Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 11,2008 00:00

Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, Կամո Թորոսյանը, Գեղամ Աբրահամյանը, Գագիկ Մաթեւոսյանը եւ էլի մի քանի ազատամարտիկներ: Վերջիններս Վանատուր թաղամասի եկեղեցու հարեւանությամբ տեղադրել էին իրենց վրանը, որտեղ էլ պետք է գիշերեին: Սակայն ինչպես մեզ պատմեց Արշավիր Բոզինյանը, նույն օրը՝ ժ. 23.30-ի սահմաններում, Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանը՝ ոստիկանության 40-ից ավելի աշխատակիցների հետ իսկական գրոհի էին ենթարկել ազատամարտիկների վրան-կացարանը, ամբողջովին ավերել այն, ապա բռնություն գործադրելու միջոցով հացադուլավոր ազատամարտիկներին տարել անհայտ ուղղությամբ: Վանատուրի բնակիչները ահազանգել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Վարդան Խաչատրյանին: Վերջիններս երեկ Վահան Շիրխանյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ մեկնել էին Կոտայքի մարզ՝ փորձելով ճշտել, թե որտեղ են գտնվում հացադուլավոր ազատամարտիկները: Վանատուր թաղամասի մոտ 1000 բնակիչներ երեկ բողոքի երթով շարժվեցին դեպի ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ, ըստ նրանց, պահվում էին գիշերը ոստիկանության կողմից առեւանգված հացադուլավորները: Նրանք պահանջում էին կա՛մ ազատ արձակել ազատամարտիկներին, կամ էլ ձերբակալել իրենց բոլորին: Ոստիկանապետը փորձում էր համոզել բորբոքված վանատուրցիներին, թե իրենց մոտ ոչ մի հացադուլավոր էլ չկա: Իսկ այդ ընթացքում մահակավոր եւ սաղավարտավոր ոստիկանների թիվն ավելանում էր: Ականատես եղանք, թե ինչպես ոստիկանության շենքի հետնամասից 5 հացադուլավորների բռնի ուժով նստեցրին 3 «Նիվա»-ներ եւ տարան անհայտ ուղղությամբ, ինչին հետեւեցին այդ ամենին ականատես մարդկանց զայրույթի խոսքերը՝ «Ամո՛թ ձեզ, դավաճաններ»։ Իսկ Հրազդանի ոստիկանապետը գլխիկոր լսում էր նրանց:

Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլավորներից 2-ը Նաիրիի շրջանից են, 2-ը՝ Աշտարակ քաղաքից: Եվ նրանց ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխել էին իրենց բնակության վայրի ոստիկանության բաժանմունքներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել