Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ:
Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց վերցնել լուսանկարչական սարքը:
Սեւ դրոշով այստեղ կանգնած Նոր Հաճնից Փառանձեմ մայրիկին, որն ասաց՝ «Քառասունքի եմ եկել», Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց. «Գերեզմա՛ն գնացեք»:
Սակայն հենց Մյասնիկյանի արձանի մոտ էր եկել մարտի 1-ին զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որը որդու լուսանկարը վեր պարզած՝ անցավ ոստիկանների շարքը եւ մոտենալով հարթակին՝ կռացավ որդու նկարի վրա ու սկսեց արտասվել:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մասնակցել էր Սերժ Սարգսյանի երդման արարողության առաջին հատվածին եւ հետո եկել Մյասնիկյանի արձանի մոտ: Իսկ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չէր գնացել նախագահի պաշտոնամուտի արարողությանը: «Մենք այստեղ ենք՝ ժողովրդի, նրա զոհերի հետ»,- ասաց նա:
Միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր մասնակցել նախագահի երդման արարողությանը: Խմբակցության մնացած պատգամավորները Մյասնիկյանի արձանի մոտ էին:
Զոհվածների հիշատակին մոմ վառեց նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ բազմաթիվ այլ գործիչներ:
Մտավորականների ֆորումի եւ նրա ավագանու անունից այստեղ անգամ ծաղկեպսակ բերվեց: Եվ զոհերի հիշատակի առջեւ գլուխ խոնարհեց դերասան Երվանդ Մանարյանը: