Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ ամեն օր էլ հանրաքվե է»

Ապրիլ 09,2008 00:00

Համայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում

Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ են, նա պատասխանեց. «Էդ ի՞նչ պահով ա»:

ՀՀ սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն, համայնքի անդամները կարող են տեղական հանրաքվե կազմակերպել ու համայնքային նշանակության հարցեր լուծել՝ մասնակցելով համայնքի գործերի կառավարմանը: Հայաստանում այս դրույթը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել եւ տեղական հանրաքվե մինչ օրս չի անցկացվել: Շատ համայնքներում տեղյակ էլ չեն այդ հնարավորության մասին: Մրգաստանի գյուղապետին հանրաքվեի մասին տեղեկացնելուց հետո նա համոզմունք հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա. «Մեր գյուղացիներն ամբողջ օրը գյուղապետարանի մոտ են, եթե ինչ-որ քննարկելու հարց լինի՝ դուրս կգանք, նրանց տեղում կհարցնենք, էլ ի՞նչ կարիք կա հանրաքվե անցկացնել: Մեզ մոտ ամեն օր էլ հանրաքվե է, էլի»:

Գեղարքունիքի մարզի Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը նույնպես տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չէր տեսնում: Նրա խոսքերով՝ «Մենք ծանր հարցեր չենք ունեցել, որ հանրաքվեի դնեինք»:

Նշենք, որ տեղական հանրաքվեի մասին նման անտեղյակությունը ոչ բոլոր համայնքներում է: Որոշ մարզերում հանրաքվե անցկացնելու ցանկացած նախաձեռնություն մատնվել է անհաջողության:

Օրինակ, Վանաձորում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան երկու անգամ ուզեցել է հանրաքվե անցկացնել: Առաջինը եղել է 2002-ին, երբ Վանաձորի Արցախ պուրակում քաղաքապետարանը որոշել է կինոթատրոնի շենք կառուցել, եւ ասամբլեան հանրաքվեի միջոցով փորձել է պարզել՝ որքանո՞վ է դա նպատակահարմար: Մարզում չի գտնվել մի կառույց, որը կգրանցեր նախաձեռնող խմբին եւ թույլ կտար հանրաքվե անել: Երկրորդ անգամ Վանաձորում փորձեցին հանրաքվե անցկացնել 2007-ին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի կառույցի ղեկավար Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ այդ ժամանակ ուզեցել են հանրաքվե անցկացնել ու պատժել Վանաձորի քաղաքապետի ոչ արդյունավետ, նույնիսկ «հանցագործ գործունեությունը»: «Կազմեցինք նախաձեռնող խումբ, գրանցման համար դիմեցինք ընտրատարածքային հանձնաժողով, այնտեղից գրությամբ մերժեցին: Հանձնաժողովի վարքագիծը համարելով անգործություն՝ դիմեցինք Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Բնականաբար, դատարանը մեր հայցը մերժեց՝ պատճառաբանելով, թե տեղական հանրաքվեի մասին օրենքը հիմք չի տալիս հանրաքվեի դնել համայնքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ դադարեցնելու հարցը: Դիմեցինք Սահմանադրական դատարան, այստեղ էլ մեզ մերժեցին՝ այն հիմքով, որ դա նման է պատգամավորին ետկանչի մեխանիզմին, ինչը եվրոպական պրակտիկայում խրախուսելի չէ»,- պատմեց Ա. Սաքունցը: Նրա համոզմամբ՝ հասարակության մեջ էլ ցանկություն կա, որ իրենց կողմից ընտրված համայնքապետի վրա ազդեցություն ունենան, դրանով համայնքապետն ավելի զգոն կլինի, որ կա այդ լծակը եւ իր վատ աշխատանքի դեպքում կարող են տեղական հանրաքվեի միջոցով իրեն ետ կանչել: Սակայն, ըստ Արթուր Սաքունցի, այսօրվա քաղաքական դաշտը եւ իշխանությունները ցանկություն չունեն եւ չեն ուզում Հայաստանում ձեւավորվի ժողովրդավարական մշակույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել