Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հետընտրական Հայաստանում գործում են Ռոբերտ Քոչարյանի նկատառումները, ոչ թե օրենքներն ու Սահմանադրությունը:

«Մի երկիր, որում գործող նախագահը սահմանադրորեն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված Մարդու իրավունքների պաշտպանին համարում է «իր կադրը»՝ այդ երկրում մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այս համատեքստում նա ավելորդ համարեց պատասխանել «Առավոտի» հարցին, թե մարդու իրավունքների տեսանկյունից ի՞նչ հետք թողեցին հայաստանյան հետընտրական զարգացումները: «Եթե ամբողջ երկիրը չծիծաղեց Ռոբերտ Քոչարյանի այդ արտահայտության վրա՝ նշանակում է երկիրն ինքն է ծիծաղելի վիճակում, եւ, բնականաբար, այդ երկրում չի կարելի խոսել մարդու իրավունքների մասին»,- կարծում է մեր զրուցակիցը: Նա նաեւ հավելում է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն իրավունք է վերապահել քաղաքացիների սահմանադրական իրավունքները ենթակայեցնել իր նկատառումներին. «Արտակարգ դրությունից հետո Հայաստանում ոչ թե գործում են Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները, այլ Ռոբերտ Քոչարյանի նկատառումները՝ հանրահավաքների անթույլատրելիության, վտանգավորության, կայունության գերակայության եւ այլնի մասին: Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի առաջին դեմքը համարձակվում է հասարակության առաջ նման հայտարարություններով հանդես գալ՝ նշանակում է, որ հասարակությունն էլ իր տեղում չի, մարդու իրավունքներն էլ, ընդհանրապես, տասներորդական արժեք են»:

Անցած նախագահական ընտրություններին մեր զրուցակցի վերաբերմունքն այսպիսին է. «Սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահի դերակատարությունն այնքան էր նվազել, որ քաղաքական ուժերը պետք է հասկանային՝ նախագահի պաշտոնը երկրորդական է: Այս առումով մեզ համար անհասկանալի էին այն խանդավառությունը, կրքերը եւ հավակնությունները, որոնք դրսեւորվեցին նախագահական ընտրապայքարում»: Այս գիտակցությունից հետո ԱԻՄ-ին բան չէր մնում անել, քան արձանագրել, որ՝ «Սա շարքային աթոռակռիվ է: Ընդ որում, կեղտոտ՝ իր բոլոր հետեւանքներով: Ցավոք, այդպես էլ եղավ»:

Հայրիկյանն ասում է, որ այս համոզմունքն իրենք ունեցել են դեռ մինչ ընտրությունները. «Երբ ես նկատեցի, որ ճգնաժամ է հասունանում, բոլոր կողմերին բաժանեցինք ԱԻՄ-ի ծրագիրը, որը նույնիսկ 20 տարի հետո մեծ հետաքրքրություն կներկայացնի, որովհետեւ ոչ թե ձեւական հայտարարությունների մասին էր խոսքը, այլ Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու, ԿԳԲ-ի գործակալական ցանցից ազատվելու եւ ինքնիշխան դառնալու, հստակ պատկերացումներ կային արտաքին քաղաքական հարցերում… Մենք պատրաստ էինք՝ մոռանալով ամեն ինչ, համագործակցել եւ օգտակար լինել այն քաղաքական ուժին, որը կընդուներ մեր ծրագրերը: Հիմնականում Լեւոն Տեր-Պետրոսյանին հարող քաղաքական ուժերի կողմից ձախողվեց մեր նախաձեռնությունը՝ հանուն ժողովրդավարության համախմբել քաղաքական ուժերին եւ գնալ միասնական ճանապարհով, թեեւ ինչ-որ դեր ունեցան նաեւ իշխանությանը հարող ուժերը»:

Առաջին նախագահի մասին խոսելիս Պարույր Հայրիկյանը շեշտադրումներն անում է դեռեւս «Պառավաքարի» կոնտեքստում եւ, բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանին զուտ ժամանակագրական առումով է համարում առաջին նախագահ. «Նա եղել է ապօրինի նախագահ՝ համաձայն իր օրոք դատարանի ընդունած որոշման: «Պառավաքարի» դատավարության գործը քննած Լեւոն Տեր-Պետրոսյանի դատարանը որոշում ընդունեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդ տեղը բռնած թեկնածուի նկատմամբ կիրառվել են միջոցներ, որոնք ընտրությունները անօրինական են դարձնում, որովհետեւ խոչընդոտներ են եղել այդ թեկնածուի ճանապարհին, մասնավորապես, Պառավաքարի միջադեպը: Այս ամենով հանդերձ, ես համարում եմ, որ ինքը պիտի շատ ուրախ լիներ, որ գրեթե քաղաքական մոռացության մատնված լինելով հանդերձ, կարողացավ իր շուրջն այսքան մարդ համախմբել: Սա պետք է համարել մեծ հաջողություն: Այլ խոսք, որ այդ համախմբված մարդիկ հիմնականում իր համար չէին համախմբվել, այլ՝ իսկապես, օրվա իշխանության նկատմամբ հակակրանքով լցված»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին. «Եթե մարտյան դեպքերը չլինեին, ես կարող էի համարել, որ անկախ ընտրություններում եղած անթույլատրելի դրսեւորումներից, որոնք դարձել են հայ քաղաքական կյանքի մշտական ուղեկիցը՝ սկսած 1990 թվականի պառլամենտի եւ պառլամենտի նախագահի ընտրությունից (շատ փոքր բացառություն են կազմում 1998 թվականի ընտրությունները), երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր ընդդիմախոսները մեր քույրերն ու եղբայրներն են եւ ձեռք մեկնեց՝ հրավիրելով իր հետ համատեղ աշխատել նրանց՝ ովքեր իրեն մերժում էին, ես այդ պահը համարում էի դրական փոփոխությունների, քաղաքական նոր մշակույթի դրսեւորման մի քայլ: Բայց հետո տեղի ունեցած դեպքերը, ինչքան էլ որ իրավիճակի տերը Սերժ Սարգսյանը չէր, նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ինքն էր անում. այնուամենայնիվ, այդ ամենի բեռը մնալու է Սերժ Սարգսյանի վրա: Հիմա ինքը հատուկ, գերմարդկային ճիգեր պիտի գործադրի, որ իրավիճակը շտկի: Իսկ դա սովորական մահկանացուի համար մի քիչ դժվար բան է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել