Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի որդին դարձավ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն:
Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Հիշեցնենք, որ այդ տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Նարեկ Առուշանյանը, որը դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդին է, ԲՀԿ անդամ Մեխակ Էլբակյանը եւ անկուսակցական, արվեստագիտության թեկնածու, նկարիչ Արթուր Հակոբյանը: Մրցույթի ժամանակ պարզ դարձավ, որ Մ. Էլբակյանը մրցույթի նախորդ օրը՝ ապրիլի 7-ին, ինքնաբացարկ է հայտարարել: Ինչպես սպասվում էր, մրցույթի գրավոր եւ բանավոր փուլերի արդյունքում հաղթեց Նարեկ Առուշանյանը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» ներկայացրեց մրցույթի կազմակերպման որոշ մանրամասներ. «Գրավոր թեստն ընտրում է համակարգիչը: Այդտեղ համամասնորեն ընդգրկված են ՀՀ սահմանադրությունից, կրթական ոլորտի իրավասությունը սահմանող իրավական ակտերից, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենների մրցույթների համար «ՊՈԱԿ մասին» ՀՀ օրենքից, ՀՀ աշխատանքային օրենսգրքից եւ այլ տիպի հարցեր: Մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն դրանց 90 տոկոսին, որպեսզի անցնեն 2-րդ փուլ»: Առաջին՝ գրավոր փուլը տեւեց 30 րոպե, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը թույլ էր տվել մեկական սխալ: Երկրորդ՝ բանավոր փուլի ընթացքում Ա. Հակոբյանը 5 հարցից 3-ին սխալ պատասխանեց, իսկ Ն. Առուշանյանը՝ սխալվեց միայն մեկ հարցի դեպքում: Այս փուլի ավարտից հետո հանձնաժողովի անդամները՝ ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանի գլխավորությամբ, քվեարկեցին յուրաքանչյուր մասնակցի համար: Ն. Առուշանյանի օգտին քվեարկեց 6 հանձնաժողովական, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց «անվավեր»: Ա. Հակոբյանի օգտին միայն մեկը «կողմ» քվեարկեց, մյուս 6 անդամները՝ «դեմ»: Մրցույթի ավարտից հետո զրուցեցինք առաջադրված թեկնածուների հետ: Երբ պրն Առուշանյանին շնորհավորեցինք Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնում ընտրվելու համար, նա ասաց. «Վաղը, երբ թերթը լույս տեսնի, հետո կերեւա, անկե՞ղծ էիք շնորհավորում, թե՝ ոչ»: Հետո էլ պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե սպասո՞ւմ էր, որ մրցույթն այսպիսի ավարտ կունենա. «Ընդհանրապես, միշտ ինձ վրա վստահ եմ, բայց ոչ 100 տոկոսով: Մյուս կողմից էլ, չեմ կարծում, որ բանի արժանի չեմ կամ թերացել եմ»: Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մ. Էլբակյանի՝ ինքնաբացարկ հայտարարելու մասին, հաղթած թեկնածուն պատասխանեց. «Ոչինչ ասել չեմ կարող: Ամեն մարդ իր որոշումն է կայացնում: Համենայնդեպս, նա բոլոր արժանիքներն ուներ տնօրեն դառնալու համար»: Ինքնաբացարկի կապակցությամբ Մ. Էլբակյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Ինձ համար մարդկային հարաբերություններն ավելի կարեւոր են, քան պաշտոնը: Նրանք (նկատի ունի Ն. Առուշանյանին- Տ. Հ.) այնպես են հիմնավորում, որ երկար ճանապարհ են անցել այս կազմակերպության մասով, որ ես դա ընդունեցի ու հանեցի թեկնածությունս»: Հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվել երկու թեկնածուների միջեւ, պարոն Էլբակյանը պատասխանեց. «Չեմ ուզում փակագծեր բացել: Երեւի գիտեք նախկին տնօրենի՝ Սամվել Պետրոսյանի հետ կապված պատմությունները…»:
Անկուսակցական Արթուր Հակոբյանը մրցույթի ավարտից հետո «Առավոտին» ասաց. «Կարծում եմ՝ արվեստի ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման ժամանակ պիտի լինեն հարցեր նաեւ մասնագիտական բնագավառից: Անգամ եթե տնօրենը որոշակի առումով չի իմանում այս կամ այն նորմը, հետագայում իրեն կուղղորդի օգնականը: Ախր տնօրենը պիտի մշակի այդ հաստատության զարգացման ռազմավարական ուղղությունը…»: Մրցույթի արդարացիության մասին էլ ասաց. «Նորմալ է անցկացվել, համենայնդեպս՝ այնքանով, որքանով ես տեսա: Այս կամ այն թեկնածուին օգնություն ցուցաբերելը մինչեւ այստեղ հասնելն է արվում՝ լոբբինգի ձեւով: Չնայած չեմ կարծում, որ քննական այս ձեւով իրականում որոշվում է արժանավորը: Գուցե ծրագիր պիտի ներկայացվեր, թե քոլեջի հետագա զարգացումն ով ինչպես է տեսնում: Ամեն դեպքում ես ոչ մի խնդիր չունեմ, ստեղծագործող մարդ եմ, հոդվածներ ունեմ գրելու, նկարներ նկարելու: Պարզապես մտահոգությունս այն էր, որ ուսումնարան ավարտող երեխաների գիտելիքների մակարդակը չի համապատասխանում արդի պահանջներին, չկան 21-րդ դարին համապատասխան ծրագրեր»: