Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի ուսանողի արվեստը

Ապրիլ 05,2008 00:00

Երեւանի կոնսերվատորիայում ուսանող Այդին Դավուդիի երաժշտությամբ հետաքրքրված է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

«Հայաստանը լավ երկիր է, բայց այստեղ ամեն հարց «ընկերականով» է լուծվում: Դա եւ լավ է, եւ վատ: Մի բան եմ հավանել՝ ձեզ մոտ մարդիկ փողոցում իրար եղբայր ու քույր են անվանում»,- սրանք իրանցի երիտասարդ երաժիշտ Այդին Դավուդիի տպավորություններն են Հայաստանի մասին: Այդինը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ մեր երկրում արդեն երկու համերգ է ունեցել: Նա զբաղվում է էլեկտրոնային երաժշտությամբ, իսկ կոնսերվատորիայում սովորում է ժամանակակից դասական կոմպոզիցիայի բաժնում:

Ուսումն ավարտելուց հետո երիտասարդը ցանկանում է գնալ Եվրոպա՝ արեւմտյան երաժշտության ավանդներին ծանոթանալու: Այդինը բարձր է գնահատում հայկական երաժշտությունը: Նա երախտապարտ է իր հայ ուսուցիչներին, որոնցից, իր ասելով, շատ բան է սովորում: Իրանցին երկու տարի մեր երկրում ապրելով՝ բավական լավ հայերեն է սովորել, Կոմիտասի մասին գրականությունը, օրինակ, մեր լեզվով է կարդացել: Այդինը հայերեն ծանոթացել է նաեւ ռուս դասական Պուշկինի ստեղծագործություններին: «Մինչեւ Հայաստան գալս էլ վստահ էի, որ երաժշտապաշտ երկիր եմ այցելելու: Համոզվեցի, որ դա իսկապես այդպես է: Միայն զարմացած եմ, որ Հայաստանում ընդամենը 500-3000 դրամով կարելի է դասական երաժշտության բարձրակարգ համերգների ներկա գտնվել: Իմ ծննդավայրում նման համերգների տոմսերն ահավոր թանկ են»,- փաստում է Այդինը: Երաժիշտը հիացած է նաեւ հայկական ճարտարապետությամբ: «Էջմիածինը շատ եմ հավանում, հոյակապ է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը… ուզում եմ, որ աշխարհում բոլոր վատ բաները միայն սիմվոլներով հիշվեն: Օրինակ, իմ համերգի ժամանակ ես էլ իմ երկրի պատմությունը երաժշտության միջոցով ներկայացնելիս շատ քիչ անդրադարձա տխուր դեպքերին, այն էլ միայն էկրանին ցույց տալով որոշ կադրեր… Ձեր Սեւանն էլ է շատ սիրուն, նման է մեր Ուրմիային: Գառնին ու Գեղարդն էլ ցնցող են»,- ոգեւորվում է Այդինը:

Այդինի երաժշտական հետաքրքրությունների ոլորտը լայն է: «Մի օր երաժիշտ հայրս ինձ ասաց՝ մտածե՞լ ես, թե երաժշտության քանի ձեւ կա աշխարհում, կարո՞ղ ես բոլոր ձեւերն ու ոճերը համատեղել, ստեղծել նորը, ցույց տալով, որ բոլոր ազգերն էլ նույն ակունքից են սերում: Այդ օրվանից ես սկսեցի մտածել, ու ծնվեցին առաջին ստեղծագործություններս»,- նշեց մեր զրուցակիցը: Ի դեպ, երբ մարդ լսում է Այդինի երաժշտությունը, մտքով տարբեր երկրներ է տեղափոխվում: Այդինը երազում է երաժշտության միջոցով միավորել մարդկությունը ու ցույց տալ, որ բոլորը մեկ Աստված ունեն, ու շատ կարեւոր են ազգամիջյան սերտ շփումները՝ անկախ լեզվից, կրոնից ու ազգությունից: «Տարբերություն չկա՝ որ երկրում ենք ապրում, ինչպես ենք ապրում: Կարեւորը ճիշտ ապրելն է, լավ ապրելը, լավություն անելն ու իրար չխաբելը»,- համոզված է տասնիննամյա երաժիշտը:

Այդինի երաժշտությունն այժմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում է: Մասնագետներն ուսումնասիրում են այն, եւ եթե ապացուցվի, որ սա իսկապես նոր ոճ է, ապա Այդին Դավուդին կդառնա երաժշտական նոր ոճի հիմնադիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել