Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազի ծաղիկները մերժեցին

Ապրիլ 08,2008 00:00

«Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով երեկ՝ կանանց միամսյակի վերջին օրը, այլախոհ կանայք սեւ զգեստներով, գլխաշորերով եւ ազատազրկվածների նկարներով հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:

Նրանք պահանջում էին ազատ արձակել վերջին ամիսների ընթացքում ձերբակալված մարդկանց, ովքեր չեն կիսել իշխանության պատկերացումները պետության, պետականության եւ նրա հետագա զարգացման վերաբերյալ: Ցուցարարների անունից դատախազին նամակ փոխանցվեց՝ «ազատել քաղբանտարկյալներին» բովանդակությամբ: Երեկվա ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ օրերս հայտարարությամբ հանդես կգա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որում նա կներկայացնի իր եւ իր թիմակիցների հետագա գործելաոճի մանրամասները: Ի պատասխան լրագրողների համառության՝ Արամ Զավենիչն ասաց, որ ինքը չի կարող առաջին նախագահի փոխարեն ներկայացնել նրա պատկերացումները:

Հավաքվածները դատախազության շենքի մոտ գրեթե երկու ժամ անցկացրին: Այդ ընթացքում նրանց մոտեցան դատախազության երկու աշխատակիցներ՝ երկու փունջ ծաղիկներով, եւ սկսեցին բաժանել հավաքված կանանց՝ Աղվան Հովսեփյանի անունից շնորհավորելով նրանց: Կանայք, սակայն, մերժեցին դատախազի ծաղիկները՝ հայհոյախառն արտահայտություններով դրանք գետնին նետելով: Ապա այլախոհներին միացավ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը. փոխադարձ շնորհավորանքներից հետո տիկին Լյուդմիլան կանանց ուղեկցեց Հյուսիսային պողոտա: Այնտեղ նրանք շնորհավորական խոսքեր եւ ծաղիկներ ստացան Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից, ինչն ընդունեցին սիրով եւ գոհունակությամբ: Ակցիայից հետո Հյուսիսային պողոտայում շարունակվեց խաղաղ քաղաքական զբոսանքը:

Ի դեպ, երեկ նաեւ Ֆրանսիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ մի փաստաթուղթ է կազմվել՝ «Ազատասեր քաղաքացիների կոչը Եվրոպայի խորհրդին» վերնագրով: Համերաշխություն հայտնելով Հայաստանի քաղաքացիներին եւ դատապարտելով մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները՝ նախաձեռնողներն արեւմտյան երկրներից պահանջում են ապացուցել, որ «մարդու իրավունքների եւ ազատ խոսքի եվրոպական արժեքները չեն սահմանափակվում միայն Եվրամիության ներսում»: Ակնկալվում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով անկախ հետաքննություն կիրականացվի, եւ կբացահայտվեն սպանությունների բոլոր մեղավորները, անհանգստություն է արտահայտվում ընդդիմության ղեկավարների, ներկայացուցիչների համատարած ձերբակալությունների վերաբերյալ եւ պահանջում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում: Ինչպես նաեւ, կոչի հեղինակները եվրոպական հանրությունից պահանջում են հակադեմոկրատական ճանաչել օրենսդրական սահմանափակումները, որոնք արգելում են երթերի, ժողովների, հանրահավաքների կազմակերպումն ու անցկացումը: «Մենք պահանջում ենք հորդորել Հայաստանի իշխանություններին՝ հարգել խոսքի ազատության եւ ժողովրդավարության օրենքների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները եւ վերացնել ազատ մամուլի սահմանափակումները»,- ասված է կոչում: Այս օրերին հայկական սփյուռքում եւ Հայաստանում ընթանալու է ստորագրահավաք՝ ի զորակցություն կոչի, որը մինչեւ ամսի 14-ը պետք է ներկայացվի Եվրախորհուրդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել