Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՊԵՆԴԵՐԵՑԿԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 08,2008 00:00

\"\"Հայ արվեստի հետ լեհ կոմպոզիտորի առաջին շփումը կայացել է հոգեւոր երաժշտության միջոցով՝ հայուհի տատիկի շնորհիվ:

ՀՀ մշակույթի նախարարության եւ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» փառատոնի (նախագահ՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) հրավերով Երեւանում է 3 «Գրեմմիի», 2 «Էմմիի» մրցանակակիր, Կաննի փառատոնի դասական եւ Գրավմեյերի երաժշտական մրցանակների դափնեկիր լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Երեկվանից մեկնարկած եւ մինչեւ ապրիլի 12-ը տեւող փառատոնում «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Այս առիթով Երեւան են ժամանել անվանի կատարողներ տասը երկրներից՝ Գ. Ժիսլինը (Գերմանիա), Ա. Նորասը (Ֆինլանդիա), Մ. Դամերինին (Իտալիա), Ի. Մոնիգետտին (Շվեյցարիա) եւ այլք: Համերգներին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), Հայաստանի պետական կապելլան, «Սերենադ» կամերային նվագախումբը, «Հովեր» կամերային երգչախումբը, թավջութակահարներ Արամ Թալալյանը եւ Վահե Ռոստոմյանը: Ապրիլի 12-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգում ՀՊՖՆ-ի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի ինքը՝ Պենդերեցկին: Երեկ նրան ընդունեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարը, որից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Տեղեկացնենք, որ Պենդերեցկին ծնվել է Լեհաստանի Դեբիկա քաղաքում եւ իր ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել կառավարական 11 բարձր պարգեւի, ստեղծագործական 25 մրցանակի, 12 ակադեմիական կոչումի: Նա Լոնդոնի երաժշտության թագավորական, Հռոմի Մանտա Չեչիլիայի անվան ազգային, Ստոկհոլմի պետական երաժշտական, Բեռլինի արվեստների, Բուենոս-Այրեսի ազգային ակադեմիաների պատվավոր անդամ է: 75-ամյա մեծանուն արվեստագետը, բացի ստեղծագործականից, մինչ այսօր ծավալում է նաեւ միջազգային երաժշտական գործունեություն: Նա Վիեննայի երաժշտական ընկերության պատվավոր նախագահ է, Իսպանիայի Արքայազնի հիմնադրամի երգչախմբի պատվավոր տնօրեն, Պուերտո Ռիկոյի «Կազալս» երաժշտական փառատոնի երաժշտական տնօրեն եւ այլն:

«Առավոտը» մասնագետներից հետաքրքրվեց, թե ընդհանրապես Հայաստանում երբեւէ Պենդերեցկի հնչե՞լ է: Մեր զրուցակիցները դժվարացան հիշել:

Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը Ք. Պենդերեցկուն:

– Գիտենք, որ հայի գեն ունեք: Ձեր «Ստաբաթ մաթեր» երգչախմբային ստեղծագործության առաջին հնչյունները հիշեցնում են Կոմիտասի մշակած Պատարագի «Տեր ողորմյայի» սկիզբը: Ժամանակին խոչընդոտներ եղե՞լ են Ձեր՝ Հայաստան այցելելու համար:

– Ծննդավայրումս՝ Դեբիկայում, հայկական եկեղեցի չկար: Ծագումով Իսպահանից հայուհի տատս փոքր տարիքից ինձ տանում էր Կրակով, որտեղ ե՛ւ հայկական համայնքն էր մեծ, ե՛ւ հայկական եկեղեցի կար: Առաջին շփումս հայկական երաժշտության հետ, փաստորեն, դա է եղել: Մինչ օրս Հայաստան չայցելելու առիթով չեմ ուզում խոսել հասկանալի պատճառով՝ հիշողություններս մինորային են: Բայց ասեմ, որ 1960-ականներին Արամ Խաչատրյանը հյուրընկալվել է իմ տանը՝ Կրակովում, ավելի ուշ հանդիպել ենք Վարշավայում: Նա ղեկավարել է իմ ստեղծագործությունները, ես էլ նրանը: Մինչ Խաչատրյանի հետ հանդիպումը, ինձ թվում էր, որ նա խիստ պահպանողական, դասական կոմպոզիտոր է: Հետագայում մոտիկից ծանոթանալով նրա արվեստին՝ ինձ համար նրա երկերում հայտնաբերեցի ե՛ւ ժողովրդական, ե՛ւ ժամանակակից մոտեցումներ:

– Դուք 1910 թ. Իտալիայում հիմնադրված, այնուհետեւ ողջ աշխարհում տարածված ավանգարդիզմի ներկայացուցիչ եք: Այսօր շատ իզմեր կան, երբեւէ չե՞ք շեղվել ձեր որդեգրած ուղուց:

– Պատասխանեմ Պիկասոյի օրինակով, որը մշտապես ստեղծագործական փնտրտուքների մեջ լինելով՝ հաճախ հայտնվում էր լաբիրինթոսներում: Ես էլ ունեմ իմ սեփական լաբիրինթոսը, որի մուտքն ու ելքը անգիր գիտեմ: Անկեղծ ասած, երբեմն «կորչում» եմ, բայց, միեւնույն է, ի վերջո դուրս եմ գալիս: Ասել կուզեմ, իմը, այո, ավանգարդիզմն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել