Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժը Կարապետիչին չի հրավիրել

Ապրիլ 09,2008 00:00

Բայց եթե հրավիրի երդմնակալության արարողությանը, անպայման կգնա ու հարցազրույցներ կտա անարդարության թեմաներով:

«ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը մեր քաղաքականությանն ի նպաստ չի գործի: Օրինակ, ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, ձեռնարկել է կոալիցիա, որ ունենա ոչ թե խորհրդարանի աշխատանքի կամ ընդհանուր շահերի ներդաշնակություն, այլ՝ քաղաքական կայունություն: ՀՅԴ-ի կարկառուն դեմքերից Ալվարդ Պետրոսյանն ասել է, որ իրենք դա արել են ոչ թե Սերժի կամ ՀՀԿ-ի, այլ՝ խաղաղության համար: Բայց ո՞նց թե՝ խաղաղության համար… Խի ի՞նչն է վտանգում խաղաղությանը… Ի վերջո, բոլորն էլ ցանկանում են իրենց շահերը տեսնել ոչ թե երկրի համընդհանուր արդարության դաշտում, այլ իշխող կուսակցության կողքին, որ պաշտոնների մեջ իրենք էլ փայաբաժին ունենան»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա ձեւակերպմամբ, գերտերություններն էլ են նման մեր կուսակցություններին. «Ամեն ինչ խոսալու վրա է: Օրինակ, ՌԴ նախագահ Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահ Բուշի հետ, արդյունքում՝ Մեթյու Բրայզան գալիս է մասնակցելու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Փաստորեն, այդպիսով ընտրությունները վերջնականապես լեգիտիմացվում են: Համաշխարհային ուժերի միջեւ կա փոխհամաձայնություն՝ ճանաչել մեր ընտրությունները եւ շնորհավորել նորընտիր նախագահին: Իմ կարծիքով, այս խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետեւ այն չի համապատասխանում նույնիսկ կոալիցիոն ձեւով բարեփոխումներ անելու գաղափարին»: Կարապետիչը նաեւ հայտնեց, որ ինքը Ս. Սարգսյանի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել, բայց եթե հրավիրեն, անպայման կգնա. «Բայց ոչ թե որպես մի անձնավորություն, ով, ի վերջո, ընդունեց կատարվածը, այլ որպես քաղաքական առաջնորդ ու կուսակցության ղեկավար: Շատ հետաքրքիր կլինի, եթե այնտեղ ինձնից հարցազրույց վերցնեն, որովհետեւ ես կրկին կասեմ, որ ընտրություններն անցել են անարդար: Կասեմ ու չեմ վախենա, որովհետեւ ես արդարության կողմնակից եմ»: Նրա խոսքերով, որպեսզի նորընտիր նախագահը սկսի սպիտակ էջից, խորհրդարանում ուժերի դասավորություններն էլ պիտի համապատասխանեն այդ ոգուն. «Եթե խորհրդարանը ցրվի, ապա այն կլինի նոր ոգով ընտրված, նորընտիր նախագահն ու նոր խորհրդարանն էլ իրենց ձեւաչափի մեջ կաշխատեն ներդաշնակ»: ԺԿ նախագահը խոսեց ապագա վարչապետացուների մասին եւս. «Այժմ փնտրվում է այնպիսի մեկը, որը շաղկապված չէ բիզնես-գործընթացներին: Վարչապետի պաշտոնում պետք է լինի նա, ով չի ամաչի ու կկարողանա «ոչ» ասել… Ես որպես այդպիսին տեսնում եմ Տիգրան Սարգսյանին, որը մակերեսային խաղերի մեջ չկա: Նա ոչ այս կողմից է, ոչ այն… Չեմ ասում, թե շատ դրական դեմք է, բայց, դե, օլիգարխ դաշտում չեզոք է: Իսկ եթե նա աշխատի, ապա պետք է հզորներին կողքից հանել, հակառակ դեպքում սաբոտաժ կանեն»: Տ. Կարապետյանը անդրադառնալով ՕԵԿ-ին եւ Ա. Բաղդասարյանին, ասաց, որ նրանց մոտ տեղի է ունեցել երկու շեղում. «Առաջինը՝ Արթուր Բաղդասարյանի անհատականապես շեղվելն է, որ ընդունեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ երկրորդն այն է, որ նրա կուսակցությունը մտավ կոալիցիայի մեջ: Այն, որ այսօր ասում են, թե միացել ենք, որ իրականացնենք մեր մոտեցումները, բլեֆ է»: Անդրադառնալով Ա. Բաղդասարյանի մասին գրած հայտնի բանաստեղծությանը, բանախոսը շեշտեց. «Ես դրանով պատռեցի կեղծիքը: Այդպես ցույց տվեցի նրա իրական պատկերը: Հո սուտ չե՞մ ասել…Ասել եմ՝ եղբայր, նորից գնացիր նույն շենքը, նորից Երիցյանի հետ միացար, նորից դուք այն եք՝ ինչ-որ կաք: Տիկին Բիշարյանի հետ կապված էլ մի իմպրովիզ արեցի, ասացի, եթե նրան տան փոխխոսնակ, կունենանք երկու կին փոխխոսնակներ, ամբիոնից էլ կհնչի երեք սոպրանո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել