Այսպես է բնութագրում ժողովրդին Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով Ֆիրդուսուն
«Երբ քաղաքական գործընթացներում բանը հասնում է մահակին, որպես օրենք՝ քաղաքական մուսաները լռում են»,- այսպես պատասխանեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հարցին՝ թե արդյո՞ք վերջին շրջանի իր պասիվությունը պայմանավորված է հիասթափությամբ: Հիշեցնենք, որ ողջ ընտրական փուլում մեր զրուցակիցը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի իրադարձությունները մեր զրուցակիցն իր պատմական էքսկուրս-զուգահեռականներում համեմատում է ռուսական առաջին հեղափոխության նախերգանքը հանդիսացող 1905թ. հունվարի 9-ի արյունոտ կիրակիի, ռուսական երկրորդ՝ 1912 թվականի հեղափոխության նախերգանք՝ Լենայի բանվորների գնդակահարության եւ ռուսական սոցիալիստական հեղափոխության նախերգանք՝ 1917թ. հուլիսյան խաղաղ ցույցերի մասնակիցների գնդակոծության հետ: Ինչ վերաբերում է ուժային կառույցների գործունեությանը՝ «որով նախապատրաստվում էր վիկինգների գահի ռեստավրացիան», Դավիթ Հակոբյանն ասում է. «Բոլոր ձերբակալությունները եւ մնացյալը պլանավորված ակցիաներ էին՝ օծման արարողությունը վերջնակետին հասցնելու համար: Այնպես որ, քաղաքական իրադարձությունների հրաբուխը հանգցնել հնարավոր չէ, որովհետեւ այդ հրաբուխը ժողովրդական ապստամբություն է, ոչ թե ՀՀՇ-ի կամ Լեւոն-Տեր-Պետրոսյանի ինչ-որ ռեւանշ: Առաջին նախագահը միայն հանդես եկավ քաղաքական կատալիզատորի դերում: Ինչպես մարքսիզմն է սովորեցնում՝ հեղափոխությունները, իշխանափոխությունները անհատները պատվիրել չեն կարող. այդ պատվերը միշտ դասակարգային է լինում»: Իսկ թե ինչո՞ւ իշխանավորները չեն կարող այս ամենի դիմացն առնել՝ «Որովհետեւ երկրի արտադրողական ուժերը պահանջում են սկզբունքորեն նոր իշխանություն, նոր գաղափարական, քաղաքական սերնդափոխություն: Մի բան, որն օրվա իշխանությունը տալ չի կարող»,- նկատեց Դ. Հակոբյանը:
Իշխանության ճամբարից հնչող երկխոսության առաջարկները համարում է «քաղաքական ֆարս, կատարյալ խաբեություն»: Ասում է, որ դասական առումով քաղաքագիտության մեջ գոյություն ունի բանակցություն՝ առարկայական գործոնի շուրջ, ու իբրեւ օրինակ նշում՝ «Ես զիջում եմ գահը, դուք՝ պառլամենտը»: Ու դիմում է իշխանությանը՝ «Ընդհանրապես ընդդիմությանը սպանել չի կարելի. այն ունի չորս կարեւորագույն ֆունկցիա՝ իշխանության, պետական ապարատի վերահսկողություն եւ խարազանում, քաղաքական դաշտի ներդաշնակեցում. ընդդիմությունը ազգի գաղափարական եւ կադրային ռեզերվն է»: Պատմական որակավորում տալով «իշխանություն» եւ «ընդդիմություն» հասկացություններին՝ մեր զրուցակիցն առաջիններին անվանում է «ժողովրդի արժանապատվություն», իսկ վերջիններին՝ «ազգի հպարտություն»: Մեր պարագայում եւ այսօրվա հարթությունում ստացվում է, որ «իշխանությունը ոտնակոխ տվեց ազգի արժանապատվությունը՝ բռնանալով իր այն ժողովրդի վրա, որը ձեռք չբարձրացրեց իշխանական կառույցների ու նախագահական արքունիի վրա: Հուլիսերեքյան խաղաղ ցույցերից հետո էր, որ Լենինը կարողացավ կարմիր ձին նստել: Մարտի 1-ից հետո կգտնվի կարմիր ձին նստողը. դա չի սահմանափակվում Տեր-Պետրոսյանով»: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Ես երբեք ընդդիմությանը չեմ դավաճանել. եղել եմ եւ կմնամ ընդդիմության մեջ, որովհետեւ ընդդիմությունը գաղափարական է, իսկ ես՝ գաղափարական ընդդիմության ֆլագմանը, հետեւապես՝ չեմ կարող իշխանության հետ լինել»:
Մարքսիստը նաեւ Ֆիրդուսու հայտնի ու անմահ խոսքերով է պատասխանում բոլորին, ովքեր հարցնում են՝ «մարտի 1-ին ժողովո՞ւրդ էր, թե՞ խառնամբոխ»: «Ի՞նչ է ժողովուրդը, Թուլատ»,- հարցնում է Ռուստամ-զալը ու ստանում պատասխան. «Խառնամբոխ եւ լկտի տականք, եթե ենթարկվում է բռնապետին՝ հլու-հնազանդ»: Ռուստամ-զալը նորից է հարցնում. «Էլ ի՞նչ է ժողովուրդը, Թուլատ»: Ու իբրեւ պատասխան ստանում է. «Եվ փարոս խավարի միջին, եթե արժանապատվության համար մարտնչել գիտե»: