Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթությունը»՝ բոլորի համար

Ապրիլ 08,2008 00:00

ԳԹԿ այս հանդեսում ազատորեն արտահայտվելու հնարավորություն կտրվի

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) սկսել է հրատարակել վերլուծական-տեղեկատվական հանդես՝ «Հանրակրթություն, գնահատում եւ թեստավորում» վերնագրով, որը էականորեն տարբերվելու է արդեն եղածներից: Ըստ համարի պատասխանատու Համլետ Դավթյանի, հիմնական նպատակը ԳԹԿ-ի գործունեությունը (միասնական քննությունների նախապատրաստում, անցկացում, ստուգում, արդյունքների հրապարակման եւ բողոքարկման գործընթացի կազմակերպում եւ այլն) առավել հրապարակային դարձնելն է: Պրն Դավթյանի խոսքով, հանդեսը օգտակար կլինի կրթության կազմակերպիչների, աշակերտների, ծնողների համար: «Պատրաստակամություն ենք հայտնում լսելի դարձնել բոլորի կողմից արված դիտողությունները, առաջարկությունները, որովհետեւ փոխադարձ կապը շատ ենք կարեւորում»,- ասաց մեր զրուցակիցը:

Առաջին համարն անվճար կբաժանվի դպրոցներում, իսկ հետագայում բաժանորդագրություն կկազմակերպվի եւ ազատ վաճառք կլինի: Հանդեսի էջերում մեծ տեղ կհատկացվի քննությունների անցկացման վերաբերյալ պարզաբանումներին, թեստերի փորձարկումներին, քննությունների արդյունքների վերլուծություններին, ուղեցույցների հեղինակների հոդվածներին: Պրն Դավթյանը հավաստիացրեց, որ ամսագիրը կլինի ոչ միայն օգտակար, այլեւ պահաջված ու այնտեղ ցանկացած ոք, անգամ շրջանավարտն ու ծնողը կարող են իրենց կարծիքն ազատորեն հայտնել: «Հանրակրթությունն» ունի հետաքրքիր խորագրեր, օրինակ՝ «Մանկավարժի ամբիոնում» կտպագրվեն ոչ միայն կենտրոնի փորձագետների ու թեստաբանների, այլեւ մանկավարժների ու դասախոսների հոդվածները, դիտողություններն ու նկատառումները, այդ թվում՝ քննադատական: Կհրապարակվեն նաեւ նյութեր այն մասին, թե ինչպես են քննություններն անցկացվում այլ երկրներում, ընդհանրության ինչպիսի եզրեր ունեն մեր եւ նրանց կրթահամակարգերը:

Առաջին համարում հարցազրույց կա ՌԴ միասնական քննությունների պատասխանատու Վ. Բոլոտովի հետ, որի հետ հարցազրույց «Առավոտը» ժամանակին տպագրել է: «Ամենակարեւոր խորագրերից է «Սփյուռքահայ դպրոցը», որի պատասխանատուն Գայանե Մանուկյանն է: Նրա միջոցով է իրականացվում կապը Սփյուռքի մասնագետների հետ: Մեր կարծիքով, չպիտի սահմանափակվել հայաստանյան չափանիշներով եւ հարկ է անպայման անդրադառնալ Սփյուռքի դպրոցների խնդիրներին: Ի վերջո, սփյուռքահայ դպրոցը բաղկացուցիչ մասն է հայ դպրոցի, եւ հետո ՀՀ-ում ամբողջ հայության մեկ երրորդը հազիվ է ապրում: Արդեն բազմաթիվ արձագանքներ ունենք, որոնք առաջիկայում կարտացոլվեն հանդեսում»,- հայտնեց պարոն Դավթյանը: «Ինչպիսի՞ դպրոց է ցանկանում ունենալ մեր հասարակությունը, ինչպիսի՞ կրթական նպատակներ պետք է հետապնդի դպրոցը, ի՞նչ գաղափարական հիմքերի վրա պիտի սահմանվեն կրթության եւ հանրակրթության հիմքերն ու բովանդակությունը, ունե՞նք նոր մարդու դաստիարակության խնդիր… սրանք թեմաներ են, որոնք ուզում ենք ոչ միայն բացել, այլեւ ընթերցողի հետ երկխոսություն սկսել»,- ասաց համարի պատասխանատուն: Կամ, օրինակ, հարկ կա՞ դպրոց-մանկավարժ-հոգեբան գործուն կապ ձեւավորել, դպրոց-ծնող հարաբերություններում հոգեբանը գործ ունի՞, թե՞ ոչ: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն ոչ միայն դրսի լավագույն փորձագետների, այլեւ ԳԹԿ-ի՝ միջազգային ճանաչում ու հեղինակություն ունեցող մասնագետների (Մանուկ Մկրտչյան, Արսեն Բաղդասարյան եւ այլք) կողմից:

Կհրավիրվեն նաեւ «կլոր սեղաններ»՝ կենդանի շփման միջոցով քննարկումներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել