Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ապրիլ 03,2008 00:00

Առայժմ՝ երկու ոչ-ոքի

\"\"Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում մարտի 31-ից ապրիլի 1-ը չորս պարտիայից բաղկացած մրցամարտ է կազմակերպվել Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի եւ Ամերիկայի կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի միջեւ:

Մրցակիցներն արդեն երկու պարտիա խաղացել են ու երկուսում էլ չեն կարողացել որոշել հաղթողին:

 

Արոնյանն առաջադիմել է

\"\"Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որը կազմվել է ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին նրանց մրցելույթների ամփոփման հիման վրա: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատությամբ 9-րդից բարձրացել է 6-րդ հորիզոնական՝ իրենից ետ թողնելով ադրբեջանցիներ Շախրիյար Մամեդյարովին եւ Թեյմուր Ռաջաբովին: Փոխվել է նաեւ առաջատարը, որն այժմ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է: Իսկ աղյուսակի լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի:

1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

3. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)

4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

5. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

6. Լեւոն Արոնյան (Հայաստան)

7. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)

9. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

10. Պետեր Լեկո (Հունգարիա):

Վերջին վարկանիշայինը

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին Հունաստանի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի սաները նախապատրաստվում են Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին: Մեր թիմից ռինգ մտնելու են Դերենիկ Գիժլարյանը՝ 51 կգ քաշային կարգ, Արթուր Համբարձումյանը՝ 54, Ազատ Հովհաննիսյանը՝ 57, Սամվել Մաթեւոսյանը՝ 69, Ցոլակ Անանիկյանը՝ 91:

Աթենքում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է երկուական ուղեգիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկներն ընդհանուր առմամբ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակցության չորս ուղեգիր արդեն ունեն: Նրանք են. Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ, Հրաչյա Ջավախյանը՝ 60, Էդուարդ Համբարձումյանը՝ 64 եւ Լեռնիկ Հակոբյանը՝ 75:

Կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

\"\"Ապրիլի 11-13-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր: Ըստ առաջնության պաշտոնական կայքի, մեր հանրապետությունն այնտեղ ներկայացնելու են միայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66 կգ քաշային կարգում՝ Արմեն Նազարյանը:

 

Սպասում, սպասում՝ մինչեւ վերջ

Օլիմպիական ուղեգիր նվաճելն առայժմ մեր ազատ ոճային ըմբիշների ուժերից վեր է: Վերջին անգամ դրանում մեզ համոզեց Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող այս մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես «բարեհաճ չգտնվեց» նրանց հանդեպ: Մեկնարկային օրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ դուրս էին մնացել թե մեդալների, թե վարկանիշի համար պայքարից՝ մարզասերների հույսը թողնելով երեկ մրցագորգ մտնող երեք թիմակիցներին՝ 60 կգ քաշային Մարտին Բերբերյանին, Սուրեն Մարկոսյանին՝ 74 կգ եւ Էդգար Ենոքյանին՝ 96 կգ: Բայց, ավաղ, նրանք էլ արագ միացան իրենց ձախողված թիմակիցներին ու բոլորն էլ տուն են վերադառնում դատարկաձեռն:

Հենց այսօր արդեն կարելի է ենթադրել, թե ինչպես են «հիմնավորվելու» այս անհաջողությունները: Առաջին հերթին կխոսվի անբարենպաստ վիճակահանության մասին: Բացառված չէ, որ «մեղավոր կարող է լինել» նաեւ կողմնակալ մրցավարությունը: Իսկ վերջում ստիպված կլինենք մխիթարվել նրանով, որ մերոնք Տամպերեում նախնական գոտեմարտերում պարտվել են կամ չեմպիոն, կամ մեդալակիր դարձած ըմբիշների:

Անցած գիշեր մրցավայր պետք է մեկնեին մեր հունահռոմեականները: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել էր Ռոման Ամոյանին՝ 55 կգ, Խոսրով Մելիքյանին՝ 60, Բաքվում օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Ադիկյանին՝ 66 եւ Յուրի Պատրիկեեւին՝ 120, Էդգար Բաբայանին՝ 74, Տիգրան Սահակյանին՝ 84 եւ Արման Գեղամյանին՝ 96:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել