Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ապրիլ 12,2008 00:00

Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու մեղադրանքից: Բոլոր տեսակի բացասական գնահատականները, ասեկոսեները, լուրերը եւ այլն մնալու են օդի մեջ կամ, լավագույն դեպքում՝ թղթի վրա, իսկ այս տարիներին կառուցած հանրապետական նշանակության ճանապարհները գոյություն ունեն իրականության մեջ, դրանց հետ ամեն օր առնչվում են մեր համաքաղաքացիները: Ոչ մի տեղ չեմ կարդացել այն մասին, որ այդ մայրուղիներն անորակ են: Իմ անձնական կարծիքով՝ ճանապարհները (ինչպես ցանկացած շինարարություն) անորակ են լինում այն ժամանակ, երբ շինանյութերը գողանում են, երբ անհրաժեշտ տեխնոլոգիաները չեն պահպանվում: Իսկ դա տեղի չի ունենում, եթե ոլորտի առաջին դեմքը դա թույլ չի տալիս: Ապահովված մարդ լինելով՝ պարոն Մանուկյանը նման հարաբերությունների մեջ մտնելու կարիքը եւ ցանկությունը չուներ: Ահա եւ ամբողջ գաղտնիքը:

Դեռեւս 4 տարի առաջ Ա. Մանուկյանը ինձ հետ մասնավոր զրույցում ասաց, որ ամեն ինչ կանի՝ «ԱրմենՏելլը» կապի մենաշնորհից զրկելու համար: Դա, ի վերջո, տեղի ունեցավ: Ու թեեւ մենք առայժմ դժգոհ ենք կապի որակից, այն չես համեմատի 3-4 տարի առաջ գոյություն ունեցող վիճակի հետ (հիշում եք, որ «իզի» քարտերը վաճառում էին «տակից»՝ 10-ապատիկ գներով): Մրցակցությունը հզոր ուժ է: Իսկ շուտով կներմուծվի կապի երրորդ օպերատորը, եւ դա խոսում է այն մասին, որ նախարարը գնացել է ճիշտ՝ ազատականացման ճանապարհով: Նույնատիպ քայլեր ձեռնարկվեցին փոստի եւ երկաթուղու ոլորտում, եւ եթե գործը մինչեւ վերջ հասցվի, այստեղ էլ մենք կմոտենանք եվրոպական չափանիշներին:

«Չուզողները» կարող են չհավատալ, բայց խմբագրությունը զանգեր է ստանում ընթերցողներից, որոնք հետաքրքրվում են, թե ինչու նախարարներից աշխատանքից ազատվեց հենց պրն Մանուկյանը: Այդ հարցի պատասխանը ես չունեմ. համենայնդեպս, պաշտոնյաներից քչերն ունեն նման բարձր («պետերբուրգյան») կրթություն եւ տնտեսական հղկված գիտելիքներ: Չնայած, մեր տեղեկություններով, Ա. Մանուկյանը չէր էլ պատրաստվում աշխատել նոր կառավարությունում: Իսկ իր հետագա անելիքների մասին նախկին նախարարը «Առավոտին» պատասխանեց. «Ամեն ինչ որոշելու է նախագահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել