Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Ապրիլ 11,2008 00:00

\"\"Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում:

Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ եւ եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի եւ ինքնաբերաբար կրում է քաղաքական բնույթ: Համաժողովրդական շարժման ընթացքում որպես Հայաստանի ապագայով մտահոգված հայ, գիտնական, դատախազ՝ չէի կարող անմասն մնալ: Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, հրապարակայնորեն արտահայտել եմ իմ կարծիքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կարծիքս, շատերի նման, ծածուկ արտահայտելու փոխարեն՝ ընտրել եմ դա անելու հրապարակային ճանապարհը, համոզված լինելով իմ ասելիքի ճշմարտացիության մեջ: Իմ ողջ կենսագրության ընթացքում երբեւէ չեմ նահանջել այս կամ այն հարցի վերաբերյալ իմ ունեցած եւ արտահայտած կարծիքներից: Այժմ էլ ոչ մի ճնշում կամ արգելք չի կարող ստիպել ինձ փոխելու տեսակետներս, առավել եւս հիմա, երբ կշեռքի նժարին դրված է Հայրենիքիս ապագան ու ճակատագիրը: Կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին, ինչպես նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված բոլոր անձանց՝ լինել տոկուն, չընկրկել որեւէ ուժի, որեւէ ճնշման առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին: Որպես իրավաբան, ես ընտրել եմ պայքարի իրավական ուղին: Թեեւ իմ ու ձեր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները քաղաքական բնույթ են կրում, կարծում եմ, մենք պետք է պայքարը շարունակենք իրավական հնարավոր բոլոր միջոցներով»:

Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններ Հովհաննես Գալյանն ու Լուսինե Սահակյանը, Վարդան Ջհանգիրյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը տարածել են ծավալուն մի հաղորդագրություն, որում ներկայացված են այն խախտումները, որոնք թույլ են տրվել Ազատության հրապարակում փետրվարի 22-ի հանրահավաքում Գագիկ Ջհանգիրյանի ելույթին հետեւած հետապնդումների ընթացքում: Փաստաբանները նշել են, թե գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից Գագիկ Ջհանգիրյանին զրկելու ՀՀ նախագահի հրամանագրերն «օրենքով սահմանված կարգով առ այսօր Գ. Ջհանգիրյանին չեն հանձնվել, ինչը նշանակում է, որ հրամանագրերն ուժի մեջ չեն մտել, եւ փաստորեն առ այսօր անազատության մեջ է գտնվում ոչ թե քաղաքացի Գ. Ջհանգիրյանը, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ եւ արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական Գ. Ջհանգիրյանը»:

Փետրվարի 23-ի երեկոյան Գագիկ Ջհանգիրյանի ու նրա եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վրա հարձակվողներին նկարագրելով, փաստաբանները նշում են, թե դրանք դիմակավորված եւ ինքնաձիգներով զինված մի խումբ անձինք էին, որոնք եղել են առանց ոստիկանական կամ այլ տարբերանշանների ավտոմեքենաներով. «Մեքենան շրջապատողներն ինքնաձիգի խզակոթով կոտրել են մեքենայի վարորդի կողմի դռան ապակին, խզակոթով հարվածել Վարդան Ջհանգիրյանի դեմքին, նրան քաշել-գցել են գետնին եւ ոտքերով հարվածել նրան, հաշվի չառնելով Գագիկ Ջհանգիրյանի զգուշացումներն այն մասին, որ եղբայրն ունի ողնաշարի ծանր հիվանդություն (տառապում է ողնաշարի ողերի տուբերկուլյոզային սպոնդիլիտ հիվանդությամբ), որի պատճառով դժվարությամբ է շարժվում»: Ըստ հաղորդագրության՝ «Այդ «օպերացիայի» ողջ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի, Վարդան Ջհանգիրյանի եւ նրանց ուղեկիցների կողմից անհնազանդության կամ դիմադրության փորձ չի եղել ու նման իրավիճակում չէր էլ կարող լինել: Ոստիկանական «օպերացիայի» արդյունքում Վարդան Ջհանգիրյանը ստացել է մարմնական տարբեր, այդ թվում նաեւ հրազենային վնասվածքներ, որոնց պարագայում նա պետք է ճանաչվեր որպես տուժող»: Սակայն դրա փոխարեն նրան ձերբակալել են «Իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ» ՔՕ հոդվածով:

Գագիկ Ջհանգիրյանին ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ չեն արձակել. «Դրա փոխարեն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց կես ժամ հետո՝ 27.02.2008թ.-ին, ժամը 01:40-ին, Գագիկ Ջհանգիրյանին ծանոթանալու համար ներկայացվել է «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը, որի վրա Գագիկ Ջհանգիրյանը գրել է՝ «3 օր է պաշտպանիս կամ ինձ հասանելիք փաստաթղթերը չեն տրամադրվել, որպեսզի կարողանանք իրականացնել իմ պաշտպանությունը»:

Փետրվարի 27-ի գիշերը, ժամը 03:35-ին, Գագիկ Ջհանգիրյանին տեղափոխել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, որտեղ «դատավոր Ա. Դանիելյանն առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման եռօրյա ժամկետը արդեն իսկ լրացել է 2 ժամ 25 րոպե առաջ, շարունակելով Գագիկ Ջհանգիրյանին ապօրինի պահել անազատության մեջ՝ շուրջ 2 ժամ միջնորդությունը քննարկելուց եւ խորհրդակցական սենյակում որոշում կայացնելուց հետո, առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, անտեսելով իրականացվող ապօրինությունների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա պաշտպանի փաստարկներն ու հիմնավորումները, օրենքի կոպիտ խախտումներով բավարարել է այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել