Լրահոս
Օրվա լրահոսը

«Այաս» ակումբի նոր ձեռքբերումը

Ապրիլ 05,2008 00:00

Կարիբյան ծովի շրջակայքում ծովային հետազոտություն իրականացնող հայ երիտասարդները Հայաստան են վերադարձել

որոշակի արդյունքներով:

Նախորդ ամիս Հայաստան վերադարձան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնությամբ Կարիբյան ծովի շրջակայքում հետազոտություն իրականացնող խմբի 4 անդամները: Հիշեցնենք, որ «Այաս» ակումբի անդամները մեկնել էին նախորդ տարվա նոյեմբերին, եւ հետազոտություններ էին իրականացնում Վաշինգտոնում ձեռք բերված «Անահիտ» հայկական նավով: Ակումբի խորհրդի անդամ Կարեն Դանիելյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ավարտվել է միայն հետազոտության առաջին փուլը, որի նպատակը եղել է 18-րդ դարի հայտնի հայ վաճառական Խոջա Քալանթարին պատկանող կործանված նավերից մեկի հետքերը գտնելը: Խոջա Քալանթարին պատկանող նավը ծանրաբեռնված է եղել թանկարժեք ապրանքներով ու գանձերով: «Այաս» ակումբի անդամները կարծում են, որ գանձերը գտնելն արդեն գրեթե բացառված է, բայց գոնե հնարավոր կլինի պարզել կործանված նավի ճակատագիրը:

Հետազոտություն իրականացնող խմբի անդամները՝ Կարեն Բալայանը, Ալեքսանդր Մարգարյանը, Արա Թամանյանը եւ Պավել Ղալումյանը, հետազոտության ընթացքում որոշակի արդյունքների հասել են, հայտնաբերվել են որոշ իրեր ու նավի բեկորներ, սակայն հետազոտության վերջնական արդյունքների մասին «Այաս» խմբի անդամները կխոսեն 3-րդ փուլի ավարտից հետո: Նշենք, որ հետազոտությունը առաջիկայում կշարունակվի: Խմբի անդամները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ընդամենը 12 մետր երկարություն ունեցող «Անահիտ» նավը Կարիբյան կղզիների շրջակայքում 3 ձմեռային ամիսների ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով է անցել, սակայն հետազոտության առաջին փուլը բարեհաջող է ավարտվել:

Նրանց ներկայացմամբ, «Կիլիկիա» նավի ձեռնարկի նման Կարեն Բալայանի ղեկավարած «Այաս» ակումբի այս նոր նախաձեռնությունն էլ անմիտ ու անհաղթահարելի բան էր թվում: Նա հիշում է, որ ավելի քան 10 տարի տեւած շինարարության արդյունքում, երբ «Կիլիկիա» նավը դուրս եկավ ճանապարհորդության, շատերը չէին հավատում, որ այն իրականություն է դարձել: Կ. Դանիելյանի խոսքերով. «Մեր ծովային շրջագայությունը տվյալ երկրի տեղաբնակ հայերի համար մեծ նշանակություն ունեցավ, ու մենք կարծես թե նաեւ որոշ առումով նպաստում էինք հայերի համախմբմանը: Նավահանգիստներում մեզ 24 ժամ շարունակ այցելում էին տեղաբնակ հայերն ու անգամ օտարերկրացիները: Նրանցից շատերը հետո հպարտորեն պատմում էին, որ իրենք հենց այն ազգի ներկայացուցիչներն են, որոնք կառուցել են այդ նավը»:

Ներկայումս Աղի հանքում կանգնած «Կիլիկիա» նավը սպասում է իր հանգրվանին: Կառավարության որոշմամբ, Երեւանում կկառուցվի ծովային թանգարան, որտեղ այլ նմուշների ու իրերի հետ կտեղադրվի նաեւ «Կիլիկիա» նավը:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը շահագրգռված է, որ Հայաստանում զարգանա առագաստանավային սպորտը եւ ներկայումս քննարկումներ են անցկացվում այս մտահղացումն իրականություն դարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել