Վերջինում պարտվեց
Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում կազմակերպված ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի հետ չորս պարտիայից բաղկացած մրցամարտի վերջին տուրում պարտություն կրեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 1,5:2,5՝ հօգուտ ամերիկուհու:
«Բանանցի» մարզիչը՝ Դոնեցկի «Մետալուրգում»
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ բուլղարացի մասնագետ Նիկոլայ Կոստովը ստանձնել է Դոնեցկի «Մետալուրգի» ղեկը: Նա այդ ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել, որը հետագայում կարող է երկարացվել:
«Այդ թիմը գլխավորելու առաջարկը ես ուրախությամբ ընդունեցի,- ասել է նորանշանակ մարզիչը:- Գիտեմ, որ ֆուտբոլի մակարդակն Ուկրաինայում ավելի բարձր է, քան Հայաստանում եւ Բուլղարիայում: Տեղյակ եմ նաեւ, որ «Մետալուրգը» պատկառելի, ֆիզիկապես գերազանց պատրաստված թիմ է եւ ոչ վաղ անցյալում հանդես էր գալիս եվրագավաթների խաղարկությունում: Համաձայն եմ, առանց ֆիզիկական ու ֆունկցիոնալ լավ պատրաստվածության՝ արդյունքի չես հասնի: Սակայն ես նախապատվությունը տալիս եմ տեխնիկապես հագեցած ֆուտբոլին: Այս երկուսի համադրումով կարելի է ավելի առաջ գնալ»:
Բերտի Ֆոգտսը՝ Ադրբեջանում
Գերմանացի մասնագետ 62-ամյա Բերտի Ֆոգտսը մինչեւ աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտը նշանակվել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ նա հայտարարել է, թե հարեւան հանրապետության հավաքականը բավականին դժվար խմբում է հայտնվել եւ առայժմ չի կարող ասել, թե ընտրական մրցաշարում քանի միավոր հնարավոր կլինի վաստակել: Առաջին հերթին անհրաժեշտ է թիմին խաղային ճիշտ սխեմա ներարկել եւ միայն դրանից հետո խոսել արդյունքների մասին:
Հաջորդը՝ Արթուր Աբրահամ-Ջովաննի Լորենցո
Ամերիկացի Այալայի նկատմամբ նոկաուտով տարած հաղթանակից հետո «Sauerland Event» պրոումոթերական ընկերությունը հայտարարել էր IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի միջեւ ռեւանշ մրցամարտի անցկացման հավանականության մասին, որը մոտավորապես կարող էր կայանալ հունիսի սկզբին: Սակայն, ամենայն հավանականությամբ, հայ բռնցքամարտիկը մինչ այդ ստիպված կլինի չեմպիոնական գոտին արդեն ութերորդ անգամ պաշտպանել պարտադիր հավակնորդ դոմինիկացի Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտում: Այդ մասին լրատվամիջոցներին հայտարարել է ինքը՝ Լորենցոն: «IBF-ը նամակ է ուղարկել Աբրահամի եւ իմ պրոումոթերներին՝ հանձնարարելով այդ մենամարտը կազմակերպելու նպատակով անհապաղ բանակցություններ սկսել: Ես շատ երկար եմ սպասել նման տարբերակի եւ թույլ չեմ տա ինձ զրկել այդ հնարավորությունից: Ես երախտապարտ եմ IBF-ին այդպիսի աջակցության համար»,- ասել է դոմինիկացին:
IBF-ի պաշտոնական նամակում, որի տեքստը հրապարակվել է «Fightnews.
com»-ի կայքում, նշված է, որ բռնցքամարտիկների ներկայացուցիչները պարտավոր են բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 30-ը եւ եթե ընդհանուր համաձայնություն ձեռք չբերվի՝ այդ մենամարտը կազմակերպելու մրցույթ կհայտարարվի:
Բարով վայելես
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գերմանիայում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վերջերս տեղափոխվել է Բեռլինի հարավում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը գնել է 1,5 միլիոն եվրոյով: «Այստեղ եմ ապրելու առաջիկա 20-30 տարիներին,- լրատվամիջոցներին տեղեկացրել է Աբրահամը:- 1994 թվականին կառուցված առանձնատունը պատկանել է բանկիրի: Տունը գնել եմ ամբողջ կահույքով: Առայժմ բնակվում ենք ես, եղբայրս՝ Ալեքսանդրը, եւ ծնողներս: Երբ հինգ տարի առաջ եկա Գերմանիա, ունեի մեկ ճամպրուկ, մեկ պոլիէթիլենե տոպրակ եւ մի փոքրիկ գումար»:
Հիմա Արթուրն արդեն շքեղ առանձնատուն ունի. 8 հյուրասենյակով, 4 ննջարանով, լողավազանով, ջակուզիով եւ շոգեբաղնիքով: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել. «Բարով վայելես»:
Մեր տեղեկություններով, Արթուրը հիմնանորոգել է Ներքին Չարբախում գտնվող հայրական տունը եւ իրենց ընտանիքի համար գնել հարեւանությամբ գտնվող տներից մեկը: