Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

Ապրիլ 08,2008 00:00

\"\"ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան 60-ամյակի օրը նրա մասին կարծիք են հայտնում գործընկերները

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերեւս խորհրդարանի ամենից կոլորիտային, վիճելի եւ ոչ միանշանակ ընդունվող դեմքերից է: Նրա կարծիքի հետ շատերն են վիճում, շատերը ընդունում են, ոմանք նրան համարում են քաղաքական պայծառատես, ուրիշները գտնում են, որ երբեմն պարոն Սահակյանը չարաշահում է ընդդիմության հասցեին գնահատականներ տալու իր «գործառույթը»: Այսօր պարոն Սահակյանը դարձավ 60 տարեկան: «Առավոտը» միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք պարոն Սահակյանի գործընկերների գնահատականները:

Վիկտոր Դալլաքյան, անկախ պատգամավոր. «Գալուստ Սահակյանի հետ իմ շփումներն արդեն 12 տարվա պատմություն ունեն: Նրա հետ եղել ենք «Միասնություն» խմբակցությունում, հետո այդ շփումները շարունակվել են, երբ ես եղել եմ ընդդիմության շարքերում: Եվ, չնայած մեր քաղաքական տարաձայնություններին, մեր հարաբերությունները բարեկիրթ են, փոխադարձ հարգալից: Ես կուզեի նրա մարդկային որակների մասին մի քանի բան ասել: Դժվար է խորհրդարանը պատկերացնել առանց Գալուստ Սահակյանի, որովհետեւ նա յուրահատուկ համ ու հոտ է հաղորդում Ազգային ժողովին, կրկնում եմ, սա ասում եմ, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից կամ մեր դիրքորոշումներից: Նրա հետ շատ հեշտ է բանավիճել քաղաքական եւ այլ հարցերի շուրջ: Ուզում եմ շնորհավորել նրան 60-ամյակի կապակցությամբ եւ մաղթել, որ միշտ լինի ժպտերես»:

Անահիտ Բախշյան, «Ժառանգություն» խմբակցություն. «Շնորհավորում եմ Գալուստին՝ ծննդյան օրվա առթիվ, եւ միշտ ուզում եմ հիշել, որ իմ ընտանիքի հետ իր ընտանիքը ունեցել է ընդհանուր ժամանակաշրջան՝ Յուրայի հետ կապված: Ուզում եմ մաղթել ավելի արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր այն պետականության, որի հիմքերը դրված են եղել Աշոտ Նավասարդյանի, Յուրի Բախշյանի եւ մնացած անկախականների ստեղծած Հանրապետական կուսակցության արմատներում: Գիտեմ, որ այս շնորհավորանքս Գալուստի համար անակնկալ է լինելու, եւ այդ պատճառով էլ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես 1999 թվականի հունիսին՝ Յուրայի ծննդյան օրը, մենք անակնկալ մատուցեցինք, այդ անակնկալին մասնակցեց նաեւ Գալուստը, եւ հիմա ինքս եմ ուզում մասնակցել իր ծննդյան այս անակնկալ շնորհավորանքին»:

Սամվել Բալասանյան, նախկին ՕԵԿ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր. «Իմ կարծիքը Գալուստ Սահակյանի մասին շատ դրական է, ես աշխատել եմ Գալուստ Սահակյանի հետ, իրեն համարում եմ իմ ավագ ընկերը, որովհետեւ մենք որպես խմբակցությունների ղեկավարներ ենք աշխատել միասին, բացի դրանից, ես իրեն գիտեմ դեռ շատ վաղուց, ինքը կնոջ մասով նաեւ գյումրեցի է, այսինքն՝ նաեւ գյումրեցիական հարաբերություններ կան մեր ընդհանուր ընկերության մեջ: Շատ դրական եմ համարում, որ այսօր նաեւ այդպիսի քաղաքական գործիչ կա, որը իր խոսքը կարող է ասել մեր հանրապետության մեջ»:

Ռազմիկ Զոհրաբյան, ՀՀԿ. «Գալուստ Սահակյանին ճանաչում եմ բավականին վաղուց, մենք հին կուսակցական ընկերներ ենք, 90-ականներից ենք սկսել քաղաքական պայքարը: Ասեմ, որ ինքը նախկինում եղել է կոմունիստ, հետագայում հրաժարվել է այդ կուսակցությունից, երբ Հայաստանը հռչակվեց անկախ: Մենք ապագան տեսնում էինք այլ ձեւով, կոմունիստները՝ այլ ձեւով: Այսօր կարելի է ասել, որ ինքն այն հանրապետականներից է, որ բավականին մեծ աշխատանք է արել ինչպես կուսակցական շինարարության համար, այնպես էլ՝ պետության կառուցման գործում: Մենք ընկերներ ենք, եւ ես միայն լավը կարող եմ ասել նրա մասին»: Նկատեցինք, որ այնուամենայնիվ, պարոն Սահակյանի քաղաքական գործունեությունը ոչ միշտ է միանշանակ ընդունվում, ընդդիմությունը հատկապես շատ է վրդովվում վերջինիս ժամանակ առ ժամանակ հնչեցրած որոշ գնահատականներից: Պարոն Զոհրաբյանը ուներ սրա բացատրությունը. «Քանի որ նա օրիգինալ անձնավորություն է, հետեւաբար, երբեմն մտքեր է արտահայտում, որոնց կարող են որոշ մարդիկ չհամաձայնել»:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ. «Շնորհավորում եմ պարոն Սահակյանին, լավագույն մաղթանքներս իրեն, իր մեծ ընտանիքին՝ թոռներին եւ երեխաներին, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են Գալուստ Սահակյան տեսակը: Մարդկային շատ բարձր արժեհամակարգ ունեցող անձնավորություն է, ինձ համար ոչ միայն կուսակցական ընկեր է եւ գործընկեր, այլ նաեւ ավագ ընկեր: Պատգամավորական աշխատանքի շատ եւ շատ գաղտնիքներ ինձ համար բացահայտել եւ ինձ սովորեցրել է հենց Գալուստ Սահակյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել