Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՆՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԸ

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Ապացուցելով, որ իրենք սահմանափակում են ամեն տեսակ ցույցերը՝ անգամ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակն ունեցող:

Գիտակցո՞ւմ էին արդյոք մեր օրենսդիրները, թե գործնականում ինչ է դառնալու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում մարտի 17-ին իրենց արած այն փոփոխությունը, ըստ որի՝ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը պիտի ներկայացնի եզրակացություն՝ արդյոք տվյալ ցույցն ուղղվա՞ծ է «սահմանադրական կարգը բռնի տապալելուն» եւ այլն:

Այս դրույթի գործնական կիրառման մի «լակմուսի թուղթ» դարձավ «Տարեգիրի» թղթակից Գայանե Առուստամյանի հետ կատարվածը, որին ԱԱԾ-ն արդեն 2 անգամ հարցաքննել է՝ Երեւանի քաղաքապետարան մարտի 31-ին ներկայացրած նրա իրազեկման կապակցությամբ՝ «Տիբեթի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանող եւ այդ ժողովրդի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամային զորակցություն հայտնելու նպատակով ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան առջեւ միջոցառում անցկացնելու մասին»: Համառոտ հիշեցնենք լրագրողի հրապարակած փաստերը: ԱԱԾ աշխատակից Տիգրան Հարությունյանը նրան հարցրել էր, թե ինչո՞ւ է ուզում զորակցություն հայտնել Տիբեթի ժողովրդին, ինչո՞ւ է բուդդիստներին պաշտպանում եւ այլն: Ըստ Գայանե Առուստամյանի՝ «Հստակ ասել եմ, որ հարգելով Չինաստանի մշակույթը եւ գնահատելով աղքատության եզրին կանգնած հայ ժողովրդին մատչելի ապրանքներ հասցնելու նրանց առաքելությունը, այնուամենայնիվ, անազնիվ կլինի չզորակցել ճակատագրով մեզ հետ նույնացած Տիբեթի ժողովրդին»: ԱԱԾ-ից հետո ապրիլի 2-ին նրան հրավիրել էին քաղաքապետարան, եւ «լիազոր ներկայացուցչին փոխարինող» Իրինա Գրիգորյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ի եզրակացության համաձայն՝ հաշվի առնելով մարտի 1-ի նախադեպը, նպատակահարմար չեն գտնում Երեւանում ընդհանրապես որեւէ միջոցառում անցկացնել. «Ըստ ստուգված, հավաստի տվյալների, նոր կազմակերպվող զանգվածային միջոցառումներին նորից մասնակցելու են նախկինում անցկացված նման միջոցառումների ակտիվ մասնակիցները, որոնք հրահրելու են սադրիչ գործողություններ»: Իրինա Գրիգորյանը նաեւ բացատրել էր, թե քանի որ կան հետախուզվող մարդիկ՝ կարող են գալ այդ միջոցառմանն ու հրահրել անկարգություններ: Լրագրողը տարակուսել էր՝ ինչո՞ւ են հավաստի տվյալներ ունենալով, որ միջոցառմանը պետք է գան հետախուզվողներ՝ բաց թողնում առիթն ու արգելում այն միջոցառումը, որտեղ կարելի կլինի ձերբակալել այդ հետախուզվողներին:

… Երեկ, ժամը 15-ին, գնալով Չինաստանի դեսպանատան մոտ՝ տեսա, որ արդեն այնտեղ են այն բոլոր բարձրաստիճան ոստիկանները, որոնք վերջին օրերին իրենց երեկոներն անցկացնում են Հյուսիսային պողոտայում՝ անցած շաբաթ մարդկանց բերման ենթարկելով, իսկ հիմա՝ ուղղակի հետեւելով քաղաքական զբոսանքների մասնակիցներին: Ու շարունակաբար արգելելով՝ այդտեղ գիրք կարդալ, շախմատ խաղալ, մնջախաղով զբաղվել, շաուրմա ուտել եւ ցատկապարանով թռչկոտել: Ներկա լրագրողներից մեկը նայելով Չինաստանի դեսպանատան առջեւ խմբված գնդապետներին՝ անգամ կատակեց, թե ընդդիմությունը պիտի պատեհ առիթն օգտագործի, որ բոլորն այստեղ են եւ հանգի՜ստ զբոսնի Հյուսիսային պողոտայում:

Իրավապահները շատ ավելին էին, քան տիբեթապաշտպան ցուցարարները: Ավելի ստույգ՝ ներկա էին «Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը (նկարում), Պահպանողական կուսակցության խորհրդի քարտուղար Թաթուլ Մկրտչյանը եւ մի երկու կանայք: Նրանք փորձեցին Դալայ Լամայի եւ որոշ այլ լուսանկարներ փակցնել Չինաստանի դեսպանատան ճաղերին: Սակայն դա էլ չարեցին, երբ դեսպանատնից իրենց հայտնեցին, թե «չեն խրախուսում ու չեն ցանկանում, որ փակցնեք այդ նկարները»: Փորձում էին նաեւ հանձնել իրենց ուղերձը: Սակայն այն ոչ ոք չընդունեց, եւ ի վերջո՝ ուղերձը գցեցին դեսպանատան փոստարկղը: Այսքանն էր:

Պարզ է արդեն, որ ԱԱԾ-ի «ստուգված, հավաստի տվյալները» չարդարացան, թե այդ ցույցին մասնակցելու էին «նախկինում անցկացված նման միջոցառումների ակտիվ մասնակիցները»: Եվ առավել եւս՝ Տիբեթի ժողովրդին զորակցություն հայտնելու համար այստեղ չերեւացին հետախուզվող անձինք: Ներկա չէր նաեւ Գայանե Առուստամյանը: Հետո պարզեցինք, որ նրան դարձյալ հրավիրել էին ԱԱԾ: Մեր զրույցի ընթացքում լրագրողն ասաց, թե այս ակցիայի միջոցով նաեւ ցանկանում էր յուրօրինակ ստուգարք կազմակերպել այն համակարգի համար, որը պատճառաբանում է, թե սահմանափակում է միայն քաղաքական հավաքների ազատությունը. «Ես մտածում էի, որ եթե կազմակերպենք զուտ մշակութային ակցիա, մեկ այլ ժողովրդի զորակցության խնդիր արծարծենք, եւ էլի իշխանությունները մերժեն՝ կնշանակի, որ սա իրոք բռնապետություն է»: Ստուգարքը չանցնելն արձանագրելով ու այսպիսով իշխանությանը դիմակազերծելով՝ մտադիր էր սահմանափակվել ու միայն ուղերձ հանձնել դեսպանությանը: Սակայն Գայանե Մարտիրոսյանն առանց համաձայնեցնելու՝ նաեւ Գայանե Առուստամյանի անունից էր հաղորդագրություն ուղարկել ԶԼՄ-ներին Չինաստանի դեսպանատան դիմաց կայանալիք միջոցառման մասին: Եվ ԱԱԾ-ից նույն Տիգրան Հարությունյանը նրան էլի հրավիրել էր զրույցի. «Ես տարակուսանք հայտնեցի, թե գիտե՞ք՝ ինձ քաղաքապետարանը մերժել է: Եվ անկախ նրանից, թե համաձա՞յն եմ մեր օրենքներին կամ համաձայն չեմ՝ հասկանում եմ, որ միջոցառում անցկացնելու իրավունք չունեմ»: Ծանուցագիր ստանալով՝ գնացել էր ԱԱԾ ու միայն ճանապարհին իմացել, որ ԶԼՄ-ներում հրապարակվել է վերոհիշյալ հաղորդագրությունը միջոցառման մասին: Հայտնեց, որ ԱԱԾ-ում իրեն ասել էին. «Դու այնուամենայնիվ ակցիա ես պատրաստում: Իսկ մենք տեղեկություններ ունենք՝ այդ ակցիային գալու են մասնակցելու քաղաքական խնդիրներ հետապնդող անձինք, եւ հնարավոր է, որ հրահրեն անկարգություններ: Դրա պատասխանատվությունը կրելու ես դու»:

… Գայանե Առուստամյանը երեկ ավելի ուշ՝ միայն իր անունից ուղերձ հանձնեց ՉԺՀ լրատվության ծառայության պետին: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Զորակցություն ենք հայտնում ազատագրական պայքարի ելած Տիբեթի ժողովրդին եւ նրանց հոգեւոր առաջնորդ Դալայ Լամային եւ աղոթում ենք, որ նրանց ընտրած ուղին պսակվի լույսով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել