Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 09,2008 00:00

\"\"Այս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը

– Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ թե 6-ին, ուրեմն, ինչո՞ւ եկեղեցին շտապեց եւ մարտի 1-ի զոհերի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը կատարեց ապրիլի 6-ին:

– Դուք գիտեք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստի արարողություն՝ մարտի 1-ին մահացած մեր հայորդիների հոգու փրկության համար եւ ամենքիս մխիթարության համար: Եվ, ցավալիորեն, միտումնավոր կերպով սկսվեց շահարկվել կատարված հոգեհանգստի արարողությունը, պատճառաբանելով, թե ինչու եկեղեցին 37-րդ օրը քառասունքի առիթով կատարեց հոգեհանգստյան արարողություն: Նախ, շատ ցավալի է խոսել այդ շահարկումների մասին, որովհետեւ շահարկումները միտումնավոր կատարում են նախ՝ Հայ առաքելական եկեղեցու կանոնին բացառապես անտեղյակները, երկրորդ՝ անտեղյակ են դրանց նշանակությունից, նաեւ շահարկողներից ոմանց ճանաչում եմ, ծանոթ եմ իրենց աշխարհայացքին, աշխարհընկալ-մանը, եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքին: Այդ շահարկողներից մի քանիսը եղել են ինձ մոտ, Ավետարանից հատվածներ են խնդրել մեկնաբանել, ես ասել եմ իրենց, հետո տեսել եմ, որ դրանք օգտագործվել են քաղաքական որոշակի շարժառիթների համար: Ես բարոյական չեմ համարում, երբ անձը Աստվածաշունչը շահարկում է իր նպատակներին հասնելու համար: Վերադառնալով անմիջական հարցին՝ պիտի ասեմ, որ հոգեհանգստյան եւ քառասունքի արարողությունները բոլորովին տարբեր արարողություններ են: Հոգեհանգիստը կարող է կատարվել տանը, եկեղեցում, ուր որ անձինք կցանկանան: Հոգեհանգստյան պաշտոնն ինքնին ստուգաբանորեն ենթադրում է աղոթք հոգու փրկության համար, ինչպես մեզանից յուրաքանչյուրը իր հարազատի հոգու փրկության համար կարող է աղոթք առաքել առ Աստված: Ամեն առավոտ կատարվում է ժամերգության արարողություն, որի ժամանակ մենք աղոթք ենք կարդում բոլոր ժամանակների մահացած քրիստոնյաների հոգու փրկության համար: Իսկ հուղարկավորության, էքնահողի, յոթնեքի, քառասունքի եւ տարելիցի արարողությունները բոլորովին այլ արարողություններ են եւ բացառապես կատարվում են միայն գերեզմանատանը:

– Սակայն Մայր աթոռը ապրիլի 6-ի արարողությունը կոչել էր մարտի 1-ի զոհերի քառասունքի առիթով անցկացվող արարողություն, երբ զոհերի մահվան 40 օրը դեռ չէր լրացել:

– Մայր աթոռը ոչ թե հայտարարել է, թե քառասունքը լրանում է ապրիլի 6-ին, այլ Մայր աթոռը հայտարարություն է կատարել քառասունքի առիթով կատարվող հոգեհանգստյան արարողություն անցկացնելու մասին: Այդ արարողության կարճ աղոթքը կատարել ենք եւ պիտի կատարենք, իսկ քառասունքի բուն օրը արարողությունը ենթադրում է շիրիմի առջեւ հոգեւորականի ներկայությամբ կատարվող բոլորովին տարբեր արարողություն: Հայ առաքելական եկեղեցում կատարվող հոգեհանգստյան արարողությունները միշտ էլ կատարվել են մերձակա կիրակի օրերը, ինչպես դա եղավ Հրանտ Դինքի զոհվելու պարագային: Հավանաբար, 40-րդ օրը Պոլիսում Դինքի շիրմի մոտ հոգեւորական եղել է, շիրիմը կնքել է խաչանման, բայց հոգեհանգստյան արարողությունը կատարելով՝ մենք չենք նշանակել տվյալ քառասունքի օրը:

– Ինչո՞ւ մինչ այդ որեւէ այլ կիրակի եկեղեցին նման բան չարեց:

– Ճիշտ չեք, հենց մարտի 2-ի կիրակին ես եմ եղել պատարագիչ քահանան եւ ես կատարել եմ հոգեհանգստյան արարողություն, եւ նաեւ, դրան զուգընթաց, Մայր աթոռից ներկայացուցիչներ են այցելել մահացած հայորդիների ընտանիքներին, ինքս անձնապես այցելել եմ մեկուսարաններ, մեր ժողովրդի զավակներին՝ Զատկի տոնի առիթով: Այսօր, երբ քառասուն օրը հստակ լրանում է, կարծում եմ, կասկածից վեր է, որ յուրաքանչյուր հոգեւորական, զոհերը մեր ժողովրդի զավակներ դիտարկելով եւ հոգեւոր պարտավորությունների ծիրից ներս դիտարկելով, պատրաստ է քառասունքի արարողություններ նաեւ գերեզմանատներում կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել