Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ

Ապրիլ 08,2008 00:00

Լինենք կարգապահ, մաքրենք ու մաքուր պահենք մայրաքաղաքը. երեկ նման կոչով համաքաղաքացիներին դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

«Եթե 2003-04 թվականներին մեկ երեւանցուն բաժին էր ընկնում 5, 2 քառակուսի մետր կանաչ տարածք, ապա 2008-ի վերջում մեկ բնակչին բաժին կընկնի 7,5 քառակուսի մետր»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով, որ համաձայն մայրաքաղաքի գլխավոր հատակագծի, 2020 թվականին մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը պետք է կազմի 16-17 քառակուսի մետր: Իսկ ասուլիսի հիմնական նպատակն էր՝ ամփոփել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008-ի առաջին եռամսյակի կատարած աշխատանքները: Ըստ այդմ՝ նախատեսված 35312, 4 մլն դրամի աշխատանքներից փաստացի կատարվել են 35504, 3 մլն դրամի աշխատանքներ, որոնցից 22113,1 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ պետական բյուջեին եւ սոցիալական ապահովության վճարներին, 944, 3 մլն-ի աշխատանքներ են իրականացվել Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերի հաշվին, շուրջ 967, 3 մլն-ը՝ համայնքային բյուջեների, իսկ 11479, 6 մլն դրամի՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին: Իրականացվող աշխատանքներին զուգահեռ, Երեւանի քաղաքապետարանը նաեւ լրացուցիչ նախատեսել է իրականացնել մի շարք կապիտալ ծրագրեր՝ 5968,4 մլն դրամի ծավալով: Ընդհանրապես, քաղաքապետն արձանագրում է, որ 2007-ի համեմատությամբ 2008-ին տարբեր ոլորտներում կատարվելու է 11-26 տոկոսով ավելի աշխատանք. տարեկան կտրվածքով՝ 2008-ին 20 տոկոսով ավելի աշխատանքներ կկատարվեն:

Հիմնական շեշտադրումը քաղաքապետն արեց կապիտալ շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության ոլորտներին. «Ընթացքի մեջ են Հերացի-Սարալանջի-Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու եւ Հերացի-Խորենացի փողոցները միացնող ճանապարհի կառուցման, Սարալանջի մայրուղու շարունակության վերակառուցման (Ավետիսյան փողոցից մինչեւ Դավիթաշենի կամուրջ), Աբովյան փողոցից Մյասնիկյան պողոտա տրանսպորտային հանգույցի կառուցման, Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցումի եւ բետոնե միջնապատերի կառուցման, ինչպես նաեւ նախորդ տարի սկսված Հերացու փողոցից մինչեւ Խորենացու փողոցի միջմարզային նշանակության մայրուղու կառուցման, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցի՝ Գետառի հունի վերակառուցմամբ, Տիգրան Մեծի եւ Խանջյան փողոցների խաչմերուկի վերակառուցման, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում ստորգետնյա անցման կառուցման աշխատանքները: Կարեւոր է նաեւ կամրջային կառուցվածքների վերականգնման եւ ամրացման ծրագիրը, որի շրջանակներում 2008 թվականին կիրականացվեն Մյասնիկյան-Աճառյան փողոցների ուղետարների եւ Երեւան-Սեւան ավտոմայրուղու էստակադայի վերականգնման ու ամրացման աշխատանքները»: Շինարարական աշխատանքների մի մասը կավարտվի մայիսին, իսկ ամբողջությամբ՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին: Ակնհայտ ուրախությամբ խոսելով քաղաքային շինարարության մասին, քաղաքապետը նաեւ հայցում է բնակիչների ներողամտությունը՝ անհարմարություններ պատճառելու համար եւ խոստանում է անել ամեն ինչ՝ խցանումները նվազագույնի հասցնելու համար:

Բացի այս, կամրացվի եւ կվերականգնվի երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան վթարային 10 շենք, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցում տալու նպատակով կկառուցվի երկու բազմաբնակարան շենք, 11 փողոցներում 22 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանցեր կվերակառուցվեն եւ քաղաքապետի հավաստմամբ՝ 2008-ի ավարտին կունենանք լուսավոր մայրաքաղաք, 330 հազար քառակուսի մետր ասֆալտապատման եւ 173 հազար քառակուսի մետր ճաքալցման աշխատանքներ կկատարվեն: Միայն Երեւանի համաքաղաքային նշանակության ծրագրերի շրջանակներում 2008 թվականին նախատեսվել է 1713.0 մլն դրամ՝ 45 դպրոցների եւ 12 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի կառուցման համար, ինչպես նաեւ շուրջ 270.0 մլն դրամ՝ 4 դպրոցների վերանորոգման համար: Մայրաքաղաքի 53 դպրոց էլ կվերանորոգվի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Միաժամանակ, 12-ամյա կրթության անցման կապակցությամբ շուրջ 333 մլն դրամի դպրոցական գույք կհատկացվի Երեւանի բոլոր դպրոցներին:

Ուղեւորափոխադրումների առկա խնդիրը կարգավորելու նպատակով մասնավոր ներդրողների միջոցների հաշվին 2008 թվականին նախատեսված է ներկրել 150 քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուսներ, Երեւանի համաքաղաքային ծրագրերի շրջանակներում՝ 20 նոր տրոլեյբուս: Այս ոլորտում առաջնահերթություն է տրվելու մետրոպոլիտենին: Բացի նախատեսված վերանորոգման ընթացիկ աշխատանքներից, առաջիկայում նաեւ կտրամադրվի լրացուցիչ 4,55 միլիարդ դրամ՝ կապիտալ վերանորոգման աշխատանքների համար: Քաղաքապետը հույս ունի, որ ավարտին կհասցվեն նաեւ կիսատ մնացած նոր կայարանների շահագործման աշխատանքները, քանզի «մետրոպոլիտենի զարգացումը մեզանում այլընտրանք չունի՝ նկատի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային զարգացումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել