Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»

Ապրիլ 10,2008 00:00

Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում:

Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ականատես լինել նման տեսարանների: Կանգնեց մի ավտոմեքենա, դուրս եկավ այն վարողը՝ երիտասարդ մի տղա, սպիտակ մեխակներ դրեց արձանի վերանորոգվող պատվանդանին ու անմիջապես հեռացավ՝ նստելով մեքենան: Քիչ անց երեւաց մի աղջիկ, որ թվում էր՝ զբոսնում էր: Բայց մոտենալով Մյասնիկյանի արձանին՝ հանեց «Անյուտայի աչիկներ» ծաղիկների փունջը, դրեց պատվանդանին ու շարունակեց հանդարտ զբոսնել:

Արդեն առավոտից այստեղ հերթապահող բազմաթիվ ոստիկանները հանգիստ հետեւում էին այս ամենին, քանի դեռ առանձին սեւազգեստ կանայք էին գալիս՝ ծաղիկներ դնում ու խաչակնքվում այս վայրում, որից քիչ հեռու 40 օր առաջ եղան բազմաթիվ զոհեր: (ՀԺԿ անդամ Սամվել Թադեւոսյանը հիշեց, որ մարտի 1-ին այստեղ հանրահավաքի էին եկել 3 հոգեւորականներ, ու մարդիկ «Տերունական աղոթքն» էին ասում՝ զինված ուժերի գրոհին զուգընթաց):

Սակայն ոստիկանները սկսեցին նյարդայնանալ, երբ հավաքվածների թիվը մեծացավ: «Ժողովուրդ ջան, որ կուտակում չլինի՝ ծաղիկները դրեք ու շարժվեք մի կողմ»,- խնդրեց Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Եթե թաղման կամ քառասունքի արարողություն է լինում, ասո՞ւմ են՝ մի կուտակվեք»,- չհամաձայնեց կանանցից մեկը: «Քառասունքի արարողությունը, շատ կներեք, գերեզմանատներում են նշում,- ասաց Վալերի Օսիպյանը:- Հարգեցի՞ք, մոմ վառեցի՞ք, ծաղիկ դրեցի՞ք՝ դե շարժվեք, պետք չի այստեղ կուտակվել»: Հավաքվածները երթեւեկությանը որեւէ կերպ չէին խոչընդոտում: Ուստի հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են իրենց արգելում կանգնել մայթին: «Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ կկանգնեմ»,- հարցրեց մի կին: «Ես 5 րոպե առաջ եմ եկել՝ քանի՞ րոպե կարող եմ կանգնել»,- հետաքրքրվեց մի տղամարդ: Հետագա շուրջ կես ժամվա ընթացքում բազմաթիվ նման բանավեճեր եղան, որոնք աստիճանաբար թեժացան: «Միտինգի եք վերածում այս ամեն ինչը արդեն,- ասաց Արաբկիրի փոխոստիկանապետը:- Արդեն հակապետական բաներ եք խոսում: Քննարկման եք դնում արդեն իշխանավորներին, եկեղեցին… չի՛ կարելի»:

Հավաքվածների հիշեցմանն ի պատասխան, թե իրենք ուղղակի ցանկանում են հարգել զոհերի հիշատակը ՝ ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ, գնդապետ Գագիկ Մազմանյանը հեգնեց. «Մոմ եք վառում, կարո՞ղ է՝ մի հատ էլ աղոթեք: Բայց ոչ մեկը չի արգելում՝ վառեք, ձեր տուրքը մատուցեք՝ գնացեք: Բայց պետք չի հավաքվել, կուտակվել: Սա է մեր պահանջը, խնդրանքը»: «Ինաուգուրացիա է, այնտեղ էլ են հավաքվել, գնացեք այնտեղ էլ ասեք, որ չկուտակվեն,- դժգոհեցին կանայք:- Գլուխները կերաք, հիմա չեք թողնում, որ գոնե այստեղ կանգնենք: Եվ ի՞նչ օրենքով եք արգելում»: «Ձեր գործողություններն անօրինական են,- ազդարարեց Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:- Արդեն միտինգ եք անում, որ արգելված է»: «Այդ միտինգը դո՛ւք եք հրահրում,- մեղադրեցին կանայք:- Ի՞նչ ենք անում, որ անօրինական է. կանգնած ենք»: Իսկ նրանցից մեկը՝ Աննա Պողոսյանն առաջարկեց. «Հենց հիմա ձերբակալեք մեզ: Ես մշտապես մասնակցել եմ հանրահավաքներին, ու շատ հնարավոր է, որ այս զոհերից մեկը ես լինեի: Այս բոլոր ոստիկաններին արդեն ճանաչում ենք: Հյուսիսային պողոտայում քայլել չէր կարելի, իսկ հիմա էլ ուղղակի կանգնե՞լ չի կարելի»:

Տարեց մի կին, որը պատկերված է լուսանկարում՝ գոռում էր իրեն հեռանալ խնդրող ոստիկանի վրա. «Ես չեմ վախենում: Հանի դուբինկեն՝ խփի գլխիս: Չունե՞ս ջեբդ դրած՝ հանի՛»: Այդ կնոջը մեկ ուրիշը փորձեց հանգստացնել՝ նշելով, թե իրավապահներն էլ իրենց գործն են անում, նրանք էլ են մեղք, արդեն 2 ամիս է՝ իրենց կյանքն էլ կերան իշխանավորները: Ոստիկանը մատներով ցույց տվեց 4 թիվը՝ ճշտելով ամիսների քանակը:

Ժամը 14-ի սահմաններում միայն մահակներով զինված ոստիկաններին փոխարինեցին սաղավարտավոր, վահաններով ու չգիտես ինչու՝ հակագազերով սպառազեն զինվորները: Այս պահից արդեն հավաքվածներն իրոք ցույց էին անում՝ վանկարկելով տարբեր կոչեր: Այս պայմաններում ամենահուզիչը հնչում էր «Ազատ, անկախ, Հայաստան» վանկարկումը:

Ավելի ուշ Դավիթ Շահնազարյանին մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ պահանջեց, որ դադարեցնեն ակցիան, քանի որ այն խանգարում է հասարակական կարգին: Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ ինքը կազմակերպիչ չէ, ակցիան ինքնաբուխ է, եւ բացի այդ՝ անօրինական են ոստիկանության ու իշխանության գործողությունները:

Ցույցը տեւեց շուրջ 1,5 ժամ, եւ բարեբախտաբար՝ ավարտվեց առանց բռնությունների:

Հ. Գ. Ներկաներից Սուրեն Բաղրամյանը մեզ պատմեց. «Աղջիկս 4 տարեկան դեռ չկա: Միասին գնացել էինք Պողոս-Պետրոսի ուխտը: Երեխան նայեց՝ ասաց, վա՜յ, ինչքան շատ ժողովուրդ կա: 2-3 ոստիկան կային ընդամենը: Հարցրեց՝ պապ, բա ինչի՞ ոստիկանները ժողովրդին չեն բռնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել