Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ Ե՛Վ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, Ե՛Վ ԱՎԵԼԱՑԵԼ

Ապրիլ 08,2008 00:00

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ապրիլի 5-ին դադարեցրել է հացադուլը, որը նա սկսել էր մարտի 24-ից: Ապրիլի լույս 5-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: «Արդեն լուրջ վտանգ կարող էր սպառնալ կյանքին»,- տեղեկացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը:

Ապրիլի 4-ին հացադուլը դադարեցրել է նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Ընդհանուր առմամբ, Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած կալանավորներից 7-ը հացադուլը դադարեցնելու, իսկ 6 կալանավոր՝ հացադուլ սկսելու մասին հայտարարություն են արել: Երեկ հացադուլ հայտարարածների թվում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

9 հացադուլավոր երեկ միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին, որը պահանջում է ազատ արձակել Սասուն Միքայելյանին: 9 հացադուլավորներն առայժմ 3-օրյա հացադուլ են հայտարարել, իսկ այդ ժամկետում իրենց պահանջները չկատարելու դեպքում կհայտարարեն անժամկետ հացադուլ: Արշավիր Բոզինյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ իրեն միացածներն Աշտարակի եւ Եղվարդի ազատամարտիկներն են: «Այսօր հավաքվել են ազատամարտիկների կանայք, ուզում են միանալ հացադուլին,- ասել է նա:- Խնդրում ենք, որ դա չանեն, գոնե 3 օր սպասեն, եթե ինչ-որ արձագանք չզգանք, նոր թող միանան մեզ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել