Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց
Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա մարտերում, այնքան, զարմանալիորեն, քաղաքական ուժերը հանգիստ ընդունեցին պարոն Սարգսյանի նշանակման փաստը: Երեկ մենք փորձեցինք ավելի հստակեցնել հատկապես ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումը երկրի նոր վարչապետի կապակցությամբ: Պարզվեց, որ բոլորն էլ միանշանակ նույն կարծիքին են Տիգրան Սարգսյանի մասին. «Պրոֆեսիոնալ է, խոսք չկա»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեր հարցին կարճ պատասխան տվեց. «Ես նրա աշխատանքային հատկանիշների մասին շատ բարձր կարծիքի եմ»:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով հարցին՝ Տիգրան Սարգսյանը հենց ա՞յն վարչապետն է, որը հարկավոր էր երկրին հատկապես այս պահին, ասաց. «Գիտեք, ըստ սահմանադրության, վարչապետի խնդիրը պետք է լուծի այն քաղաքական ուժը, որ առավել մեծ թվով պատգամավորներ ունի, եւ որոշիչ էր լինելու շուրջ 60 պատգամավոր ունեցող ՀՀԿ-ի կարծիքը: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյան անձին, ինքս, տարիներ շարունակ, երբ աշխատել է ԿԲ նախագահ, կարծիք եմ հայտնել, որ բանիմաց, պրոֆեսիոնալ, զուսպ եւ ամենակարեւորը՝ իր աշխատանքի մեջ խորացող, իր վրա աշխատող անձնավորություն է: Եվ այս առումով նա ընդունելի էր բոլորի կողմից: Ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ երբ Տիգրան Սարգսյանը երկրորդ անգամ նշանակվում էր ԿԲ նախագահ, իր մասին այն ժամանակ եւս դրական ենք արտահայտվել»: Վարչապետի անկուսակցական լինելը պարոն Մարգարյանին չի անհանգստացնում. «Մենք միշտ էլ կողմ ենք, որ ավելի շատ տեղ տրվի պրոֆեսիոնալ կադրերին, նրանց, ովքեր կկարողանան իրենց աշխատանքը կատարել գիտակ եւ անթերի: Այսօրվա դրությամբ, կարծում եմ, այս հատկանիշները կարեւոր են նաեւ ապագա նախարարների համար»: Պարոն Մարգարյանն ասաց, որ դեռ պորտֆելների հարցը չի քննարկվել եւ այդ պատճառով չի կարող պատասխանել մեր հարցին՝ ո՞ր նախարարություններն են տրվելու ՕԵԿ-ին, սակայն խնդրեց շեշտել, որ ինքը մտադիր չէ անցնել գործադիր աշխատանքի (տեղեկություններ կային, որ Հովհաննես Մարգարյանին նշանակելու են Շիրակի մարզպետ), եւ իրեն հոգեհարազատ է օրենսդիր գործունեությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նոր վարչապետի մասին հետեւյալ կարծիքը հայտնեց. «Վարչապետը նորանշանակ է, իսկ ես միշտ դեմ եմ եղել բացասական բաներ ասել իր գործունեությունը դեռ չսկսած անձնավորության մասին: Նախ եւ առաջ ես Տիգրան Սարգսյանին կբնութագրեմ որպես պրոֆեսիոնալ, այսինքն՝ մենք այդ խնդիրը այս պահին լուծել ենք, քանի որ միշտ էլ ասել ենք, որ պետք է ունենանք ֆինանսական, տնտեսական եւ լայն հայացքների, ժամանակակից զարգացումների մեջ հմուտ անձնավորություն: Տիգրան Սարգսյանի մասին ես կարող եմ ասել, որ ինքը հմուտ է, այլ խնդիր է, որ ես էլ դժգոհություններ ունեմ նրա որոշ քայլերից՝ որպես ԿԲ նախագահ, դրամավարկային քաղաքականությունից, եւ նրա բացատրությունները շատ հաճախ ինձ եւս չէին բավարարում, բայց, կրկնում եմ, տվյալ դեպքում մենք ունենք նոր նշանակված մի վարչապետ, որը ճանաչված է եւ միջազգային համապատասխան շրջանակներում որպես պրոֆեսիոնալ եւ թրծված անձնավորություն է՝ առնվազն ֆինանսական գործունեության մեջ»: Իսկ հարցին՝ ինչպե՞ս կաշխատի անկուսակցական վարչապետը կուսակցական նախարարների հետ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Կարծում եմ, Հայաստանում մենք իզուր ենք այդ հարցը դնում, քանի որ մեր կուսակցությունները գաղափարախոսական չեն, այլ՝ պայմանավորվածությունների շուրջ ստեղծված խմբեր են, եւ այդ պատճառով չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանի կուսակցական չլինելը կխանգարի բանակցությունների մեջ մտնել բավականին հստակ շահերի շուրջ պայմանավորվող եւ պայմանավորվածություններ ձեռք բերող խմբերի հետ»:
Տիկին Ալավերդյանը այստեղ դժվարություն չի տեսնում եւ կարծում է՝ դա նոր վարչապետին կհաջողվի, սակայն մի բանում, ըստ մեր զրուցակցի, Տիգրան Սարգսյանին դժվարություն սպասվում է. «Դժվարությունը տեսնում եմ նրանում, թե արդյոք նա կարո՞ղ է իր շուրջ հավաքել առաջինը՝ ազնիվ, երկրորդը՝ ազնիվ, երրորդը՝ մասնագիտական ունակություններով օժտված եւ չորրորդը՝ իմաստնություն ունեցող, ոչ միայն իմացություն, այլեւ՝ իմաստնություն ունեցող կոնկրետ դեմքերի, որոնք կդառնան այն թիմը, որը կգա եւ ոչ թե կշարունակի (ինչպես մեզ սպառնում են) այն քաղաքականությունը, որը եղել է մինչ այժմ, այլ հակառակը՝ կգա եւ նորովի կզարգացնի, բոլորովին նոր որակներ կտա մեր զարգացմանը»: Տիկին Ալավերդյանը ասաց նաեւ, որ «Ժառանգությանը» որեւէ պորտֆել չի առաջարկվել, սակայն կարծիք հայտնեց, որ իշխանությունը ճիշտ կանի, եթե վերահսկող կառույցներում տեղեր տա «Ժառանգությանը», «օրինակ՝ եթե ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին՝ այդտեղ»: