Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն դարձել է «անհասանելի»

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Բուհը շրջափակման մեջ է հայտնվել փողոցների վերանորոգման պատճառով

Արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ կենտրոնական եւ դրան հարակից մասնաշենքերի ու Երեւանի տնտեսագիտական համալսարանի հետ առնչվող դասախոսներն ու ուսանողները դժվարություններ են կրում բուհերին մոտենալու համար: Պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքները: Այս պատճառով, օրինակ՝ ԵՊՀ-ի ուսանողները, որոնք պետք է մոտենան բուհի այն մասնաշենքին, որտեղ տեղակայված են ռոմանագերմանական, ժուռնալիստիկայի, արեւելագիտության ֆակուլտետները, ստիպված են մի ողջ պտույտ կատարել համալսարանի մասնաշենքերի շուրջը, որպեսզի մոտենան շենքին: Իսկ եթե ուզում են բարձրանալ ԵՏՀ-ի ուղղությամբ, ապա ստիպված են անցնել «Սմակ» կոչվող արագ սննդի պատրաստման կետով, քանի որ ճանապարհն ամբողջությամբ քանդված է: Այս ամենը հաշվի առնելով, ուսանողներն ասում են, որ պետհամալսարանն ասես «շրջափակման» մեջ է:

ԵՊՀ ուսանողուհի Հայարփի Մախսուդյանն «Առավոտին» այս կապակցությամբ ասաց. «Այն, որ շինարարություն են կատարում, հասկանում ենք եւ ոչինչ ասել չենք կարող: Բայց գոնե ինչ-որ սլաքներ, քարտեզներ տեղադրեին, որ գոնե իմանայինք, թե որ ճանապարհով մոտենանք համալսարանի մասնաշենքերին կամ ոնց դուրս գանք փողոց: Ուստի՝ ուսանողների բացած ճանապարհով ենք գնում: Ես սովորաբար երթուղայինից իջնում եմ Խանջյան փողոցում, հետո հանդիպակաց այգով դուրս եմ գալիս համալսարանի մոտ: Իսկ այժմ այգու ճանապարհով էլ հնարավոր չէ շարժվել: Ուստի իջնում եմ Սայաթ-Նովայի խաչմերուկում եւ Ռադիոտան մոտից նոր միայն բարձրանում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք»:

Մեկ այլ ուսանողուհի՝ Անի Հարոյանն էլ նկատեց. «Մի երկու ժեշտ ծռելն այդքան բա՞րդ է, որ ամբողջ գետի շուրջը չպտտվենք, այլ դրանց վրայով անցնենք ու մոտենանք համալսարանի այն մասնաշենքին, որը մեզ անհրաժեշտ է: Ցուցանակներ էլ չեմ տեսնում, որ գրված լինի, թե ի՞նչ շինարարություն է իրականացվում, ո՞ր ընկերությունն է դա անում, մինչեւ ե՞րբ ենք այս վիճակում ստիպված լինելու դասի գալ»: Ուսանողների դժգոհությունների որոշ պատասխաններ գտանք Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Ըստ դրա՝ Չարենցի փողոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2 ամսից: Վերոնշյալ տրանսպորտային հանգույցներում շինարարությունն իրականացնող կազմակերպությունների կողմից պիտի տեղադրվեին ժամանակավոր ճանապարհային նշաններ եւ կատարվեին համապատասխան գծանշումներ:

Ուսանողներից շատերը, որոնք չգիտեին, որ շինարարությունը կատարվում է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ տարածքն էլ պատկանում է նրանց, միանգամից սկսել են բողոքել բուհի ռեկտորատից, թե ինչու չի պաշտպանում իր ուսանողների շահերը: Այս դժգոհությանը ԵՊՀ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Տարածքը պատկանում է քաղաքապետարանին եւ անվտանգությունից ելնելով են նրանք փակել տարածքը, իսկ համալսարանը ստիպված է ժամանակավոր համակերպվել: Այստեղ ուսանողների շահերը չեն ոտնահարվում, քանի որ այժմ քաղաքի տարբեր մասերում կատարվում են շինարարական աշխատանքներ: Իսկ եթե ուսանողներն իրենց շահերը, միեւնույն է, ոտնահարված են համարում, թող դիմեն ուսխորհուրդ: Բայց, կրկնում եմ՝ ցուցանակներ, սլաքներ փակցնելը քաղաքապետարանի անմիջական գործառույթն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել