Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

Ապրիլ 09,2008 00:00

\"\"Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի:

Մինչ այժմ խորհրդարանը երկու անգամ է հանդես եկել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններով, բայց դրանք չեն եղել այնքան «մտահոգված», որքան այս մեկը: ԱԺ նախագահը նշել է, որ հայտարարության անհրաժեշտությունը ծագել է մի շարք պատճառներով: Մասնավորապես՝ խիստ վտանգավոր են համարվել Ադրբեջանի կողմից կարգավորման խաղաղ գործընթացի խափանմանն ուղղված քայլերը, ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտման դեպքերը, Ադրբեջանի կողմից նավթային գործոնի, ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու տրամադրվածությունը, նաեւ՝ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման սկզբունքների հատվածական հրապարակումները: Արձանագրվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ շանտաժը, եւ որպես ասվածի ապացույց՝ ներկայացված է այն, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում չի զլանում անվստահություն հայտնել Մինսկի խմբին եւ չի թաքցնում, որ ձգտում է կարգավորման քննարկումները տեղափոխել այլ կազմակերպություններ:

Հայտարարության մեջ կան առաջարկություններ՝ ուղղված ՀՀ նախագահին եւ կառավարությանը: Այդ առաջարկությունները հետեւյալն են.

«- Ակտիվացնել եւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները։

– ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ։

– Միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը»:

Հայտարարության հետ կապված մենք մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին:

– Ի՞նչն է ստիպել հանդես գալ նման «անհանգիստ» հայտարարության նախաձեռնությամբ:

– Չէ, անհանգստանալու խնդիր չկա, ուղղակի ես կարծում եմ, որ մենք միշտ պետք է համարժեք արձագանքենք իրավիճակին: Սա է միայն, եւ ես չէի ուզենա, որ այս հայտարարությունը դիտվեր որպես տագնապի արտահայտություն: Ոչ, ուղղակի դիտվեր որպես համարժեք արձագանք այն իրավիճակի, որը մի տեւական ժամանակ է, ինչ գոյություն ունի:

– Հայտարարությունը ուղղված էր ՀՀ նախագահին եւ կառավարությանը, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, սա նշանակո՞ւմ է, որ այն գործընթացը, որը մինչ այժմ իրականացնում էր Ռոբերտ Քոչարյանը, բավարար ակտիվ եւ նախաձեռնող չէր, եւ հիմա նոր նախագահին խորհրդարանը հորդորում է բավարար ակտիվ եւ նախաձեռնող լինել:

– Եթե դուք ուշադիր կարդաք հայտարարության այդ հատվածը, կտեսնեք, որ դա նախագահին չէր վերաբերում:

– Ես նկատի ունեմ հետեւյալ տողը՝ «ԱԺ-ն հանրապետության նախագահին եւ կառավարությանը առաջարկում է», որից հետո գալիս են առաջարկությունները:

– Ես շատ լավ հիշում եմ, ինքս եմ գրել, այո, ուղղված է հանրապետության նախագահին եւ կառավարությանը, որովհետեւ այդ խնդիրն առաջին հերթին գտնվում է նախագահի եւ կառավարության լիազորությունների շրջանակում: Ինչ վերաբերում է ավելի ակտիվացմանը եւ այլն, նախ՝ չպետք է մոռանալ, որ ամեն մի ժամանակաշրջան պահանջում է համապատասխան արձագանք, այսինքն՝ այնպես չի, որ ամեն ինչ կանգնած է, 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 3 տարի եւ հիմա նույնն է եւ փոխվել են գնահատականները: Եվ հաջորդը՝ նախկինում էլ առիթ եղել է ասել, որ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելու համար խնդրի էությունը, լուծումների հնարավորությունը, մենք պիտի մեծ ծավալի աշխատանք անենք, սա պիտի մեզ համար հիմնախնդիր լինի: Սա՝ մի կողմից, մյուս կողմից՝ մենք չպիտի մտածենք, որ եթե մենք արդար ենք, եթե ԼՂՀ ինքնորոշման իրավունքն անթերի եւ անխոցելի է, ուրեմն բոլորը դա միանգամից պետք է հասկանան եւ պարտավոր են մեզ նման ուշադիր լինել: Ոչ, մենք պիտի ամեն օր աշխատենք, որ մարդիկ ճիշտ պատկերացում ունենան:

– Մինչ այժմ ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցություններից միայն մեկ-երկու մարդ էր տեղյակ, նոր նախագահի դեպքում ի՞նչ է փոխվելու, մանավանդ` օրենսդիր մարմինը երբեք բավարար ինֆորմացիա չի էլ ունեցել, ուրեմն, ձեր մատնանշած ակտիվությունը կամ նախաձեռնությունները ինչո՞վ են պայմանավորված լինելու:

– Նախ, այս տասը տարիներին յուրաքանչյուրը տեղյակ է եղել այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել, եւ այնքան, ինչքան գործն է պահանջում, այնպես որ, գնահատականի հետ համաձայն չեմ: Կարծում եմ, նույնը լինելու է նաեւ հետագայում: Իշխանության տարբեր մարմիններ, տարբեր պաշտոնյաներ այնքան են տեղյակ լինելու Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացից, որքան դա համապատասխանում է այս կամ այն մարմնին կամ պաշտոնյային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել