել թաղամասի բնակիչներին, որոնք մտավախություն ունեն, որ ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում:

\"\"Վարդաշենի մի խումբ բնակիչներ, որոնք վախենալով թաղային իշխանություններից՝ հրաժարվեցին ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին, որ ոռոգման ջրի այդ խողովակները տարիներ շարունակ ծառայել են բնակիչներին՝ դրանց միջոցով ոռոգել են հողամասերն ու այգիները: Բնակիչների խոսքերով. «Նպատակը մեկն է, ընտրությունների ժամանակ բավականին փող են ծախսել, հիմա իրենց փողերն են հավաքում-տանում, իսկ ժողովրդին վատություն անում: Այս այգիներով եւ հողամասերով, որոնք չջրելու դեպքում չորանալու եւ ոչնչանալու են, ապրում են բազմաթիվ ընտանիքներ, անխղճություն է մարդկանց կտրել ապրելու միակ միջոցից»:

Չնայած խողովակներն ապամոնտաժող բանվորները վստահեցնում էին, որ դրանք փտած են եւ ենթակա են փոխման, սակայն անզեն աչքով էլ երեւում էր, որ խողովակները նորմալ վիճակում էին:

Բնակիչները, որոնք շարունակ օգտվում են այդ ջրատար խողովակներից, նույնպես վստահեցնում էին, որ դրանք ամենեւին էլ փտած չեն եւ կարող էին դեռ երկար տարիներ շահագործվել: Վարդաշենցիները պատմեցին, որ ապամոնտաժելուց հետո խողովակները տեղափոխող մեքենաները հեռանում են «ջիպերի» եւ թանկարժեք ավտոմեքենաների ուղեկցությամբ: Իսկ «ջիպերով» մարդիկ, վարդաշենցիների խոսքերով, նույնիսկ չեն էլ բարեհաճում ներկայանալ ու բնակիչներին պարզաբանել, թե ում հրահանգով են ջրագծերն ապամոնտաժում: Ընդամենն ասել են, որ խողովակները հին են եւ փտած, ուստի պետք է հանվեն: Դժգոհող բնակիչներին հավաստիացրել են, որ հներին կփոխարինեն նորերը: «Առավոտին» հասած տեղեկություններով, խողովակների ապամոնտաժումը «ստանձնել» է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի հարազատ եղբայրը:

Մեր հարցին ի պատասխան, Էրեբունի թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ շենքերի ու շինությունների պահպանության բաժնի պետ Սուրեն Սալիկյանը հայտնեց, որ խողովակները թաղապետարանն է հանում: Նրա պարզաբանմամբ, թաղապետի եղբայրն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի: Նրա խոսքերով, բնակիչների դժգոհություններն անտեղի են, քանի որ թաղապետարանի եւ բնակիչների միջեւ որեւէ պայմանագիր չկա, որը թույլ կտա ոռոգել իրենց այգիներն ու հողամասերը՝ «Եթե ոռոգում են անում, թող պայմանագիր ունենան ոռոգման ցանցի հետ: Բնակիչներից որեւէ մեկը ձեզ ցույց տվե՞լ է որեւէ պայմանագիր»: Ս. Սալիկյանն ասաց, որ իրենք ոչ թե խողովակներն են հանում, այլ ցանցն են վերանորոգում. «Փտածները հանում ենք, նորերն ենք տեղադրում: Ստիպված ենք հանում, քանի որ այդ խողովակների ջրերը լցվում են մանկապարտեզը եւ բնակելի շենքերը»: Նշենք, որ մեզ հետ զրուցած եւ ոչ մի բնակիչ չասաց, թե խողովակների ջրերը լցվում են շենքերի նկուղները: «Առավոտի» հարցին, թե ապամոնտաժված խողովակներն ի՞նչ են անելու, պրն Սալիկյանը խիստ զարմացավ. «Ի՞նչ է, մենք պետք է ձեզ աչոտ տա՞նք: Փտածները թափվում են, մնացածն էլ դրենաժային համակարգի համար են օգտագործվում: Խողովակները թաղապետարանի սեփականությունն է, բնակիչներինը չէ: Դրա համար մենք աչոտ չենք տալիս: Ստացվում է՝ թաղապետարանը իր ապրանքը վերանորոգելու, փոխելու իրավունք չունի ու պետք է բնակչին հարցնի: Հանված յուրաքանչյուր մետր խողովակի փոխարեն տեղադրվելու է նորը»:

Հ. Գ. Վերջին տարիներին հանրապետությունում ջրագծերի թալանը զանգվածային բնույթ է կրում: Ջրի խողովակների բիզնեսը բավականին եկամտաբեր է, որովհետեւ դրանք շուկայում շատ թանկ են գնահատվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել