Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ սուրբ են, ո՛չ էլ մուրացկան»

Ապրիլ 11,2008 00:00

\"\"Իր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը:

Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) որոշ աշխատակիցներ, դիմելով «Առավոտին», բողոքեցին իրենց հիմնարկի հետ կապված մի շարք հարցերից, մասնավորապես՝ բուժքույրերի եւ հավաքարարների աշխատավարձերից: Նրանց հավաստիացմամբ, բուժքույրերն ամսական ստանում են 12000-17000, իսկ հավաքարարները՝ 18000-20000 դրամ աշխատավարձ: Կենտրոնի աշխատողների խոսքերով, մեկ հերթապահությունն արժե 3000 դրամ, սակայն, անկախ նրանից, թե ամսական քանի անգամ են հերթապահում՝ վճարվում են միայն 8-ի համար: «Ասում են՝ էդպես է, ավել չի հասնում: Մի՞թե բյուջետային բարձրացումները ոչ մի կերպ չեն ազդել մեր աշխատավարձերի վրա: Մենք ոչ մի անգամ 13-րդ աշխատավարձ էլ չենք ստացել»,- նեղսրտեց հիվանդանոցի աշխատողներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցները մտածում են, որ աշխատավարձը հավանաբար տրվում է երկու ցուցակով, դրա համար էլ ստորագրում են մի թվի դիմաց, ստանում մեկ այլ գումար: Նրանց փոխանցմամբ, արդեն երեք տարի է՝ ինչ ծննդատունը մասնավորեցվել է, բայց վիճակը դեպի լավը չի փոխվում:

«Առավոտը» հանդիպեց նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ: Նա պարզաբանեց, որ երեք տարի է՝ ինչ ծննդատունը միացվել է Մանկական հանրապետական հիվանդանոցին ու դարձել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պրն Դալլաքյանը ներկայացրեց, թե երեք տարիների ընթացքում ինչ ծավալի վերանորոգման աշխատանքներ են կատարվել ու նորագույն սարքավորումներ ձեռք բերվել: Ընդ որում, այդ ամենը արվել է այն պայմաններում, երբ ծննդատունը, Դալլաքյանի ձեւակերպմամբ, աշխատում էր «բացասական սալդոյով». «Սա պետական կառույց է, ոչ թե մասնավորեցված հիմնարկ: Պետությունն այստեղ 3 մլն դրամի ներդրում է արել: Ծննդատանն աշխատում է 210 հոգի, որից 94-ը բուժքույր է: Ծննդատունն աշխատում է մինուսով»,-ներկայացրեց նա: Տնօրենի հավաստմամբ, միայն այս տարվա հունվարին այդ «մինուսը» կազմել է շուրջ $7000: «Ես ծննդատան աշխատողներին դոտացիա եմ անում մանկականի վաստակած փողերից եւ դեռ դժգոհո՞ւմ են: Մանկականը ծննդատանը պապայություն է անում, մանկականի վաստակածի հաշվին փակում ենք նաեւ ծննդատան էլեկտրաէներգիայի եւ մյուս պարտքերը… Երեւի իմ մեղքն այն է, որ չեմ կրճատել այդ շատերին: Կրկնում եմ՝ նրանց աշխատավարձերի գումարը կենտրոնի վաստակած գումարների հաշվին է տրվում: Եթե այդ բուժքույրական անձնակազմին պահեի ըստ իրենց ստեղծած բարիքների, ուրեմն առնվազն կեսին պետք է վաղուց ազատած լինեի: Էլ չխոսեմ այն մասին, որ նրանք, բացի աշխատավարձից, երեւի եռակի, քառակի էլ կողքից են վաստակում: Եթե նրանք իսկապես սոված ու նսեմացած լինեին, պահանջներն էլ չբավարարված, վաղուց փախած կլինեին ծննդատնից»,- իր հերթին դժգոհեց տնօրենը: Ն. Դալլաքյանը նաեւ փաստեց, որ մինչ ծննդատունը մանկական հիվանդանոցին միացնելը, բուժքույրերի աշխատավարձը ընդամենը 3000-4000 դրամ է եղել, այն էլ՝ ամիսներով չեն ստացել. «Խնդիրն այն է, որ բուժքույրերը գերադասում են, օրինակ, երկու հոգու գործը երեքով անել, բայց աշխատանքից չազատվել: Ես պահպանել եմ կոլեկտիվը, իրենք էլ համակերպվել են, որովհետեւ, բացի պետականորեն տրվող 20 հազարից, նրանք չգիտեմ ինչքան էլ գրպաններն են դրել: Այսինքն, այդ աշխատողները ոչ սրբեր են, ոչ էլ մուրացկաններ: Նրանց աշխատած ժամերը րոպե առ րոպե վճարվում են, իսկ այն, որ ասել են, թե ութ հերթապահության համար են վճարվում, դա էլ օրենքով է արվում: Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ութ հերթապահությունից ավելի իրենք իրավունք չունեն աշխատել: Հավաքարարներն էլ գերադասում են անվճար աշխատել: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ակնկալում են, որ, միեւնույն է՝ գրպանները փող են դնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել