Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց դուրս էին բերել որպես գործիք»

Ապրիլ 08,2008 00:00

Վիրահայ գործիչները քննադատեցին ընդդիմությանը

«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը նշանակալից դեր ունեցավ ոչ միայն ՀՀ խորհրդարանական ընտրություններում, այլեւ ՀՀ նախագահական ընտրություններում: Որպես հասարակական կառույց, մյուս նմանատիպ կազմակերպություններից տարբերվում է իր առանձնահատուկ ծրագրերով եւ կառուցողական դիրքորոշմամբ: Այն կազմակերպչական առումով հզոր ներուժ ունի՝ ի շնորհիվ իր ղեկավարի՝ «ՎՄ» հ/կ պատվավոր նախագահ Նորայր Թեւանյանի: Միությունը հստակորեն հայտարարեց, որ աջակցելու է գործող վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Հարկ է նշել, որ հ/կ-ն թեեւ քաղաքական ուժ չէ, սակայն կազմակերպության բազմահազար անդամները ընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան՝ ցուցաբերելով խոհեմ, զուսպ, պետականամետ վերաբերմունք՝ ի շահ կայուն ու վերափոխվող երկիր կերտելու գաղափարի: «Վիրահայերի միասնությունը» ընդամենը մի սկզբունքով է առաջնորդվել. «Մենք ունենք հարյուր հազարների հասնող ընտրազանգված եւ այդ ընտրազանգվածի քվեն պատրաստ ենք դնել Հայաստանի պետականության ամրապնդման «զոհասեղանին»: Կազմակերպությունը գիտակցում է, որ Հայաստանում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք անհապաղորեն պետք է լուծել, անհրաժեշտ է լսել դժգոհողների խոսքը, որ երբեք չշիկանան մարտիմեկյան նմանատիպ իրադարձություններ: Իհարկե, «Վիրահայերի միասնություն» հ/կ-ն մտահոգությունների առանցքում կարեւորում է բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջին հերթին առնչվում են Հայաստան-Վրաստան երկրների համագործակցությանը, հայ-վրացական կապերի ամրապնդմանը, նրանց հարաբերությունների սերտացմանը: Ի հավելումն, հարկ է նշել, որ վիրահայերին հուզող հիմնախնդիրները բազմազան են. Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական վիճակ, ներդրումային քաղաքականության հարցեր, գործատեղերի բացում, մանր, միջին բիզնեսի զարգացում, կրթական մշակութային բազում հոգսեր: «Վիրահայերի միասնությունը» ամենաառաջնային խնդիրը համարում է Հայաստանի կայուն զարգացումը, որը կնպաստի Ջավախքի զարգացմանը, եւ ինչ խոսք, կլուծվեն բազմաթիվ հոգսեր: Այդ նպատակով են կազմակերպության շուրջ համախմբվում հազարավոր վիրահայեր, ովքեր նաեւ Հայաստանի հետընտրական ճակատագրով են անհանգիստ: Թերեւս պատահական չէ, որ կազմակերպությունն այնպիսի հեղինակություն վայելող անձ է ղեկավարում, ինչպիսին Նորայր Թեւանյանն է, ով լավ գիտի Ջավախքի հոգս ու ցավը, երկրաշխարհի մեծ ու փոքր խնդիրները: Մի բարերար, ով տարիներ ի վեր կարիքյալ ջավախցիների սերն ու հարգանքն է վայելում, ում մեծ երազանքը, ինչպես հանդիպումների ժամանակ ինքն է նշում՝ «հզոր Հայաստանի կերտումն է, ինչը կնշանակի անպատճառ՝ Ջավախքի տնտեսական, սոցիալական վիճակի բարելավում»:

Միությունն ուզում է ունենալ ամրապինդ երկիր, որն իր գործելակերպը կուղղորդի ներքին սփյուռքի տնտեսական, կրթական, մշակութային գործունեությանը: Կազմակերպությանը նույնպես, ինչպես ողջ հայ ազգաբնակչությանը, հուզում է, թե այս վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո ի՞նչ ելք կգտնվի, որ ավելի կայունանա, ավելի ամրանա ու չտարանջատվի ժողովրդի միասնությունը, չխարխլվի այն, ինչ ունեինք մինչեւ ընտրությունները:… Այդ էր պատճառը, որ «Վիրահայերի միասնությունը» ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը՝ հետընտրական շրջանում» թեման էր: Նիստը բացեց կազմակերպության պատվավոր նախագահ Նորայր Թեւանյանը. «Այն, ինչ եղավ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից՝ ոչ ժողովրդավարություն էր, ոչ ամբոխավարություն, այլ ես կասեի՝ ցածր մակարդակի անկարգություն: Կներեք, ես կոշտ եմ խոսում, որովհետեւ այլ կերպ արտահայտվել հնարավոր չէ երեւի: «Հարգարժան» պարոնները սկզբից պետք է մտածեին իրենց բավական շատ ունեցվածքի մի մասը բաժանել խեղճ ժողովրդին, որոնք ձեռք էին բերել իշխանության տարիներին, հետո նոր այդ խեղճ ժողովրդի մի մասին հանեին փողոց: Նրանց որպես գործիք դուրս բերին, որպեսզի իրենք իշխանության գային: Մինչդեռ, հարյուր հազարավոր մարդիկ դուրս չեն եկել փողոց՝ զուտ իշխանությունների խնդրանքով ու պահանջով, որպեսզի փոքր մոլորված զանգվածի եւ ժողովրդի մեծ զանգվածի մեջ բախում տեղի չունենար: Ըստ իմ տեսածի, ոստիկանությունը չի ծեծում, այլ օրինախախտներին է կարգի հրավիրում, եւ այնտեղ չկար ընդդիմության մի ղեկավար, որը նաեւ տուժածի տեսք ունենար: Բոլորիս խնդիրն է, որ մեր շուրջը ոչ թշնամի, ոչ յուրային փնտրենք, այլ միաբանվենք, կառուցենք, շենացնենք երկիրը»:

ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնության» համանախագահ Տաճատ Վարդապետյանն իր ելույթում կարեւորեց այն, որ նորընտիր նախագահի կերպարը ընդօրինակելի է՝ «համեստ է, պարկեշտ, գրագետ, Հայրենիքի զինվոր ու մահապարտ»: Պատգամավորը կոչ արեց ընդդիմադիրներին՝ բարեկամության սեղանի շուրջ զրույցի: ԱԺ պատգամավոր, նույն կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը, քննադատելով ընդդիմության մարտիմեկյան ապակայունացնող գործողությունները, լավատեսության, զգոնության կոչ արեց. «Դատապարտում ենք երկիրն ապակայունացնող գործողությունները, մեզ այսօր առավել քան հարկավոր է միավորվել, համախմբվել, ազգովի կանգնել նորընտիր նախագահի կողքին, որպեսզի կյանքի կոչվեն նրա կողմից առաջադրվելիք ծրագրերն ու դրույթները»: Ելույթներ ունեցան կազմակերպության նախագահության անդամներ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, պրոֆեսոր Լուկաշին Բադանյանը, Յուրա Հովականյանը, Արթուր Աղաբաբյանը եւ այլք: Ելույթ ունեցող բոլոր մտավորականները քննադատելով ընդդիմության հակաքաղաքական դիրքորոշումը՝ կոչ արեցին բանակցային գործընթացի գնալ եւ միաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել