Լրահոս
Օրվա լրահոսը

Անզորները

Ապրիլ 09,2008 00:00

Ուղղակի ապշել կարելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հյուրընկալող երկրների ղեկավարների անձեռնհասությունից ու տկարությունից: Մի քանի օր առաջ ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ցուցարարներ, թքած ունենալով Մեծ Բրիտանիայի կայունության վրա, առանձնակի լկտիությամբ հարձակվեցին օլիմպիական ջահը Լոնդոնի փողոցներով տանող մարզիկների ու նրանց անվտանգությունն ապահովող ոստիկանական մեծաթիվ ջոկատների վրա՝ ջանալով խոչընդոտել համաշխարհային նշանակություն ունեցող այդ միջոցառման հետագա շարունակումը: Եվ ի՞նչ արեցին «Սքոթլանդ Յարդի» սպասավոր փառապանծ կոնստեբլները: Դրսեւորելով աննկարագրելի թուլություն, նրանք մեծ դժվարությամբ կարողացան միայն Տիբեթում մարդկանց ինչ-որ իրավունքների պաշտպանություն պահանջող ու մի խումբ հանցագործների կողմից ուղղորդվող գազազած ամբոխին մի կերպ, մերկ ձեռքերով, հետ հրել ջահակիրներին հարող հատվածից՝ չհանդգնելով անգամ մահակի մի քանի հակաքաոսային հարված հասցնել այդ կապը կտրած թմրամոլներին:

Ինչ վերաբերում է Փարիզի ժանդարմերիային, ապա սրանց անզորությունն ի վիճակի կլիներ հունից հանել անգամ լուսահոգի Մայր Թերեզային: Մինչդեռ այնտեղ տեղի ունեցավ չտեսնված-չլսված մի բան. Ֆրանսիայի, ողջ Եվրոպայի, եթե կուզեք՝ համայն աշխարհի կայունությունը հիմնավորապես վտանգած հազարավոր խուլիգանների գործողությունների հետեւանքով օլիմպիական ջահի կրակն այստեղ առնվազն երկու անգամ մարեց ու նորից վառվեց: Սա արդեն չափից դուրս էր: Պետականության արժեքն իրապես գնահատող եւ իր ժողովրդի անվտանգությամբ անկեղծորեն շահագրգիռ ցանկացած իրեն հարգող երկիր, այսպիսի դեպքերում, պարզապես կրակ կբացեր ակնհայտորեն զինված այդ դուրսպրծուկների վրա, փրկելով պետության դեմքն ու կանխելով հետագա կործանարար զարգացումները: Ֆրանսիացի կամազուրկ ոստիկանների խելքն ու կարողությունները, սակայն, հազիվ հերիքեցին միայն ջահակիր մարզիկներին դեպքի վայրից խայտառակ ձեւով փախցնելուն: Արդյունքում՝ Բուրբոնների եւ Բոնապարտի երբեմնի փառքով վսեմացած այդ երկիրը աշխարհով մեկ խայտառակ եղավ՝ ի ցույց դնելով իր կառավարիչների անվճռականությունն ու անպատասխանատվությունը:

Իսկ չպատժված հանցագործությունը, ինչպես հայտնի է, նորանոր հանցագործություններ է ծնում: Ուստի՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջադեմ համարվող այդ երկրներում գործող՝ երթերի ու ցույցերի մասին անկատար ու ժողովուրդների կյանքի դեմ ուղղված ոճրագործությունների համար բազմաթիվ սողանցքներ թողնող օրենքներից լկտիացած թմրամոլներն այսօր կվտանգեն նաեւ Սան-Ֆրանցիսկոյի կայունությունը: Ուղղակի անհասկանալի է, թե ի՞նչն է խանգարում եվրոպացիներին հաշվի առնել ու իրենց մոտ կիրառել մարդկության առաջավոր փորձը: Թերեւս, հրաշալի օրինակ կարող էր ծառայել Զիմբաբվեի բազմափորձ առաջնորդ եւ անվիճելի միջազգային հեղինակություն վայելող Ռոբերտ Մուգաբեի վճռականությունը: Այլ հետաքրքիր օրինակներ էլ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել