«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան եւ 2-ի գիշերը՝ վեր է ամեն տեսակ մղձավանջից: Իշխանությունների հրահանգով ծեծում ու ջարդում էին ժողովրդի մի հատվածի, որոնց մեկ օր առաջ վարչապետն անվանում էր մեր քույրերն ու եղբայրները, իսկ նրանց «մեղքն» էր՝ իմանալ ընտրությունների իրական արդյունքները: Այս դժոխային դեպքերի, որոնք սկիզբ առան Օպերայի հրապարակից, մեղավորներն են երկրի իշխանությունները, շարժման ղեկավարը եւ նրան սատարող որոշ ուժերը, հրահրողները եւ առանձին սադրիչներ, որոնք խցկվել էին ժողովրդի շարքերը»,- հայտնի դեպքերին այսպիսի գնահատական է տվել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ երեկ տարածած հայտարարության մեջ: «Ժողովրդին դուր գալու համար առաջադրված թեկնածուները ճարպկորեն եւ աճպարարային մեթոդներով օգտագործում էին սոցիալիստական գաղափարախոսության հիմնական դրույթները՝ այս գեղեցիկ լոզունգների տակ թաքցնելով երկրում կուտակված բազում խնդիրները: Այս իրավիճակի պատասխանատուներն են նաեւ այն թեկնածուները, ովքեր նախընտրական հանդիպումներում իրենց ելույթներով ստեղծեցին հակաիշխանական մթնոլորտ. նրանց ուսերին նստած՝ հիստերիկ կոչերով պայքարի էին մղում ժողովրդին, որպեսզի հետագայում դավաճանեին իրենց ընտրողներին»,- ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի «բոստանը քար են շպրտում» կոմունիստները՝ արդեն 20 տարի արմատներ ձգած խնդիրներով բացատրելով մարդկանց պայքարի մղումը, որի առիթը հանդիսացան նախագահական ընտրությունները: «Տեղի է ունեցել Հայաստանի հեղինակությունը նսեմացնող, միջազգային հնչեղություն ստացած ազգային ողբերգություն՝ մեր ձեռքերով ու ոչ թե օտարի: Համակարգի թողտվությամբ եւ թելադրանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել են հարյուրավորները, որբացել են երեխաներ… իսկ իշխանությունները հաշվում են, թե քանի մետր բորդյուր ու սալաքար, ապակի ու ճաղեր են պոկվել: Սա՞ է «ժողովրդավարությունը», սրա՞նք են «սահմանադրական կարգի» պահպանման մեթոդները, մարդու իրավունքների, ազատությունների ապահովումը: Այս համակարգում մարդն արժեք չունի: Իշխանությունների հետագա գործողություններն էլ ապացուցում են, որ նրանք նույնիսկ զղջալու ունակ չեն: Թափվել է ժողովրդի արյունը, եւ այդ արյունն իրավական փոխհատուցում է պահանջում»,- ասված է հայտարարությունում: Սխալ եւ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակում արտակարգ դրության հաստատումը՝ ՀԿԿ-ն հարց է ուղղում իշխանությանը. «Եթե դրանով ու նոր ընդունված օրենքներով կարելի է զսպել ցույցերն ու հանրահավաքները, ապա ինչպե՞ս եք կասեցնելու լեռնացած ատելության հորդումը: Ինչո՞ւ պետք է ժողովրդին կպցնել խայտառակ հնարովի պիտակներ: Ինչո՞վ է մեղավոր ժողովուրդը՝ կայենների աթոռակռվի համար»: Արդյունքում՝ ՀԿԿ-ն վեց կետից կազմված պահանջ է ներկայացնում իշխանությանը՝ ձեր հակաժողովրդական գործողություններով մի արատավորեք Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, նոր «օրենքների» միջոցով ժողովրդից չխլեք Սահմանադրությամբ իրեն տրված խոսքի ազատությունը, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքը, արդար քննություն անցկացնել յուրաքանչյուր կալանավորվածի նկատմամբ, կալանքից ազատ արձակել այն մարդկանց, որոնց մեղքն ընդամենը իշխանությունների դեմ ասված դառը խոսքերն են, կալանքից ազատել երկրի պաշտպանության, Ղարաբաղի համար մարտնչած եւ հաղթանակ ապահոված բոլոր կալանավորներին, վերջ տալ բոլոր բռնություններին եւ հետապնդումներին: