Գիտնականները պատասխանում են գիտնականին
«Առավոտ» օրաթերթի մարտի 29-ի համարում տպագրվել է անցյալ դարի 90-ականների սկզբներին Հայաստանում գիտությանը անդառնալի վնաս հասցրած «վայ-բարեփոխիչներից» մեկի՝ Հարություն Կարապետյանի հերթական «գլուխգործոցը»: Այս անգամ նրա հայացքը կանգ է առել «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» պետական նպատակային ծրագիրը իրականացնող գիտնականների խմբի վրա:
Հոդվածագրի թիրախը հանդիսացած նպատակային ծրագիրը 2004թ. հանրապետության կառավարության կողմից հաստատված 4 նպատակային ծրագրերից մեկն է, որն ավարտվում է ընթացիկ տարվա վերջին: Այն բաղկացած է երեք ենթածրագրից, որոնց պատասխանատուներն են ակադեմիկոսներ Ա. Մանթաշյանը, Ա. Ավետիսյանը եւ Հ. Թերզյանը, համակարգողը՝ ՀՀ ԳԱԱ-ն, ի դեմս՝ Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթ. անդամ Ա. Շահինյանի: Ծրագրի կատարմանը մասնակցում է 59 մասնագետ, այդ թվում՝ 3 ակադեմիկոս, 2 թղթ. անդամ, 14 դոկտոր եւ 29 գիտության թեկնածու, որոնք ներկայացնում են 8 կազմակերպություն՝ 4 ակադեմիական ինստիտուտ, 2 բուհ եւ 2 գիտաարտադրական ձեռնարկություն:
Ծրագրի նպատակն է իրականացնել հիմնարար եւ կիրառական բնույթի հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա եւ Հայաստանի բնական հումքի օգնությամբ կստեղծվեն նոր հատկություններով օժտված նյութեր եւ դրանց ստացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ: Ծրագրի շրջանակներում աշխատանքները կատարվում են թափանցիկ, ստացված արդյունքները հրապարակայնորեն քննարկվել են տարեկան հաշվետու գիտաժողովներում: Վերջին այդպիսի գիտաժողովը կայացավ անցյալ տարվա նոյեմբերին, հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Հ. Կարապետյանը ոչ միայն չմասնակցեց գիտաժողովի աշխատանքներին, այլեւ փորձեց խանգարել այն, շատերին համոզելով նույնպես չմասնակցել:
Ծրագրի շրջանակներում լուծվող բոլոր խնդիրները անմիջականորեն կապված են Հայաստանի բնական հումքի հետ, որն իր արտահայտությունն է գտել տարեկան հաշվետվություններում, տպագրված 155 գիտական հոդվածներում եւ 3 արտոնագրերում: Հոդվածագրի համար գոյություն չունեն հեղինակություններ, նա կարող է անպատժելիորեն մեղադրել մարդկանց տարբեր մեղքերում՝ չվախենալով հատուցումից:
Ո՞րն է այս ամենի պատճառը: Հայտնի է, որ «բարեփոխում» հասկացությունը խթանող դեր կարող է ունենալ մեր որոշ համաքաղաքացիների վրա: Դրանք, որպես կանոն, անսպառ եռանդով օժտված եւ ցանկացած միջոցներով «բարեփոխումների» կերակրատաշտակի մոտ բարենպաստ դիրք գրավելու ձգտող անձինք են: Այդպես էր 90-ականների առաջին կեսին իրականացվող գիտության «բարեփոխումների» ժամանակ, նույնն է նաեւ այսօր:
Երկարատեւ լռությունից հետո, համարելով, որ «հինը, հավանաբար, արդեն մոռացված է», ստվերից սկսեցին դուրս գալ անցյալ դարի վերջի քաջարի «բարեփոխիչները» եւ նրանց կողմից «կերակրվող» կամակատարները:
90-ականների սկզբին, համատարած փլուզման պայմաններում, որոշվեց ժամանակավորապես անցնել, այսպես կոչված, «թեմատիկ ֆինանսավորման», որպեսզի մի կերպ հաջողվի փրկել առանձին՝ հատկապես երիտասարդական գիտական խմբերի գործունակությունը: Պարզ էր, որ ֆինանսավորման նոր ձեւի հետ կապված՝ ցանկացած խարդախություն կարող էր հանգեցնել անուղղելի կորուստների. ինստիտուտների եւ լաբորատորիաների կառուցվածքային հիմքերի փլուզմանը, գիտական խորհուրդների դերի համահարթեցմանը եւ, վերջապես, առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործմանը:
Թվում է, որ այդ ծայրաստիճան խոցելի եւ զգայուն ոլորտը պետք է վստահվեր ազնիվ եւ բանիմաց մարդկանց, սակայն սկսվեցին գիտության հետ կապված «խրախճանքի» տարիներ, իսկ խոշոր գիտնականները համարվեցին անվստահելի:
Հորինվեցին տարբեր «բանաձեւեր» եւ «գործակիցներ», որոնց օգնությամբ «հեշտությամբ» կարելի էր ապացուցել, որ անգամ հանրաճանաչ գիտնական, միջազգային համարում ունեցող լեզվաբան ակադեմիկոս Ջահուկյանը ունի չափազանց ցածր վարկանիշ եւ, հետեւաբար, կարելի է կասկածի տակ դնել գիտական թեմա ղեկավարելու նրա ունակությունը: Եվ այսպես՝ մինչեւ 1997 թվականը:
Դժբախտությունն այն է, որ Հ. Կարապետյանի եւ նրա նմանների մեղքով, այսօր նույնպես, բազմաթիվ գիտնականներ կանգնած են երկընտրանքի առջեւ. կամ ուշադրություն չդարձնել նման մարդկանց կողմից գրվող եւ անհիմն մեղադրանքներին, կամ գիտությունը թողած՝ թուղթ ու գրիչ վերցնել՝ սեփական աշխատանքի պտուղները եւ արժանապատվությունը պաշտպանելու համար: