Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՊԵՐԵՏ, ՕՊԵՐԵՏ»՝ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ապրիլ 03,2008 00:00

\"\"Դիրիժոր Յուրի Դավթյանի նախաձեռնությամբ վերականգնվում են հին ավանդույթները

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 1940-ական թվականներին հիմնադրվել է որպես օպերետի թատրոն՝ նվագախմբով, երգչախմբով, պարային խմբով եւ, իհարկե, վոկալիստներով: Այսօր էլ, մշակութային այս օջախի մասին խոսելիս, թե՛ թատերարվեստի մարդիկ եւ թե՛ հանդիսատեսը հաճախ օգտագործում են Օպերետի թատրոն անունը: Ժամանակին հենց այս թատրոնի համար են ստեղծագործել Արտեմի Այվազյանը («Արեւելյան ատամնաբույժ», «Աշուղ Մուրադ»), Վարդան Տիգրանյանը («Մեծ հարսանիք»), Ստեփան Ջրբաշյանը («Չառլիի մորաքույրը») եւ այլ անվանի հայ կոմպոզիտորներ: Այս թատրոնը «տեսել» է հայ մշակույթի երեւելիներին՝ երգիչներ Շարա Տալյանին, Վարդուհի Շահսուվարյանին, դիրիժորներ՝ Կապելլայի հիմնադիր Արամ Տեր-Հովհաննիսյանին, Գուրգեն Կարապետյանին, Դավիթ Երզնկյանին, Գրիգոր Վարժապետյանին, ռեժիսորներ Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Հրաչյա Ղափլանյանին եւ այլոց: Տարիների ընթացքում Օպերետի թատրոնը ենթարկվում էր կայսերական պետության քմահաճույքներին (առաջին խնդիրը դոտացիան էր), սակայն Խորհրդային Հայաստանի կուլտուրայի մինիստրությանը հաջողվեց պահպանել թատրոնը՝ փոխելով ընդամենը անունը: Ինչպես ցանկացած պետության համար՝ թե օպերային, եւ թե օպերետի թատրոնները համարվում են ճոխություն: Ասվածի իրավացիության մեջ համոզվեցինք, երբ երկու տարի առաջ Երեւանում հյուրախաղերով հանդես եկող Եկատերինբուրգի օպերետի թատրոնի աշխատակիցները մասնավոր զրույցներում հայտնեցին, որ իրենց աշխատավարձը սկսվում է 1000 դոլարից, թատրոնի շենքի հոգսերը հոգում է պետությունը, տոմսերից հարկ չի գանձվում, իսկ ժամանակակից տեխնիկական վերազինման խնդիրները «դրված» են Եկատերինբուրգի արդյունաբերական հսկաների վրա, ինչը չենք կարող ասել Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնի մասին:

«Առավոտին» հայտնի դարձավ (դեռ հայտագիրը չկա), որ ապրիլի 10-ին Կոմեդիայի թատրոնը հրավիրում է «Օպերետ, օպերետ» ներկայացմանը:

Հանդիպեցինք թատրոնի նվագախմբի դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանին: Հետաքրքրվեցինք՝ հավանաբար «Օպերետ, օպերետի» համար հարկավոր են նվագախումբ եւ վոկալիստներ, որոնցով չի փայլում թատրոնը, հետեւաբար ի՞նչ ուժերով եք իրականացնելու նախագիծը: «Կարելի է ասել, որ «Օպերետ-օպերտը» համերգ-ներկայացում է: Հաջողվեց թատրոնի տնօրինության օգնությամբ համալրել նվագախումբը եւ քանի որ երգչախմբում կան շնորհալի վոկալիստներ, որոնք ժամանակին ուսանել են կոնսերվատորիայում, հենվելով նրանց վրա, կարողացանք «վերաբեմադրել» թե հայ, թե արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ճանաչված օպերետներից հատվածներ: Վերականգնվում է նաեւ բալետային խումբը, որի հետ աշխատում է բալետմայստեր Նաիրա Հովհաննիսյանը: Հրավիրել ենք նաեւ օպերային թատրոնից եւ օպերային ստուդիայից մեներգիչների՝ Կոնստանտին Սիմոնյանին, Պերճ Քարազյանին, Անի Սարգսյանին եւ այլոց: Իսկ «Օպերետ, օպերետը» իր տեղը կգտնի թատրոնի խաղացանկում»,- տեղեկացրեց պարոն Դավթյանը:

Հարցին, թե թատրոնի դերասանների մեջ խանդ չի՞ առաջացնի այս նախագիծը, չէ՞ որ «դրսից» են հրավիրված վոկալիստներ, Յու. Դավթյանը պատասխանեց. «Այս թատրոնում բեմ են բարձրացել տաղանդավոր դերասաններ Թաթիկ Սարյանը, Էդվարդ Համբարձումյանը, Սվետլանա Գրիգորյանը, ի վերջո՝ բացառիկ երեւույթ համարվող Կարպ Խաչվանքյանն ու մյուսները: Այսօր էլ թատերախմբում ընդգրկված են տարիների փորձ ունեցող շատ դերասաններ: Չմոռանանք, որ երկար տարիներ, մանավանդ վերջին դժվարություններին, թատրոնը հիանալի ղեկավարում է Երվանդ Ղազանչյանը: Այնպես որ, չեմ կարծում՝ դերասանների կողմից խանդ լինի…»: Մեր այն հարցին, թե՝ Յու. Դավթյանը ներկայիս հայ կոմպոզիտորներից ո՞ւմ է տեսնում օպերետի ժանրում, պրոֆեսորը տվեց Արամ Սաթյանի, Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի, Արզաս Ոսկանյանի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել