ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» բացահայտում անելու, եւ դա նրան հաջողվեց, եւ երբ այդ «բացահայտումից» հետո հարց հնչեց՝ այլ հարցեր կա՞ն՝ լրագրողները տեղից արձագանքեցին՝ էլ ի՞նչ հարց: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտումը վերաբերում էր Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու որոշ մանրամասների: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հանրապետականները չե՞ն նեղացել, որ ի հակադրություն իրենց կողմից հնչող կարծիքների, թե երկրի վարչապետը պետք է անպայման լինի «ստաժավոր» հանրապետական, նշանակվեց ոչ կուսակցական գործիչ, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Այո, հանրապետականները կարծում էին, որ վարչապետի պաշտոնը պետք է տրվի Հանրապետականին, բայց այդ քննարկումները տեղի ունեցան, եւ պարզվեց, որ հնարավոր է նաեւ ոչ հանրապետական, ընդհանրապես՝ ոչ կուսակցական մարդ նշանակվի, ելնելով պրոֆեսիոնալիզմի սկզբունքներից: Եվ հանրապետականները համոզվեցին, դրանից չդժգոհեցին: Մենք այդ հարցը քննարկեցինք Հանրապետական կուսակցության խորհրդում, որի բոլոր անդամները միահամուռ կերպով, միաձայն առաջադրեցին հանրապետության նախագահի թեկնածուին»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ հանրապետականները իրենց կողմից որպես այլընտրանքային թեկնածու մի «հին» հանրապետականի չառաջարկեցին, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Որովհետեւ այդ քննարկումների ընթացքում համոզվեցինք, որ ձեռնտուն դա է, ինչո՞ւ է ձեռնտու, ես չեմ ուզում շատ բաներ ասել, բայց ոչ միայն պրոֆեսիոնալիզմի հարցն է այդտեղ, այլ նաեւ այն, որ Հայաստանը գործ ունի արտաքին քաղաքականության հետ, նաեւ՝ ներքին քաղաքականությանը օգնելու նպատակով, միջազգային ֆինանսական եւ այլ կազմակերպությունների հետ, Համաշխարհային բանկի հետ եւ այլն, որոնք գտնում էին, որ տվյալ թեկնածուն, կոնկրետ՝ ԿԲ նախագահը, ավելի լավ է իրականացնում այդ ֆինանսական քաղաքականությունը, եւ, բացի դրանից, Հայաստանը այս նշանակումից կարող է օգտվել, մանավանդ, որպեսզի կատարվեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»: Հարցին՝ արդյոք պարոն Պետրոսյանի ասածներից չի՞ բխում, որ մեր երկրում վարչապետ են նշանակել միջազգային ֆինանսական կառույցները, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, այդպես չի նշանակում, վարչապետին նշանակել է երկրի նախագահը, սակայն հաշվի է առնվել նաեւ միջազգային ֆինանսական կառույցների կարծիքը»: Պատգամավորը հարկ համարեց հիշեցնել նաեւ, որ մենք մեր երկրի բյուջեի չափ միջոցներ ենք ստանում համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից: Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային հենց առաջին օրը, պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է անդամակցել որեւէ կուսակցության, ասել էր. «Ոչ, չեմ պատրաստվում, որովհետեւ իմ առջեւ այդպիսի խնդիր դրված չի եղել երբեւիցե: Իմ առջեւ խնդիր է դրված, որպեսզի այն բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական կամպանիայում, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը, այդ ծրագրերը պետք է ի կատար ածենք: Իսկ այդ ծրագրերը առաջ են քաշվել Հանրապետական կուսակցության կողմից… Չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը տվյալ պարագայում օգնելու է այդ ռեֆորմները իրականացնելուն: Ավելին, կարծում եմ, հակառակը՝ անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել այս խնդիրների լուծման համար, եւ այդ մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ»:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը վարչապետի նշանակման մասին հետեւյալն էր՝ վարչապետի թեկնածության հարցը վերապահված էր խորհրդարանի մեծամասնությանը, այսինքն՝ ՀՀԿ-ին, որը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, եւ եթե հանրապետականները համարում են, որ Տիգրան Սարգսյանը համապատասխանում է վարչապետի մասին հանրապետականների իդեալին, ապա «Բարգավաճ Հայաստանը» խնդիր չի տեսնում եւ կաշխատի Տիգրան Սարգսյան վարչապետի հետ: Ըստ պատգամավորի, վարչապետի համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային որակները: