Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Ապրիլ 09,2008 00:00

55 նկար՝ ծննդյան առթիվ

Ապրիլի 5-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: «Սա Երեւանում իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է: Անցած տարի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եմ ցուցահանդեսներ ունեցել»,- «Առավոտին» փոխանցեց տիկին Բաղրամյանը:

Ներկայացված էր 55 նկար: «55-ը պատահական թիվ չէ, այս տարի ես դարձել եմ 55 տարեկան: Այնպես որ, ծննդյանս օրվա առիթով ինձ նվեր եմ արել»,- ասաց նկարչուհին, հավելելով, որ ուզում է նաեւ գարնանային տրամադրություն ստեղծել: Ցուցահանդեսին, ի թիվս այլ այցելուների, ներկա էր նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որը նշեց. «Ես հիացած եմ այս աշխատանքներով: Տանս բոլոր նկարների հեղինակները կանայք են: Հենց նոր էլ մտածեցի, որ եթե եւս մեկ նկար ուզենայի ավելացնել, ապա անպայման այս նկարներից ձեռք կբերեի: Մեր կերպարվեստին կանայք մի ուրիշ թարմություն են տալիս»:

Ցուցահանդես-վաճառքը կտեւի 2 շաբաթ:

Գարնանային ցերեկույթ

Օրերս Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում «Ես քեզ սիրում եմ, գարուն» խորագրով ցերեկույթ էր կազմակերպվել: «Միջոցառումը համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությունն է: Լավ է, որ ուսանողները մշտապես հետաքրքիր, բազմաբովանդակ միջոցառումներ են կազմակերպում,- ասաց բուհի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը,- եւ շարունակեց:- Հաճելի է նաեւ, որ բացակայում էին ցածրորակ համարները, իսկ ռեժիսորական մտահղացումը իսկապես գեղեցիկ էր»: Բուհի ուսխորհրդի նախագահ Էդգար Հովհաննիսյանն էլ նշեց. «Նման միջոցառումները շատ եմ կարեւորում, քանի որ տարբեր ֆակուլտետների ուսանողները նման ակցիաների շնորհիվ նաեւ համախմբվում են»: Միջոցառման ավարտին որոշ ուսանողների հանձնվեցին պատվոգրեր:

Մ. ԱՀԱՐՈՆՅԱՆ

Գիտաժողով՝ լեզվաբանականում

Ապրիլի 10-11-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Ջիվելեգովյան ընթերցումներ» գիտաժողովը: Այն նվիրված է հայ կարկառուն գիտնական՝ պատմաբան, գրականագետ, թարգմանիչ, արվեստագետ, արվեստագիտության դոկտոր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսեյ Կարպի Ջիվելեգովին (1875-1952): Նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են պատմությանը ու Եվրոպայի երկրների մշակույթին: Բացի այդ, Ջիվելեգովն ակտիվորեն զբաղվել է նաեւ Հայաստանի քաղաքական պատմությամբ:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է արծարծել մի շարք թեմաներ, այդ թվում՝ «Ջիվելեգովը եւ XX դարի քաղաքական միտքը», «Ջիվելեգովը եւ Հայաստանը», «Ջիվելեգովը՝ որպես մշակույթի ու գրականության պատմաբան», «Վերածնունդը եւ այժմեությունը»:

Ֆիլմ՝ Ջորջ Բուշի մասին

Հանրահայտ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջորջ Բուշի մասին, տեղեկանում ենք newsru.com-ից: Ըստ վերջինիս հավաստի աղբյուրի, առաջին կադրերը կնկարահանվեն ապրիլի 21-ին: Նկարը, որ կոչվում է «W», մի էպիկական կտավ է՝ Բուշ ընտանիքի մասին. այնտեղ պատմվելու է Պարսից ծոցի 1990-1991թթ. պատերազմի մասին եւս: Կրտսեր Բուշի դերակատարը Ջոշ Բրոլին է, որը հանրությանը հայտնի է «Ծերուկներն այստեղ տեղ չունեն» ֆիլմում խաղացած գլխավոր դերով: Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին «W»-ում կմարմնավորի 34-ամյա դերասան Յոհան Գրուֆուդը, իսկ Քոնդոլիզա Ռայսին՝ ծնունդով Զիմբաբվեից՝ Թանդի Նյուտոնը: Ռեժիսորը ԶԼՄ-ներին հայտարարել է, որ պատրաստվում է ստանալ Բուշի իրական դիմանկարը. հատուկ շեշտվելու են նախագահի եւ նրա հոր փոխհարաբերությունները, «վայրի» երիտասարդությունն ու Աստծո հանդեպ ունեցած նրա վերաբերմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել