Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՈՒՍՈՒՑՉԻ՞ ՄԵՂՔՈՎ Է ԱՇԱԿԵՐՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ

Ապրիլ 08,2008 00:00

Ռեպորտաժ «դեպքի» վայրից՝ դպրոցից

«Առավոտը» շաբաթօրյա համարի՝ «Հարվածել է աշակերտին» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում Քրօրի 120 հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը («Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը») ուղարկվել է Էրեբունի համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Քրգործը հարուցվել է նույն համայնքի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Կարեն Թումոյանի նկատմամբ, որն անցյալ տարվա նոյեմբերի 28-ին հարվածել է 9 բ դասարանի աշակերտ Հրայր Մանուկյանին: Արդյունքում աշակերտը ստացել է ծանր մարմնական վնասվածք եւ նույն օրը երեկոյան Էրեբունի բժշկական կենտրոնում վիրահատվել է նրա փայծաղը:

Մենք այցելեցինք դպրոց՝ ճշտելու եւ ներկայացնելու կատարվածի մանրամասները: Հրայր Մանուկյանը չցանկացավ որեւէ բան ասել կատարվածի մասին: Նա հակիրճ պատասխանեց. «Կարող ա՞ գիտես երեխա ենք կամ խայտառակ պիտի լինենք»:

Դպրոցի տնօրեն Նինա Բալոյանի եւ դասղեկ Ռուզան Նազարյանի պատմելով՝ Հրայրին խնամում է քեռին՝ Ռուբենը, աշակերտի հորը երբեւէ չեն տեսել դպրոցում: Իսկ մայրը դեպքից հետո է վերադարձել Հունաստանից, ուր աշխատում է: «Հրայրը չարաճճի, աշխույժ երեխա է, դասերին գալիս է գրեթե անպատրաստ, գիրք ու տետր չի բերում, դասերը խանգարում է եւ կոնֆլիկտներ է ունենում ուսուցիչների հետ, թեեւ ես մի կերպ լեզու եմ գտել նրա հետ»,- Հրայրին բնութագրեց դասղեկ Ռ. Նազարյանը:

Չորս տարի դպրոցում դասավանդող Կ. Թումոյանը, ով մայորի կոչում ունի, մանկավարժական պարտականությունները, ըստ նրա, լավագույնս կատարելու համար ստացել է պատվոգրեր եւ համատեղության կարգով դասախոսում է նաեւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, հուզված պատմեց, որ ինքը դիտմամբ չի հարվածել աշակերտին. «Որպես չար եւ դաստիարակության պակաս ունեցող երեխա, միշտ նստեցնում էի առաջին նստարանին: Այդ օրը չափից դուրս անհանգիստ էր, հարվածում էր սրան-նրան, խանգարում էր դասը: Որպեսզի շեղեմ նրան, հանձնարարեցի պատին փակցված ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանի եւ Մոնթե Մելքոնյանի կենսագրականները կարդալ եւ սովորել: Կրկին խանգարեց, նորից եմ նույնը հանձնարարել: Հետո զգացի, որ Հրայրը թիկունքումս ծամածռություններ է անում, աշակերտներն էլ ետ են նայում եւ ծիծաղում: Որպեսզի կանխեմ նրա ծամածռությունները, ձեռքի ետ շարժում եմ արել, թեթեւ ճտացրել եմ, որը հարված չէ: Հրայրը հավասարակշռությունը կորցնելով ընկավ հատակին, այն բնազդով, որ ձեռքս կարող է կպնի իրեն: Թեեւ ձեռքս կպել է նրան, բայց չեմ կարող ասել, թե մարմնի որ հատվածին: Ընկնելուց հետո փոշոտվեց, վեր ելավ եւ կրկին շարունակեց ծամածռությունները»:

Ուսուցիչն ասաց նաեւ, որ հիվանդանոցի բոլոր ծախսերը հոգացել է անձամբ: Նա ունի երկու անչափահաս երեխա:

Տնօրեն Ն. Բալոյանը տեղեկացրեց, որ Հրայրի քեռին եւ քեռու կինը դեպքից առաջ բազմիցս հրավիրվել են դպրոց եւ իրազեկվել, որ երեխան անկարգապահ է եւ չսովորող, մինչդեռ ոչ մի ծնող երբեւէ չի բողոքել ուսուցիչ Թումոյանից եւ նա աշակերտների սիրելին է: Նշենք նաեւ, որ «Առավոտի» հետ զրույցում աշակերտները հաստատեցին, որ ուսուցիչը կարողանում է իր շուրջը համախմբել աշակերտներին: Տնօրենը հայտնեց նաեւ, որ կատարվածի մասին տեղեկացել են աշակերտներից՝ դեպքից 5 օր հետո: Նա ներկայացրեց մեկ այլ ուշագրավ դրվագ եւս. «Դեպքի օրը 9-րդ դասարանի մի խումբ տղաներ առաջին հարկում վիճաբանել են, որոնց թվում է եղել նաեւ Հրայրը: Վիճաբանությունը կանխվել է ուսուցիչների միջամտությամբ: Հենց այստեղ է հակասությունը: Ռազմագիտության դասը եղել է երրորդ ժամին, իսկ երեխաների բախումը՝ 5-րդ դասի դասամիջոցին: Եթե ուսուցիչը ուժեղ հարվածել է աշակերտին, ինչպե՞ս կարող էր նա երկու ժամ հետո այլ երեխաների հետ քաշքշուկի մեջ մտնել: Աշակերտները մեզ ասել են նաեւ, որ տեսել են նրան դրսում՝ մինչեւ ժամը 4-ը: Ընկերներին Հրայրն ասել է, թե կողը ցավում է, գնում է տուն: Եթե նրա փայծաղը պայթել էր ուսուցչի հարվածից, պետք է արնահոսություն լիներ, ինչպե՞ս է նա այդքան դիմացել»: Ըստ տնօրենի, հակասական է հատկապես երեխայի հարազատների դիրքորոշումը, քանի որ Ռուբենը՝ աշակերտին հիվանդանոց այցելած Ռ. Նազարյանին հայտնել է, որ երեխան ընկել է բակի ճոճանակից: Նույնը, ինչպես հայտնեց տնօրենը, Հրայրը հաստատել է նաեւ նախաքննության ժամանակ: Սակայն դեկտեմբերի 1-ին դպրոց է եկել քեռին եւ մեղադրել ուսուցչին: Տնօրենի փոխանցմամբ՝ անձամբ խոսել է վիրահատող բժշկի հետ, որը հայտնել է նաեւ երեխայի մարմնին առկա սալջարդի հետքերի մասին, որոնք, ինչպես տնօրենին հայտնել է բժիշկը, կարող էին լինել միայն ուժեղ հարվածից, այլ ոչ թե վայր ընկնելու դեպքում: Փաստենք նաեւ այն, որ Հրայրը, համաձայն դասղեկ Ռ. Նազարյանի, խոստովանել է, որ մեղավոր է, ծամածռություններ է արել, խանգարել դասը, թեեւ նշել է, որ իրեն հարվածել է ուսուցիչը:

 Հ. Գ. Կիրակի օրը՝ ապրիլի 6-ին մեզ զանգեց Հրայրի քեռին՝ Ռուբենը, հրաժարվեց դեպքի առնչությամբ ներկայացնել իրենց մոտեցումները, սպառնալով, որ նյութը չտպագրենք, քանի որ հարցուպատասխանի անհրաժեշտություն, ըստ նրա՝ չկա: «Եթե ըտենց բան լինի, ես էլ կարող ա շատ բան անեմ: Դա մեր կուխնյայի պահն է, թող լույս տեսնի: Եթե ինձ դուրեկան բան չլինի, նոր իրար հետ կխոսանք»,- հոխորտաց «խնամակալ» քեռին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել