Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Ապրիլ 08,2008 00:00

ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին

Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: Այս հարցն առաջացավ այնժամ, երբ ապրիլի 4-ին ունկնդրեցինք, թե ինչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, թե «այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խոր հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ… քանի որ տեսնելու են, թե ում են փորձել պաշտպանել, եւ ինչ հանցագործություն կատարած մարդկանց թիկունքում են փորձել կանգնել շատերը՝ երեւի չիմանալով կամ չգիտակցելով հանցանքի խորությունն ու լրջությունը»: Մինչեւ դատարանի որոշումը մարդկանց հանցագործ հայտարարելը եւ նրանց գործողություններն էլ վաղօրոք հանցանք որակելը, մեղմ ասած, հարիր չէ երկրի թիվ մեկ պաշտոնյային:

Սակայն նույն ոգով էր անցել նաեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մարտի 4-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել էր պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին ու Խաչատուր Սուքիասյանին «որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Աղվան Հովսեփյանն իր ելույթում նրանց մասին միայն ասաց. «Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով եւ նրանց  զինելով, զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու որպես մեղադրյալներ, առաջադրելով մեղադրանք 2008-ի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»:

Աղվան Հովսեփյանին հարց չուղղեց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի եւ որեւէ պատգամավոր: Ենթադրելի է, թե իրենց գործընկերների մեղավորությունը նրանց համար ի սկզբանե տեղիք չէր տալիս հարցականների: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն էր, որ գլխավոր դատախազից հետաքրքրվեց. «Ընդհանուր իրավիճակի գնահատականը հասկանալի է, սակայն պարզ չէ կոնկրետ այս 4 պատգամավորների հստակ մեղքը, եւ կոնկրետ ո՞ր հանցանքների համար են իրենք մեղադրվում… Ցանկալի կլիներ իմանալ՝ կոնկրետ այս 4 պատգամավորներից ո՞րը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, եւ ինչո՞ւ համար պետք է այս որոշումն այսօր կայացվի»: Սակայն Աղվան Հովսեփյանը որեւէ բան չավելացրեց արդեն ասածին՝ նշելով. «Միջնորդագրի մեջ պարզ նշված է ե՛ւ արարքները, ե՛ւ դրա իրավական որակումը Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով»:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արծվիկ  Մինասյանը շարունակեց հարցը. «Միջնորդագրում անհատականացված չեն ներկայացված մեղադրանքները մեր գործընկերներին։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ավելի հստակ նշել, որովհետեւ նույն հոդվածները՝ 300 եւ 225-ի 3-րդ մաս, ներկայացվում են բոլոր 4-ին էլ»: Գլխավոր դատախազն էլի ասաց. «Այդ մասին նշված է միջնորդագրի մեջ։ Նշված է, որ իրենց կոչերով, օժանդակություններով կատարել են  նշված հանցագործությունները»: Որոշակիացնելու եւս մի ապարդյուն փորձ ձեռնարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մեջբերենք, սակայն, թե դահլիճում ներկա՝ արդեն իսկ ձերբակալված Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանն իրենց ելույթներում ինչ պատմեցին իրենց գործողությունների մասին: Հակոբ Հակոբյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ է եկել ժամը 15-ի սահմաններում. «Այդ ընթացքում (կարող է վկայել ներքին զորքերի գնդապետ Խաչատրյան Արթուրը), որ ԲՄՊ-ի ապակիներն էին ջարդում կամ պահի տակ ուզում էին պաժառ տային՝ ես եմ գնացել եւ կանխել… Դրանից հետո ավտոբուսի ապակիներն էին ջարդում, իմ վարորդին եմ նստեցրել, պահել եմ ճանապարհը, դեմ եմ ընկել, կարող էր այդ ժամանակ ես էլ ընկնեի ավտոբուսի տակ, որովհետեւ շփոթված էի։ Դա եմ դուրս հանել,  3-րդ ավտոմեքենան եմ այդտեղից դուրս հանել»: Ըստ նրա՝ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետն իրենից անգամ շնորհակալություն են հայտնել կանխելու համար:

Մյասնիկ Մալխասյանն իր ելույթում ասաց, թե մասնավորապես պատգամավորները «փորձում էին կանխել այն միջադեպերը, որոնք կարող էին ծանր հետեւանքներ ունենալ»: Ըստ նրա՝ ամբողջ ընթացքում «մենք ընդամենը մեր գործընկերներին, մեր ժողովրդին դիմել ենք հանդարտության, խոհեմության կոչերով, որ հարցը պիտի լուծվի արդարացի, պիտի արդարությունը վեր հանվի, եւ մեր ժողովուրդը պիտի կարողանա իր ճակատագիրը արդար, մաքուր ընտրություններով կանխորոշել»: Պատմեց նաեւ մարտի 1-ի իր ելույթի մասին. «Ասել եմ, որ խնդրում ենք ինքնագործունեությամբ չզբաղվեք,  կարող է այդ ինքնագործունեությունը տհաճ ու ավելի բարդ հետեւանքների տանել»:

Ներկայացնենք նաեւ Խաչատուր Սուքիասյանի ելույթը մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ՝ ըստ պահպանված ձայնագրության. «Ես մի խնդրանք ունեմ՝ մեկդ մյուսին փոխանցեք. ո՛չ մի ավելորդություն, ո՛չ մի այլ շարժում: Մենք սպասելու ենք այստեղ մեր առաջնորդին: Խնդրում եմ՝ ոչ մի սադրանքի չդիմեք: Խնդրում եմ բոլորին: Շատ եմ խնդրում»:

Մյասնիկ Մալխասյանը մարտի 4-ին իր գործընկերներին հարց էր ուղղում՝ մի՞թե այս կոչերը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձեր են. «Մեր գործընկեր պատգամավորները, ովքեր եղել են այնտեղ,  նրանք բոլորն էլ, ովքեր ելույթներ են ունեցել՝ երբեք որեւէ սադրիչ  գործողությունների կոչ չեն արել: Նրանց բոլորի գործողությունները եղել են հավասարակշռված»:

«Ժառանգության» պատգամավորները, որոնք մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին՝ ԱԺ այդ նիստում հերթով վկայեցին, որ այնտեղ իրենց գործընկերներից իրոք միայն հանդարտության կոչեր են լսել եւ տեսել, որ նրանք փորձել են տեղում վնասազերծել սադրիչներին: Սակայն ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները՝ առանց անգամ որեւէ հարց տալու Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, համաձայնություն տվեցին կալանավորելու այն անձանց, ովքեր մարտի 1-ին գոնե փորձել էին մեղմացնել առկա լարվածությունը: Այսպիսով՝ փաստորեն միացան նրանց՝ իրենց քաղաքական դիրքորոշման համար հետապնդելու որոշմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել