Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոմանք խոստացան օգնել

Ապրիլ 03,2008 00:00

Ոմանք էլ տեղյակ չէին Արցախի Տիգրանակերտի պեղումներից ու արշավախմբի խնդիրներից

Օրերս ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը «Հայացք» ակումբում ներկայացրեց Արցախի Տիգրանակերտում իրականացված պեղումների 2 տարվա արդյունքները եւ դժգոհություն հայտնեց, որ պեղումներին աջակցելու համար դիմել են ՀՀ իշխանություններին, կառավարություն, նախարարություններ, ԳԱԱ, սակայն հանդիպել են նրանց անտարբերությանը: Այս հարցով դիմեցինք կուսակցությունների, պատգամավորների, ԳԱԱ, մշակույթի նախարարություն: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն «Առավոտին» ասաց. «Գոյություն ունի մշակույթի նախարարություն, իսկ դա մշակութային խնդիր է: Բյուջեով գումար է հատկացված նախարարությանը, ուստի կրկնում եմ՝ դա նրանց խնդիրն է, իրենք պիտի որոշեն, թե որ պեղումների համար որքան գումար հատկացնել»:

Ոչ մի արտերկրյա գործուղում բաց չթողնող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն «Առավոտին» այլ բան ասաց. «Մենք պեղումների իրականացման ծրագիր չունենք, ոչ էլ գումարներ են մեզ հատկացվել: Այդ հարցը առնչվում է գիտական ծրագրերին, որոնց մեր խառնվելը կոռեկտ չէ: Մեր նախարարությունը պեղումներին աջակցում է միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է որեւէ հուշարձանի վերականգնմանը: Այդ դեպքում նախարարությունը պեղումներ է պատվիրում, եթե տվյալ հուշարձանը երբեւէ պեղված չի եղել: Իսկ եթե գիտական օղակները չեն կարողանում հարցը լուծել, ուրեմն պիտի համապատասխան միջնորդությամբ հանդես գան, մենք էլ քայլեր ձեռնարկենք»:

Հիշեցնենք, որ արշավախմբի անդամները նաեւ հայտարարել էին, որ Տիգրանակերտի պեղումներին աջակցելը կամ գոնե դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը՝ նախեւառաջ ԳԱԱ նախագահության խնդիրը պիտի լինի: Ուստի՝ ասվածը փոխանցեցինք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Նա «Առավոտին» պատասխանեց. «Այդ պեղումների մասին մենք տեղյակ ենք, եւ ԳԱԱ հնագիտության ինստիտուտը համապատասխան աջակցություն ցուցաբերում է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ինչպե՞ս հարյուր հազարներ հատկացնենք, եթե չունենք»: «Առավոտը» դիմեց նաեւ քաղաքական կուսակցությունների, ԱԺ պատգամավորների:

Դաշնակցական Հրայր Կարապետյանը տեղյակ չէր պեղումների հետ կապված խնդիրներից, չնայած դաշնակցականներն ամեն առիթով խոսում են ազգային արժեքները պահպանելու անհրաժեշտության մասին: Նա նույնիսկ չցանկացավ խոսակցությունը շարունակել՝ պատճառաբանելով, թե հանդիպումից ուշանում է: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւս ծանոթ չէր խնդրին եւ չցանկացավ խորանալ մանրամասների մեջ: Նա ասաց, որ նիստի է շտապում: Պարզվեց, որ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը միայն արշավախմբի ասուլիսից հետո է տեղեկացել հայտնի պատմությանը: Նա էլ «Առավոտին» հայտնեց. «Կուսակցությունում, խմբակցությունում այդ հարցը կքննարկենք եւ անպայման ինչ-որ կերպ կաջակցենք արշավախմբին»:

«Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանն էլ միանգամից անցավ գործնական քայլերի՝ արշավախմբի անդամների կոնտակտները խնդրեց, որ նրանց հետ հարցը քննարկելուց հետո այն բարձրացնեն ԱԺ-ում՝ խմբակցության մակարդակով: Խնդրի նկատմամբ եղած անտարբերությունը Լ. Ալավերդյանն այսպես մեկնաբանեց. «Դա բացատրում եմ ընդհանուր փնթիությամբ, նրանով, որ մեր երկրում բացակայում է քաղաքականությունը: Սա խոսում է այն մասին, որ հեղհեղուկ վիճակում ենք՝ չենք տարբերակում նպատակը եւ դրան հասնելու միջոցները: Արշավախմբի պարագայում ոչ թե դրա ղեկավարը պետք է խնդրի պատասխանատու մարմնին, այլ այդ մարմինը նրան շտապեցնի աշխատանքը կատարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել