Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ լինել միայն տանտիկին եւ մայր»

Ապրիլ 09,2008 00:00

\"\"Ասաց քաղբանտարկյալների կանանցից մեկը, որն այժմ հարկադրված զբաղվում է քաղաքականությամբ:

«Ամռանը 4 քաղբանտարկյալ ունեինք, իսկ հիմա՝ 135»,- այսպես սկսեց երեկ ասուլիսը կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը: Ներկա էին 15 կանայք, որոնց ամուսինները եւ հարազատները կա՛մ բանտերում են, կա՛մ էլ՝ ընդհատակում: Եվ բոլորը պնդեցին, թե իրենց հարազատները հետապնդվում են սեփական քաղաքական հայացքների համար, ու պահանջեցին ազատ արձակել նրանց, նաեւ՝ արդարացնել: Ոմանք չէին կարողանում խոսել՝ արտասվում էին:

Հովհաննես Ղազարյանի կինը՝ Ծովինար Սամսոնյանը պատմեց, որ հետապնդումներ են սկսվել նույնիսկ բանտարկյալների ընտանիքների, հարազատների նկատմամբ: Ըստ նրա՝ նաեւ խտրականություն է դրսեւորվում դպրոցներում իրենց զավակների նկատմամբ. «Քաղաքականացրել են, բաժանել են մասերի»: Ներկաներից ոմանք վկայեցին, որ նույն երեւույթը կա նաեւ բուհերում՝ «լեւոնական» երիտասարդներին հետապնդում են:

Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննան, ասաց. «Ես հպարտ եմ, որ Մյասնիկ Մալխասյանի կինն եմ: Եվ նրա տղաները՝ 2 որդիները, հպարտ են քայլում, ու հասարակությունը շատ լավ է ընդունում մեզ»: Սակայն նաեւ ասաց. «Մյասնիկի մայրը 80 տարեկան է: Ամեն առավոտ ես չգիտեմ, թե ինչ պատասխան տամ նրան»:

Իսահակ Մալխասյանի կինը՝ Ռոզա Ավդալյանը, պատմեց. «Իմ որդիներին նույնպես հետապնդում են: Գալիս են, հարցնում, թե որտե՞ղ եք եղել մարտի 1-ին, ի՞նչ էիք անում, մասնակցե՞լ եք-չե՞ք մասնակցել, ո՞ւմ եք ընտրել: Մեծ որդիս 21 տարեկան է, մյուսը՝ 18»:

Դավիթ Առաքելյանի կինը՝ Ինգա Թորոսյանն ասաց, որ ունեն անչափահաս 2 զավակներ. «Ես ամեն առավոտ չեմ կարողանում նրանց բացատրել, թե որտեղ է իրենց հայրը: Մեծ երեխաս 4 տարեկան է եւ ամեն անգամ հարցնում է, թե որտե՞ղ է իր հայրը, ինչո՞ւ չի գալիս: Ուզում է, որ նա իրեն հագցնի ու տանի մանկապարտեզ: Ես չգիտեմ՝ ինչ ասել նրանց»:

Հովհաննես Հարությունյանի քույրը՝ անդրադառնալով այն փաստին, որ եղբորը դատապարտեցին 1,5 տարվա ազատազրկման, ասաց. «Կառավարության կողմից նվեր տված զենքը գնահատեցին իբրեւ ապօրինի զինամթերք: Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէին կալանավորում, երբ նույն Հովիկ Հարությունյանը հազարավոր փամփուշտներ էր հայթայթում ՌԴ-ից, Վրաստանից, տարբեր տեղերից ու իր եղբայրների հետ հասցնում էր Ղարաբաղ՝ հանձնելով ներկա կառավարության անդամներին»: Հայտնեց, որ հետապնդել են նաեւ Հարությունյանի մյուս եղբայրներին:

Արարատ Զուրաբյանի կինը՝ Էդիտա Եղոյանը, պատմեց, որ խուզարկության ժամանակ բռնագրավել են ոչ միայն ամուսնու օրինական զենքը, այլ նաեւ երեխայի համակարգիչը. «Խուզարկության գալիս են առավոտյան 6-ին, երբ բոլորը քնած են, երեխաներին դիվադադար են անում»:

Կանայք վկայեցին, որ Ագոյի խմբի այցելությունից հետո թույլատրել են տեսակցություններն իրենց հարազատների հետ: Սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Լեւիկ Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ իր ամուսնու հետ տեսակցելու հնարավորություն չի ընձեռվել մինչ այսօր: Ըստ Մելիսա Բրաունի՝ «Քանի որ բանտերը լցված են, միշտ հերթ պիտի կանգնես, կարող է 5 ժամ սպասես, ու տեսակցություն էլ չլինի»: Իսկ Մատենադարանի կալանավորված փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը՝ Քնարիկ Խաչատրյանը պատմեց, թե բանտում չեն ընդունել ամուսնու թեկնածուականի նյութերը՝ աշխատելու համար. «Ասում են՝ գիտական նյութե՞րն ինչ է անում այստեղ»:

Գրիգոր Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությունյանը, խոստովանեց. «Ճիշտն ասած, քաղաքականությամբ զբաղվել չեմ ուզում: Ինձ ստիպում են բողոքի ձայն բարձրացնել: Ընդամենն ուզում եմ լինել տան կին, մայր: Եվ պահանջում եմ, որ ամուսինս վերադառնա, զբաղեցնի իր տեղն ընտանիքում: Ես էլ զբաղվեմ իմ գործով»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում նշեց. «Հայաստանի ողջ ժողովուրդն այսօր մեծ գործ է անում: Եվ շատ լավ կլիներ, եթե մեր զոհը լիներ միայն այն, որ 1-2 ամիս կամ չգիտեմ ինչքան՝ ունենայինք քաղբանտարկյալներ, զրկված լինեինք մեր ամուսիններին մի որոշ ժամանակ տեսնելու հնարավորությունից: Բայց մենք պետք է հիշենք, որ արդեն ունենք զոհեր՝ մարդիկ, որոնց կորցրել ենք: Եվ արդեն կան երեխաներ, որոնք մնացել են անհայր: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է ընդամենը մի քիչ դիմանալ՝ արիաբար ու հպարտությամբ: Ընդամենը ժամանակի խնդիր է, ամեն ինչ լուծվելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել