Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային իրազեկման հանձնառություն

Ապրիլ 08,2008 00:00

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցության մասին:

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը ներկայումս աշխարհում գործող խոշորագույն համաշխարհային կուսակցական միություններից մեկն է, որին անդամակցում են ավելի քան 82 երկրների կուսակցություններ, մասնավորապես այնպիսի խոշորագույն եւ իշխող եվրոպական կուսակցություններ, ինչպիսիք են՝ «Միություն հանուն ժողովրդական մեծամասնության» (Ֆրանսիա), «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն» (Գերմանիա), Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա), «Ժողովրդական կուսակցություն» (Իսպանիա), Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Բելգիա), Ժողովրդական կուսակցություն (Ավստրիա), Քրիստոնեա-ժողովրդավարների միություն կուսակցություն (Իտալիա), Քաղաքացիական եւ ժողովրդավարական դաշինք կուսակցություն (Չեխիա), Նոր ժողովրդավարներ (Հունաստան), Ազգային Դաշինք կուսակցություն (Ֆինլանդիա), Քաղաքացիական կուսակցություն (Հունգարիա) եւ այլն:

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային միությունը ստեղծվել է 1961թ.՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական ինտերնացիոնալ» անվամբ: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գործում է Բրյուսելում: Կազմակերպության նոր նախագահն է Պիեռ Ֆերդինանդո Կազինին, որը նաեւ Իտալիայի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության եւ Համաշխարհային խորհրդարանական միության նախագահն է: Առաջին փոխնախագահն է Վիսենտ Ֆոքսը, որը Մեքսիկայի Ազգային Ժողովրդավարական կուսակցության նախագահն է: Կազմակերպության գլխավոր քարտուղարն է Անտոնիո Լոպես Իստուրիզը, որը ներկայացնում է Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը: Փոխնախագահներից են Պիտեր Հինցը (Գերմանիա), Լուիզ-Մարկուս Մենդեսը (Պորտուգալիա), Վիկտո Օրբանը (Հունգարիա) եւ այլն: Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալը միավորում է աշխարհի շուրջ 82 պետությունների քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններին: Հայաստանը, ի դեմս «Օրինաց երկիր» կուսակցության, կլինի 83-րդ երկիրը, որը ներկայացված կլինի ինտերնացիոնալում:

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների միավորում է, որը գործում է Քրիստոնեական եւ համաշխարհային հումանիստական գաղափարական հիմնադրույթների հիման վրա:

Կազմակերպության գաղափարական սկզբունքներն են՝

– Մարդու ներուժի բացահայտման եւ իրացման համար բոլոր հնարավորությունների ապահովումը,

– Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված անհատական իրավունքների պաշտպանությունը,

– Քաղաքականության ուղղորդում դեպի քրիստոնեական եւ ինտեգրալ հումանիզմի էթիկայի հիմնարար արժեքները, մասնավորապես հավատը, հայրենասիրությունը, անհատական պատասխանատվությունը, արդարադատությունը եւ համերաշխությունը,

– Համընդհանուր բարիքի դիտարկումը՝ որպես քաղաքական հասարակության եւ հանրային կառավարման նպատակ,

– Ժողովրդավարության ըստ ամենայնի զարգացումը, որպես հանրային կյանքին, ժողովրդի լիակատար մասնակցություն ապահովող քաղաքական կազմակերպման ձեւ հիմնված ազատ եւ արդար ընտրությունների վրա,

– Մրցակցային տնտեսության, ինչպես նաեւ սոցիալական եւ բնապահպանական շուկայական միջավայրի ձեւավորում, ինչպես նաեւ տնտեսության մեջ մարդու անձնական նախաձեռնողականության հնարավորության կարեւորում,

– Քաղաքացիական հասարակության զարգացման եւ կառավարման գործընթացներում քաղաքացիական մասնակցության աջակցության խրախուսումը,

– Աջ կենտրոնամետ մոտեցումների, հասարակության զարգացման, փոփոխությունների եւ բարեփոխումների, ժողովրդական երկխոսության եւ համաձայնության գերակայությունը:

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալը պատգամավորական խմբակցություններ ունի միջազգային կազմակերպություններում, այդ թվում Եվրոպական Միության խորհրդարանում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ՆԱՏՕ-ի, Արեւմտաեվրոպական խորհրդարանական միության, Սեւծովյան խորհրդարանական վեհաժողովներում եւ այլն: Այս խմբակցությունները, շնորհիվ մեծաթիվ պատգամավորական մանդատների, միջազգային կառույցներում ունեն որոշումների ընդունման վրա մեծ ազդեցության հնարավորություն:

ՕԵԿ-ի անդամակցությունը, որպես Հայաստանում գործող ժողովրդավարական քաղաքական ուժ, երաշխավորել եւ զորակցել են՝ Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» (նախագահ՝ Անգելա Մերկել), Ֆրանսիայի «Հանուն ժողովրդական մեծամասնության կուսակցություն» (նախագահ՝ Նիկոլա Սարկոզի), Իսպանիայի «Ժողովրդական կուսակցությունը» (նախագահ՝ Մարիանո Ռաջոյ), Սլովակիայի «Դեմոկրատական եւ քրիստոնեական միություն կուսակցությունը» (նախագահ եւ ինտերնացիոնալի փոխնախագահ՝ Միկուլաս Դռուզինդա), Կիպրոսի «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը (նախագահ՝ Նիկոս Անաստասիադես), Բելգիայի «Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը» (նախագահ՝ Իվես Լետերմ) եւ մի քանի այլ եվրոպական կուսակցություններ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ձեռք է բերել անդամակցության բարձր՝ «C» կարգավիճակը, որը ոչ միայն քվեարկության իրավունք է վերապահում վերջինիս, այլ նաեւ անարգել անդամակցության հնարավորություն Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի բոլոր միջազգային խորհրդարանական կազմակերպությունների խմբակցություններին, որտեղ ներկայացված է Հայաստանը, ինչպես նաեւ այն միջազգային քաղաքական եւ հանրային կառույցներին, որտեղ ներգրավված է Ինտերնացիոնալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել