Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ապրիլ 11,2008 00:00

Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում

\"\"WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: Նա նախապատրաստվում է մայիսի 10-ին Գերմանիայի Հալլ քաղաքում կայանալիք իր գոտիների պաշտպանությանը:

Այս անգամ Սյուզիի մրցակիցը լինելու է ամերիկուհի Մերի Օրտեգան: «Ես գիտեմ, թե ինչպես է կարողանում մենամարտել Օրտեգան,- գերմանական «Bild» թերթին ասել է Սյուզին:- Դրա համար էլ Մոսկվայում մարզվելու եմ ամենայն լրջությամբ»:

Յուրօրինակ ռեկորդ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը, մարտ ամսվա հետ համեմատած, բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը:

ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ դա մեր ազգային հավաքականի համար ռեկորդային ցուցանիշ է պատմության մեջ: Լավագույն տասնյակը կազմել են հետեւյալ հավաքականները: 1. Արգենտինա, 2. Բրազիլիա, 3. Իտալիա, 4. Իսպանիա, 5. Գերմանիա, 6. Չեխիա, 7. Ֆրանսիա, 8. Հունաստան, 9. Պորտուգալիա, 10. Հոլանդիա: 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական մրցաշարում մեր ընտրանու մրցակիցներն աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 4. Իսպանիա, 23. Թուրքիա, 48. Բելգիա, 62. Բոսնիա եւ Հերցեգովինա, 119. Էստոնիա:

Դարչինյան-Կիրիլով մարտը կկայանա Լաս Վեգասում

\"\"IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ IBF-ի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի միջեւ գոտիների միավորման մենամարտը կկայանա Լաս Վեգասում: Այդ մասին ռուսաստանցին օրերս հայտարարել էր լրատվամիջոցներում: Երեկ Վիկը նույնպես «Առավոտին» հաստատեց դա: «Ես ցանկանում էի Դմիտրիի հետ հանդիպել եւ հաղթել Մոսկվայում,- ասաց նա:- Սակայն «Showtime»-ն, որը կազմակերպում է իմ մենամարտերը, գերադասում է, որպեսզի այդ մարտը կայանա Ամերիկայում: Ես դեմ չեմ: Ու ինձ համար միեւնույն է, թե Կիրիլովի գոտին որ երկրում կվերցնեմ»:

Երկուսը հավակնում են վարկանիշի

Հունաստանի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի օլիմպիական ընտրական մրցաշարում, որը վերջինն է եվրոպական գոտու երկրների համար, մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներից պայքարը շարունակում են 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը եւ 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Նրանք երկուսն էլ մտել են կիսաեզրափակիչ եւ հավակնում են օլիմպիական վարկանիշների: Այս քաշային կարգերում ուղեգիր ստանում են առաջին եռյակները: Եթե այսօր մեր բռնցքամարտիկները հաղթեն մրցակիցներին ու մտնեն եզրափակիչ, միանգամից Պեկին մեկնելու իրավունք ձեռք կբերեն, իսկ անհաջողության դեպքում ստիպված կլինեն եւս մեկ մենամարտ անցկացնել երրորդ մրցանակակիր դառնալու համար:

Առայժմ՝ երկրորդ տեղում

\"\"Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող շախմատի Ռյուի Լոպեզ միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Ադամսին: Գաբին տարել է երկու հաղթանակ եւ երեք պարտիա ավարտել ոչ-ոքի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել