Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի՞ էլ դեղձ չենք ունենա

Ապրիլ 10,2008 00:00

Կառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում:

Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական վնասներ կրեցին: Օրինակ, մոտ 10 օր առաջ գրանցված ցրտահարությունների պատճառով ամբողջովին վնասվել են Արմավիրի մարզի Այգեվան գյուղի պտղատու այգիները: Գյուղացիները ոչ մի հույս չունեն, որ կառավարությունն իրենց վնասի համար կփոխհատուցի, քանի որ, չնայած իրենց ահազանգերին՝ մինչ օրս նախարարության որեւէ մասնագետ գյուղ չի եկել ու վնասի չափերը պարզելու համար հաշվարկ չի կատարել:

Այգեվանի գյուղապետ Սպարտակ Էքիզյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց, որ գյուղում 100 տոկոսով ցրտահարվել են դեղձի այգիները, ինչպես նաեւ մինչեւ 10 տարեկան ծիրանենիները. «Մենք այդ մասին տեղյակ ենք պահել մարզի գյուղվարչության պետին, սակայն արդեն 10 օր է անցել՝ ոչ մի արձագանք չի եղել: Գյուղում մարդ կա, որ իր մեկ հեկտար դեղձի այգու ծառերը քոքից հանել է, որովհետեւ հույսը կորցրել է, որ իր կրած վնասով հետաքրքրվողներ կլինեն»: Հակառակ գյուղապետի պնդումներին, Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք մարզի ողջ ինֆորմացիային տիրապետում են. «Էդ գյուղապետը ոչ մի բան չի հասկանում, մենք բոլոր հաշվարկներն արդեն արել ենք, ինքը խաբար չի»: Նրա հաշվարկներով՝ ողջ մարզը, հատկապես Խանջյան, Այգեվան, Լենուղի, Արաքս, Գետաշեն, Նալբանդյան, Ամասի գյուղերը իսկապես ցրտահարությունից լուրջ վնասներ են կրել. 50 տոկոսով ցրտահարվել են կեռասենիները, 2 հազար հեկտար դեղձի այգիներն ու 3,5 հազար հեկտար խաղողի եւ պտղի այգիները: Այդ մասին իրենք արդեն տեղեկացրել են գյուղնախարարությանը: Մարզպետարանի տվյալներով՝ ծիրանենիները չեն ցրտահարվել, ինչպես տեղեկացրել էր Այգեվանի գյուղապետը:

Բնակլիմայական անբարենպաստ պայմաններից լուրջ վնասներ են կրել նաեւ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ուջան, Ոսկեվազ, Օշական, Արագածոտն, Արտենի, Արագածավան համայնքների դեղձի եւ ծիրանի այգիները: Մարզպետարանի գյուղվարչության պետ Յուրա Ազատյանի պարզաբանմամբ՝ արդեն կազմվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով. «Մենք դեռ հույս ունենք, որ մինչեւ ամսվա վերջ ծառերը կբացվեն, այդ ժամանակ պարզ կլինի, թե իրականում բնական աղետը մարզին ինչ վնասներ է պատճառել»:

Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը թեեւ հաստատեց, որ իրենց գյուղում մոտ 15 տոկոսով ցրտահարվել են պտղատու այգիները, սակայն ասաց, որ ինքը չի պատրաստվում օգնության խնդրանքով դիմել պետական կառույցներին. «Չեմ ուզում փող փախցնողի դեր տանել, թող տան այն գյուղացիներին, ովքեր իրոք լուրջ վնասներ են կրել»: Նշենք, որ այդ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում լացելով էին պատմում իրենց կրած վնասների մասին, մինչդեռ իրենց գյուղապետը, փաստորեն, հարկ չի համարում, հանուն գյուղացիների, «վերեւներին» խնդրել:

Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի տեղեկացմամբ՝ իրենց համայնքում ցրտահարվել է 200 հեկտար ծիրանի այգի, հնարավոր է նաեւ վնասված լինեն խնձորենիները. «Երեկ մարզպետին նամակ եմ ուղարկել, որ մասնագետները գան եւ ուսումնասիրություն անեն, մի 10 օր առաջ էլ բանավոր եմ տեղյակ պահել այդ մասին՝ դեռ արձագանք չի եղել»:

Ցրտահարությունից ինչ-որ չափով տուժել է նաեւ Վայոց ձորի մարզը: Մարզպետարանի գյուղվարչության պետ Բաբկեն Մկրտչյանի պարզաբանմամբ՝ տուժել են Ռինդ, Մալիշկա, Գետափ, Արփի համայնքները. «Դեռ ուսումնասիրում ենք, թող ծաղիկը թափի, նոր կերեւա՝ պտուղը վնասվե՞լ է, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել