Համազգային սուգը այսպիսի բողոքով նշվեց 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ծննդավայրում:
Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարան էր ներկայացել քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի 80-ամյա մայրը: Նա եկել էր նորընտիր «թագավորին» փոխանցելու, որ անգամ հեքիաթներում առանց ժողովրդի թագավոր չի լինում: Դատական նիստի մասնակիցները դատապարտում էին «եկեղեցական ու քաղաքական իշխանությունների» կազմակերպած խնջույքներն ու զորահանդեսները: «Ժամանա՞կ եք գտել, թե՞ դիտավորյալ եք անում, իբր թե ոչնչից չեք ազդվում, երեւի մոռանո՞ւմ եք, որ մի գեղեցիկ օր էլ մահը ձեզ է այցելելու, տարրական հարգանք ունեցեք»,- վրդովվում էին հավաքվածները:
Նրանց մեջ էր նաեւ քաղբանտարկյալ, ձորակապցի Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սեւակը, որի կարծիքով, սգո օրը խնջույք կազմակերպած մարդիկ հաստատ չեն կարողանա ժողովուրդ ղեկավարել: «Նրանց ճանապարհը մեկն է՝ պետք է հեռանան: Ես թեեւ գործազուրկ եմ, բայց երբեք չեմ մտածում իմ երկրից արտագաղթելու մասին, իրենք են եկել մեր երկիրը, ե՞ս արտագաղթեմ, իրենք պետք է գնան, ես արտագաղթելու տեղ չունեմ»,- ասաց Սեւակը:
Մարալիկցիները եկել էին նաեւ քաղբանտարկյալներին ազատություն պահանջելու, ըստ նրանց, քանի դեռ վերջին քաղբանտարկյալը դուրս չի եկել բանտից, պայքարն ավելի սուր է դառնալու: «Մենք հիասթափված ու զզված ենք դատարաններից, դատավարություններ՝ բառի իսկական իմաստով չեն ընթանում, դրանք վերեւից թելադրված քաղաքական ակցիաներ են, մեր դատավորները իսկը դպրոցի աշակերտ լինեն, ուսուցիչը թելադրություն է կարդում, իրենք էլ տառ-տառ գրում են»,- ասում էր երկրապահ Դավիթ Հակոբյանը: Վերջինս, բնականաբար, խոսում էր իր մարտական ընկերոջ՝ Հարություն Ուռուտյանի դատավարությունից, ուր թեեւ վկաները միմյանց հակասող ցուցմունքեր էին տալիս, անգամ պնդում, որ ցուցմունքից «խաբար» չեն, քննիչն է գրել, իրենք էլ «մեծահոգաբար» ստորագրել են, այդուհանդերձ սա հեռու չպահեց դատավոր Հարություն Մովսիսյանին քաղաքական պատվեր կատարելուց ու Ուռուտյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելուց:
Մեղադրյալը, ինչպես հայտնի է՝ երեկվանից եռօրյա հացադուլի է նստել (չնայած վատ առողջական վիճակին)՝ տարածելով հետեւյալ հայտարարությունը. «Ես՝ Հարություն Ուռուտյանս, անհիմն կալանքի տակ եմ 2008 թ. փետրվարի 19-ից եւ փետրվարի 22-ից գտնվում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, հայտարարում եմ՝ բոլոր մեղադրանքները ինձ առաջադրվել են զուտ այն պատճառով, որ ես այլ քաղաքական հայացքներ ունեմ եւ եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի համակարգողը Անիի տարածաշրջանում եւ համարվել եմ խոչընդոտ մեր երկրի անօրեն իշխանավորների համար: Փաստորեն, ես քաղբանտարկյալ եմ եւ իրականում դատվում եմ իմ քաղաքական հայացքների համար: Իմ Սահմանադրական իրավունքները պաշտպանելու նպատակով եւ այլ ելք չունենալով՝ հայտարարում եմ եռօրյա նախազգուշական հացադուլ՝ միանալով բոլոր քաղբանտարկյալների բողոքի ակցիային եւ պահանջելով. չեղյալ համարել 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները, անկախ միջազգային հետաքննություն սկսել մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի ու ժողովրդավարական մյուս ազատությունները: Հացադուլը սկսելու եմ ապրիլի 9-ին՝ 00:00-ից մինչեւ ապրիլի 12-ը, ժամը 00:00-ն»:
Ի պաշտպանություն Ուռուտյանի՝ Շիրակում ստորագրահավաք է ընթանում: