Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»

Ապրիլ 09,2008 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ

– Պրն Դանիելյան, նախ, ինչպիսի՞ն է հրդեհի հետեւանքով նախարարության աշխատանքների վերականգնման վիճակը, ի՞նչ է արվում շենքի վերանորոգումը շուտափույթ ավարտելու ուղղությամբ:

– Նախարարության աշխատանքների բնականոն ընթացքը փորձել ենք հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել, ինչը հաջողվել է. հրդեհի արդեն 3-րդ օրը ավարտվել է նախարարության հաշվեկշռում գտնվող տարբեր տարածքներում աշխատակիցների հիմնական մասին աշխատատեղով ապահովելու խնդիրը: ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից տրված միջոցներով մեկ ամսից կավարտվի ԴԱՀԿ ծառայության շենքի 5 հարկերի վերանորոգումը, որը հնարավորություն կտա տեղաբաշխելու նախարարության կենտրոնական ապարատի գրեթե ողջ անձնակազմը: Մինչ վնասված շենքի հիմնանորոգումը, որոշ կառույցներ կգործեն վարձակալված տարածքներում: Խոսքը փորձագիտական կենտրոնի, պետական ռեգիստրի եւ «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ» ԾԻԳ-ի մասին է: Ընդ որում, դրանք չեն մտնում աշխատակազմի մեջ:

Վնասված փաստաթղթերի գերակշիռ մասը ներկայումս վերականգնված է, շուտով լրիվ ծավալով կվերսկսվեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանուն ներկայացուցչության հետ կապված գործընթացները:

– Ազգային ժողովում Դուք ներկայացրիք «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հանրապետության նախագահի հրամանագիրը, որը սահմանափակում էր քաղաքացիական մի շարք իրավունքներ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այդ փաստաթղթի առնչությամբ:

– Դիրքորոշում ես արդեն հայտնել եմ հրամանագիրը ներկայացնելիս եւ այն փոխել չեմ պատրաստվում: Այդ փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, անհապաղ ուղարկվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

Բազմիցս անդրադարձել եմ քաղաքացիական իրավունքների սահմանափակման հիմքերին եւ նշել, որ դրանք հստակ ամրագրված են ոչ միայն Սահմանադրությամբ (44-րդ հոդված), այլեւ՝ նշված Կոնվենցիայով (15-րդ հոդվածի 1-ին մաս): Այդ իրավական փաստաթղթերից որեւէ շեղում չի արձանագրվել:

Կարծում եմ, որ այդ սահմանափակումները պարտադրված էին, դրանք մեր կողմից բնավ չէին գնահատվում՝ որպես ցանկալի ուղի, սակայն միանշանակ այն կարծիքին ենք, որ դրանք իրավական առումով խոցելի չեն, իսկ քաղաքական առումով՝ ցավոք, անխուսափելի: Հավելեմ նաեւ, որ այդ սահմանափակումները միտված էին նաեւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Ցավոք, ինչպես ասում են, դանակավորները շատացել են, եւ հիմա արդեն հանդիպում ենք ուշացած «տեսակետների», թե իբր չի կարելի հիմնարար իրավունքների սահմանափակումները հակակշռել առօրյա այնպիսի իրավունքներին, ինչպիսիք են, օրինակ, հանրահավաքի վայրում առեւտուր անելը: Դժվար չէ նկատել, որ խոսքը տվյալ դեպքում այլոց բացառապես սահմանադրական իրավունքների մասին է, ինչը, ի դեպ, իր արտացոլումն է ստացել նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում:

– Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձինք հաճախ են դիմում իրավասու մարմիններին, այդ թվում եւ Ձեզ՝ իրենց քաղաքական հետապնդումների ենթարկելու փաստով: Որքա՞ն դիմում է ստացվել այդ առնչությամբ: Հանդիպե՞լ եք իրենց հետ եւ ի՞նչ հարցեր եք քննարկել: Ի՞նչ է արվել նրանց տեսակցությունների սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

– Կարող եմ միայն ասել, որ եթե անձինք կասկածվում են այնպիսի արարքներ կատարելու մեջ, ինչպիսիք են ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց մասնակցելը, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելը եւ այլն, ապա բացառվում է քաղաքական հետապնդումների գործոնը: Վերջին հաշվով, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական հայացքների կրող է անձը, միեւնույն է, նա ենթակա է պատասխանատվության, եթե սահմանված կարգով հիմնավորվի, որ կատարել է վերը թվարկված արարքներից որեւէ մեկը:

Տեսակցությունների առնչությամբ եւս հարցը վերաբերում է վարույթ իրականացնող մարմնին, քանզի նախաքննության փուլում լիազորված է, քննության շահերից ելնելով, արգելել տեսակցությունները: Ի դեպ, ապրիլի 1-ի դրությամբ միայն 18-ի նկատմամբ է կայացված եղել այդպիսի որոշում, որն էլ ներկայումս ամբողջովին վերանայվել է: Կալանավորվածների հետ հանդիպում եմ պարբերաբար, այդ թվում նաեւ՝ իրենց միջնորդությամբ, շատերը նաեւ անձամբ են ինձ դիմում (այդ կարգի գրագրությունը չի կարող վերահսկվել որեւէ այլ պաշտոնյայի կողմից): Յուրաքանչյուր բողոքի անվերապահորեն սահմանված կարգով լուծում է տրվում:

– Պրն Դանիելյան, շրջանառվում են լուրեր, որ պատրաստվում եք 6 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել եւ միջնորդություններ ներկայացնել արդարադատության խորհուրդ:

– Ուզում եք ասել, որ դատավորները եւ՞ս հետապնդումներից զերծ չեն: Այս տարվա ընթացքում ընդամենը մի քաղաքացիական գործով 4 դատավորի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել: Կոնկրետ այսօր՝ ապրիլի 8-ին, արդարադատության խորհդի որոշմամբ գործը կարճվել է: Իմ միջնորդության հիմքում, մասնավորապես, եղել է այն, որ սեփականատիրոջ կողմից իր անշարժ գույքից չհրաժարվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ձեռքբերման հիմքով փաստացի տիրապետողի համար այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելը համարվում է ակնհայտ եւ կոպիտ խախտում: Տվյալ դեպքում ԱԽ-ն գտել է, որ ինքն իրավասու չէ գնահատելու դատավորների կողմից օրենքի մեկնաբանության հիմնավորվածությունը:

Թե առաջիկայում քանի կարգապահական վարույթ եմ հարուցելու, չեմ կարող ասել, քանի որ օրենսդրությամբ այդ տեղեկատվության համար գաղտնիության ռեժիմ է սահմանված: Իսկ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ քաղաքացիներից, փաստաբաններից դիմումներ, ցավոք, շատ են ստացվում:

– Պրն Դանիելյան, Ագոյի խմբի կողմից ներկայացված 6 առաջարկությունների առնչությամբ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել: Որպես իրավաբան, կիսու՞մ եք, արդյոք, նրանց դիտարկումները:

– Ագոյի խմբի առաջարկությունների մի մասն ընդհանրապես իրավական հարթության վրա չէ, դրանք կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: Օրինակ, առաջարկություններից մեկն ընդդիմադիր ուժերի հետ երկխոսություն սկսելն է, ինչի առնչությամբ նորընտիր նախագահը պատվիրակությանը տվել է սպառիչ ու, կարծում եմ, համոզիչ պատասխան: Սուբյեկտիվ գնահատման հարց է, սակայն կարծում եմ, որ իշխանությունները բազմիցս են նպաստել երկխոսության կայացմանը:

Ինչ վերաբերում է, օրինակ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը քննարկելուն, տեղյակ եք, որ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն այդ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ այս ամսվա երկրորդ կեսին քննարկումներ իրականացնելու առնչությամբ: Չեմ ուզում կրկնել այդ եզրակացության դրույթները, բայց եւ չեմ խորշի դրանց վերաբերյալ դատողություններ անելուց: Նախ, այդ փաստաթղթի գերակշիռ մասը ուղեցուցային դրույթներ են, որոնք այսօր նույն ոճով կրկնում են նաեւ «հայրենական փորձագետները», մինչդեռ՝ դրանք անմիջականորեն չեն առնչվում քննարկման առարկա օրենքի հետ եւ սոսկ իրազեկման միտում ունեն: Նկատառումների հաջորդ խումբը ներկայացված է որոշ վերապահումներով: Մասնավորապես, ըստ հեղինակների, իրենց թվում է, որ հանրահավաքների ընթացքում բռնություններ գործադրելու վերաբերյալ ոստիկանության կամ ազգային անվտանգության կողմից հավաստի տվյալներ ներկայացնելը չի կարող վիճարկվել դատական կարգով: Մինչդեռ, վիճարկման իրավունքը ամրագրված է առանձին օրենսդրական ակտով՝ հանձինս Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի: Տվյալ դեպքում, վիճարկման մասին օրենսդրական դրույթի չհանդիպելով, փորձագետները կարծել են, թե այդպիսին ընդհանրապես գոյություն չունի: Վերջապես, եզրակացությունում կան նկատառումներ, որոնք, կարծում եմ, անմիջականորեն առնչվում են նշված օրենսդրական ակտին եւ դրանց համակողմանի քննարկման արդյունքում կլինեն որոշ փոփոխություններ: Ընդ որում, հակված եմ, որ վերանայումները մեծամասամբ կլինեն խմբագրական բնույթի:

Ավարտելով խոսքս, նշեմ միայն, որ երկակի ստանդարտների կիրառման երեւույթը բացառվելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել