Քվեարկությունը կեղծելու փաստով
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել էր, որ փետրվարի 23-ին՝ Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կատարվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Վերահաշվարկի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը կեղծել է վերահաշվարկի արդյունքները:
Ըստ նախաքննությունն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության, հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից գաղտնի թաքցրել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները: Ս. Մկրտումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ:
ԱԱԾ-ի մեղադրանքով՝ 1,5 տարի
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած մեղադրանքը: Երեկ դատարանի կայացրած դատավճռով Գ. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակել փորձաշրջան՝ 1,5 տարի ժամկետով: Իսկ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Տաթեւ Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հյուսիսային քրեական դատարան՝ Տ. Գասպարյանի վերաբերյալ նշված դատարանի վարույթում գտնվող մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում) քրեական գործին միացնելու եւ ըստ էության քննելու համար:
Փնտրում են 5-ին
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացանք, որ օրեր առաջ Նոր Նորքի հիվանդանոց տարված 29-ամյա Արման Բալայանը սպանվել է 143 միջնակարգ դպրոցի տարածքում: Նրան սպանելու կասկածանքով ձերբակալվել են 2 անձ, եւս 5-ը փնտրվում են: Հարուցվել է քրեական գործ: