Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ…»

Ապրիլ 09,2008 00:00

\"\"ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով

«Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- «Առավոտի» հետ զրույցում հումորով նկատեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ապրիլի 5-ին Նարեկենց տուն են այցելել Ազգային անվտանգության աշխատակիցները եւ ծանուցագիր հանձնել՝ ամսի 7-ին ԱԱԾ ներկայանալու մասին: Հայաստանում հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրեական գործով Ն. Գալստյանին ներգրավել են իբրեւ վկա: ԱԱԾ-ում հետաքրքրվել են Ն. Գալստյանի քաղաքական գործունեությամբ՝ ե՞րբ եւ ի՞նչ է արել, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է եղել, ի՞նչ ակտիվություն է դրսեւորել, մասնակցե՞լ է Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, ի՞նչ պարբերականությամբ, այնտեղ ո՞ւմ հետ եւ ի՞նչ է խոսել, հետո ո՞ւր է գնացել… Ամենազավեշտական հարցը, ըստ մեր զրուցակցի, եղել է այն, որ իրենից հետաքրքրվել են, թե ինքն ի՞նչ քաղաքական քննարկումներ է անցկացրել եւ արդյոք դրանց ժամանակ բռնության կոչեր արե՞լ է: Ն. Գալստյանը պատասխանել է, որ ամիսներ առաջ իր դեմ իրականացված ահաբեկչական ակտից հետո ինքն ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ իրեն ըստ էության չեն հարցաքննում: Պատասխանել են, որ առայժմ այդքանով են սահմանափակվում, բայց եթե հարկ լինի՝ նորից կկանչեն: Ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցն արձանագրում է, որ ԱԱԾ-ում բավականին նորմալ են վերաբերվել իրեն:

Նույն օրն ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը: Շաբաթ առավոտյան, 10 անց 20 րոպեին, նրանց տուն է այցելել ԱԱԾ-ի օպերլիազորը: Կարենը տանը չի եղել. այդ օրը նա Վրաստանում է եղել: Տնեցիներին հարցուփորձ անելուց հետո օպերլիազորը զանգահարել է ոմն Սպարտակիչի, զեկուցել «բացահայտումները»: Վերջինս հրահանգել է Կարենենց տանը սպասել իր զանգին: Մոտ 40 րոպեից Սպարտակիչը զանգել է օպերին, ասել, որ Կարենը Վրաստանում է եւ հանձնարարել՝ ծանուցագիրը հանձնել ծնողներին: Օպերլիազորը տեղում ծանուցագրի վրա նշել է Կարենի՝ ԱԱԾ ներկայանալու օրն ու ժամը՝ ապրիլի 7-ին, ժամը 14. 00-ին: Կ. Կարապետյանը նույնպես վերոնշյալ գործով ներգրավված է իբրեւ վկա՝ Քրօր-ի 225 հոդվածի 3-րդ եւ 235 հոդվածի 2-րդ մասով: Ամսի 7-ի առավոտյան ժ. 10-ին, սակայն, նույն օպերը թակել է Կարենենց տան դուռը եւ չսպասելով ծանուցագրում իր իսկ նշած ժամին՝ նրան բերման ենթարկել ԱԱԾ, որտեղ նա մնացել է մինչեւ ժ. 16.00-ն: Կ. Կարապետյանից նույնպես մանրամասնորեն հետաքրքրվել են, թե ի՞նչ ակտիվությամբ է մասնակցել երթերին, հանրահավաքներին, իր հետ մարդկանց տարե՞լ է, թե՞ ոչ, քանի՞ հոգու է տարել, որտե՞ղ է եղել եւ ինչո՞վ է զբաղվել մարտի 1-ին, ո՞ւմ հետ եւ ի՞նչ է խոսել, կողքիններն ի՞նչ են խոսել, ինքն ինչ-որ մեկից գումար ստացե՞լ է, թե՞ ոչ եւ այլն: ԱԱԾ աշխատակիցները Կ. Կարապետյանից նաեւ հետաքրքրվել են՝ թե ովքե՞ր են սնունդ ապահովել նստացույցի մասնակիցներին, ո՞վ է «Հիմա» կարգախոսի հեղինակը, ինչո՞ւ են մարդիկ վստահ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, ցուցարարները փորձե՞լ են, արդյոք, ճնշում գործադրել ՍԴ-ի որոշման վրա:

«Առավոտ 8-ին դուրս էի գալիս տնից, շեմի մոտ մեր թաղայինն էր՝ ոստիկանական հագուստով էլի մեկի հետ: Նրանք ինձ հրավիրեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանական բաժին. ասեցին, որ իրենց պետն ուզում է հետս խոսել: Գնացի: Պետը հարցնում ա՝ ինչի՞ կարիք ունեք, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել: Ասեցի՝ մի հատ չորս սենյականոց տուն տվեք, էլ ուրիշ բանի կարիք չունեմ: Նա էլ թե՝ շատ ես ուզում: Ասեցի՝ բա դուք ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ եք ուզում. էդքան շատ եք ուզում, որ լավ ապրեմ՝ ես էլ իմ կյանքն եմ բարելավում, ինչի՞ եք կանչել, կարող ա՞ հայացքներս հանեք միջիցս: Բա՝ չէ, դե էդպես մի ասեք, մենք ձեզ լավ ենք վերաբերվում…»,- երեկ ամսի 7-ին իր գլխին եկածը մեզ պատմեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, ցույցերի, երթերի ակտիվ մասնակից, վերջերս նաեւ Հյուսիսային պողոտայի զբոսանքների ակտիվ մասնակից Դուխիկ Մելիքյանը: Նա ասաց նաեւ, որ իր իմանալով, այս օրերին ինքը միակ քաղաքացին չէ, ում կանչում են ոստիկանություն եւ հետը դաստիարակչական թեմաներով զրույցներ ունենում: Տիկին Դուխիկը մի քանի ժամ է անցկացրել ոստիկանությունում եւ պատմում է, որ իր հետ բավականին լավ են վերաբերվել, նույնիսկ սուրճ են առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Տիկինը պատմում է, որ ոստիկանության պետն իր հետ զրույցում ասել է, որ իրենք՝ ոստիկաններն էլ են տանջվում, սակայն չի մանրամասնել պատճառները: Մեր զրուցակիցն այս առիթով սեփական եզրակացություններն ունի՝ «իրենց խիղճն իրենց ուտում է, դրա համար են տանջվում»: Ոստիկանապետը տիկնոջը խնդրել է, որ չմասնակցի ամսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, բայց տիկինը չի ընկրկել: Խնդրել են նաեւ ամսի 9-ին չգնալ Ազատության հրապարակ. «Ես ասեցի, որ Օպերա չեմ գնալու, գնամ էնտեղ՝ ի՞նչ անեմ. ես կգնամ էնտեղ, որտեղ իմ ժողովուրդը կլինի»: Դաստիարակչական այս զրույցից հետո ոստիկանատանը տիկնոջը հաջողություն են մաղթել եւ հրաժեշտ տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել