Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
«Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի կամ որեւէ կերպ, որեւէ քաղաքական գործողության մասնակից չի եղել, որոնց իրավունքները պաշտպանված լինեն: Արդեն երկու ամսից ավելի է, ինչ կամայականության այս տեղապտույտում բոլորը զոհ են»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Փաստելով, որ Հայաստանում այսօր կարելի է խոսել ամեն ինչից՝ բացի մարդու իրավունքներից, պարոն Հարությունյանը զուգահեռներ է անցկացնում դիկտատորական Սովետական Միության եւ ֆաշիստական Գերմանիայի հետ՝ հանգելով եզրակացության. «Նույնիսկ այդ երկրներում մարդկանց ինչ-որ խումբ է գոյություն ունեցել, որոնց իրավունքները որոշ չափով պաշտպանված են եղել: Մինչդեռ այսօրվա Հայաստանում այդպիսիք չկան»: Մեր զրուցակիցն ասում է, որ վերջին շրջանում ինքը, իբրեւ իրավապաշտպան, քիչ է անդրադառնում առանձին վերցրած մարդուն ու նրա իրավունքներին (ինչով, ըստ էության, պետք է իրավապաշտպանն զբաղվի), քանի որ՝ «այս՝ առանձին վերցրած մարդիկ այնքան շատ են, որ մի ամբողջ ժողովուրդ են կազմում. պաշտպանել մեկին՝ կնշանակի անտեսել մյուսներին, եւ ինչքանով է հնարավոր պաշտպանել մարդկանց իրավունքները մի երկրում, որտեղ իրավունքը, որպես հասկացություն, գոյություն չունի»:
Այս առիթով «Առավոտի» «մտահոգությունը», որ նորընտիր նախագահի կամ իշխանավորների իրավունքներն էլ պաշտպանված չեն, մեր զրուցակիցն ասաց. «Նրանք իրենց գործողություններով իրենց դրել են ցանկացած օրենքից դուրս եւ անկասկած ունենալու են իրավունքի պաշտպանության կարիք՝ մոտ կամ հեռու ապագայում, որովհետեւ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ իրենց օրենքից դուրս դրած մարդիկ անպայման հետագայում գործ են ունենում օրենքի հետ»: Վարդան Հարությունյանը անպաշտպանների դասին է դասում նաեւ իշխանավորներին՝ հավելելով, որ «նրանք ոչ միայն անպաշտպան են, այլեւ նվաստացած: Վերին օղակներում գտնվողներն անգամ վախեցած են ու սարսափով սպասում են, թե երբ է ամենավերին իշխանավորի բարձրացրած մահակն իջնելու իրենց գլխին: Այդ պատճառով էլ նրանցից շատերն ի ցույց են դնում իրենց ծառայությունը. կաշվից դուրս են գալիս իրենց նվիրվածությունը ցուցադրելու համար՝ կարծելով, որ դրանով խուսափելու են իրենց գլխին իջնող մահակի հարվածից: Սպայի ուսադիրներով ոստիկանները, ովքեր փորձում են իրենց ցուցադրական գործողություններով ցույց տալ իշխանավորին իրենց նվիրվածությունը, որին, ի դեպ, իրենք ձայն չեն տվել, որի հետ իրենք համաձայն չեն, իշխանավորին, որից իրենք բամբասում կամ բողոքում են մասնավոր զրույցներում, այ, դա նվաստացուցիչ է: Այս առումով նրանք ոչ միայն իրավազուրկ, այլեւ նվաստացած են»:
Անդրադառնալով կամայական ձերբակալություններին, մեր զրուցակիցը յուրօրինակ համատեքստում դրանք դիտարկեց. «Սարսափելի է, բայց անկախ ու ժողովրդավարական հռչակված Հայաստանում այսօր, ինչպես ամենաբիրտ տոտալիտար ռեժիմների ժամանակ, ամենակարգին մարդու համար ամենակարգին տեղը մնացել է բանտը: Ցանկացած ազնիվ եւ տեսակետ ունեցող մարդ այսօր կարող է հայտնվել բանտում, եւ դա արդեն որեւէ մեկին չի զարմացնի: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազատության եւ անազատության սահմանն է ջնջվել: Հիմա որտե՞ղ է այդ ազատությունը՝ բանտո՞ւմ, որտեղ դու կարող ես ապրել ու մտածել, թե՞ փողոցում, երբ ցանկացած պահի քայլելու, մտածելու, զբոսնելու համար ոստիկանի մահակը կարող է իջնել գլխիդ, կամ կարող են քեզ առանց պատճառի ոստիկանություն տանել»: Ի դեպ, նույնիսկ այն, որ Սերժ Սարգսյանի երդման պաշտոնական արարողությանը ներկա էր ընդամենը մեկ նախագահ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, եւ միջազգային կամ օտարերկրյա պատվիրակություններն էլ ներկայացված էին հիմնականում միջինից ցածր մակարդակի պաշտոնյաներով, Վարդան Հարությունյանը նույնիսկ դա համարում է «այս ընտրություններին տրված չափազանց բարձր գնահատական, էլ ավելի ցածր մակարդակ պետք է լիներ: Եթե ուզում ես, որ քո երդմնակալության արարողությունը ներկայացուցչական լինի՝ պետք է խիզախություն ունենաս եւ արդար ընտրություններ անցկացնես ու հաղթես այդ ընտրություններում. այդ ժամանակ աշխարհի շատ երկրների նախագահներ ցանկություն կհայտնեն գալ Հայաստան եւ ներկա գտնվել արդար ընտրություններում հաղթած նախագահի երդմնակալության արարողությանը»:
Շարունակելով համեմատականները մեր իրականության եւ անցած խորհրդային տարիների միջեւ՝ Վ. Հարությունյանն արձանագրում է, որ «նույնիսկ այն ժամանակ հասարակության տարբեր մակարդակներում՝ եւ վերեւներում, եւ ներքեւում, կային մարդկանց շերտեր, ովքեր հավատում էին առաջ քաշվող կարգախոսներին եւ լոզունգներին, հեռուստատեսությամբ հնչեցվող կամ հրապարակվող ելույթներին: Մինչդեռ՝ այսօրվա Հայաստանում չկա անգամ մեկը՝ սկսած Սերժ Սարգսյանից, որ հավատա առաջ քաշվող կարգախոսներին եւ ելույթներին: Այսինքն՝ հասարակության 100 տոկոսը գիտի, որ կեղծիք է տեղի ունեցել, որ իշխանությունը լեգիտիմ չի, որ հասարակության մեջ խնդիրներ կան, որոնք կապված են կեղծված ընտրությունների հետ: Եվ վիրավորական է, որ նրանք իրենք կես տոկոս անգամ չհավատալով իրենց կարգախոսներին ու կոչերին՝ փորձում են մեզ ստիպել, որ իրենց հավատանք»: Ինչ վերաբերում է տեսակետին, որ ընդունելով նույնիսկ կեղծված ընտրությունների արդյունքները՝ հնարավոր է առաջ գնալ ու ինչ-որ բան փորձել դեպի լավը շտկել, մեր զրուցակիցն ասում է. «Չի կարող որեւէ մեկը լինել նախագահ, եթե նա կեղծված ընտրություններով է գրավել այդ աթոռը: Եթե անգամ նա ամեն Աստծո օր արթնանալուց երազի՝ լինել լավ նախագահ, միեւնույն է՝ չի կարող: Զուր են լինելու նրա՝ լավ նախագահ լինելու բոլոր ջանքերը, մի պարզ պատճառով՝ պրոցեսը, որի արդյունքում նա հայտնվեց նախագահական աթոռին, թույլ չի տալու նրան լավ նախագահ լինել»: Ընդ որում, մեր զրուցակիցը նաեւ վերապահումներ ունի՝ Սերժ Սարգսյանի լավ նախագահ լինելու ցանկությունների առումով: Ընդհանուր առմամբ, նախընտրական եւ հետընտրական գործընթացների վերլուծությունում Վարդան Հարությունյանը համոզմունք է հայտնում, որ «այս անգամ ընդդիմությունը կարողացավ համազգային այնպիսի մեծ խնդիր լուծել, հասարակությանն այնպիսի իներցիա եւ ակտիվություն հաղորդել, մարդկանց այնպիսի դրական էներգիա տալ, որ կասկածից դուրս է, որ Հայաստանն անպայման ունենալու է լեգիտիմ նախագահ»: