Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է

Ապրիլ 09,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունները գտնում են, որ միայն ժողովրդավարական Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում գործոն դառնալ:

«Ազատություն», Ազգային արժեքների պաշտպանություն, «Այլընտրանք» «Երրորդ Հանրապետություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի մարքսիստական, «Հայոց հայրենիք», Հայոց Համազգային Շարժում, «Հայրենիք եւ Պատիվ», «Հանրապետություն», «Մարդու իրավունքներ–96», «Նոր ժամանակներ», Պահպանողական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն, Սոցիալ-էկոլոգիական, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ վերջին զարգացումները վտանգում են Լեռնային Ղարաբաղի ապագան ու խաղաղության հեռանկարները տարածաշրջանում, ապացուցում քոչարյանա-սարգսյանական վարչախմբի վարած արտաքին քաղաքական կուրսի սնանկությունը:

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի վարչախմբի ապաշնորհ քաղաքականության կործանարար արդյունքների գագաթնակետն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտի 14-ի բանաձեւը, որով «վերահաստատվեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվեց «բոլոր հայկական ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրս բերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս բանաձեւը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային դիրքերը վնասող աննախադեպ փաստաթուղթ է, որով փորձ է արվում կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս եւ միակողմանի զիջումներ է պահանջվում հայկական կողմից:

1994 թվականին ռազմական եւ դիվանագիտական հաղթանակների շնորհիվ հաջողվել էր հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթաժողովի կողմից ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Սակայն 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլի «Խարտիան», Հայաստանի իշխանությունները նախ ըստ էության ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նաեւ վարչախմբի հանցավոր նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պայքարը ինքնորոշման համար վերածվեց տարածքային վեճի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ադրբեջանի նկրտումների իրականացման համար ամենամեծ նվերը, սակայն, վարչախումբը մատուցեց, երբ միջազգային հանրության առաջ կեղծեց փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, բռնի ուժով ցրեց եւ գնդակահարեց այդ կեղծիքները բողոքարկող խաղաղ ցուցարարներին: Այդ արարքներով Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին իրենց բռնապետական բնույթը՝ արձանագրելով միջազգային հեղինակության կտրուկ անկում: Անմիջական արդյունքը եղավ այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը դրվեց եւ ընդունվեց Ադրբեջանի կողմից ներկայացված, բայց տարիներ շարունակ զսպվող բանաձեւը: Հայաստանի միջազգային վարկանիշի աննախադեպ անկումը եւ հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունն էր պատճառը, որ անգամ ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությունը Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, Հայաստանին չհաջողվեց ապահովել գործընկեր, բարեկամ պետությունների քվեարկությունն իր օգտին:

Բանաձեւի անցկացումը ՄԱԿ-ում կանաչ լույս է վառել միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանանպաստ փաստաթղթերի ընդունման համար, ինչին ի զորու չի լինելու դիմագրավել հեղինակությունը կորցրած ՀՀ դիվանագիտությունը: Ադրբեջանն ստացավ այնքան հզոր հաղթաթուղթ, որ արդեն իրեն իրավունք է վերապահում խոսել բանակցություններից ու հանդիպումներից հրաժարվելու մասին։ Դրա վկայությունն էր Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձերը հանդիպում կազմակերպել Բուխարեստում ապրիլի 3-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությանը՝ այն մերժվեց Ադրբեջանի կողմից:

Այսպիսով, քոչարյանա-սարգսյանական վարչախմբի կողմից տասը տարվա քաղաքականությունը հանգեցրել է բանակցությունների ամբողջական ձախողմանը, բոլոր միջազգային կառույցներում Հայաստանի միջազգային վարկանիշի անկմանը, ինչը նոր լիցք է հաղորդել ադրբեջանական պահանջատիրության աննախադեպ աճին: Այս քաղաքականության շարունակումը եւ վարչախմբի ջղաձիգ հայտարարությունները հղի են ռազմական գործողությունների, անգամ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգով: Բանակցությունների ձախողման, հայկական դիրքերի թուլացման ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչախումբը, որը վերջին ընտրությունների արդյունքում չի ստացել Հայաստանի ժողովրդի կամքը խաղաղ գործընթացում ներկայացնելու մանդատ:

Լեռնային Ղարաբաղի փրկության գործում մենք ունենք մեկ միջոց ու ճանապարհ. Հայաստանը դարձնել բարձր լեգիտիմ իշխանությամբ օժտված ժողովրդավարական երկիր, որպես այդպիսին միջազգային ասպարեզում ձեռք բերել արժանի տեղ եւ հեղինակություն: Միայն այդ դեպքում մենք կարող ենք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում կարեւոր գործոն եւ հասնել արժանապատիվ խաղաղության հաստատման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել