Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՆՍՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԱԹՈՌԻՆ

Ապրիլ 03,2008 00:00

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից երկուսի թիկունքին

կուսակցություններ են, իսկ մեկն անկուսակցական է:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք ապրիլի 8-ին կայանալիք՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասին: Տնօրենի երեք թեկնածուներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են հավակնում այդ պաշտոնին եւ այն ստանալուց հետո քոլեջում աշխատելիս հատկապես ինչի՞ վրա են շեշտը դնելու:

ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի որդին՝ Նարեկ Առուշանյանը, որը հարազատ քեռու՝ Սամվել Պետրոսյանի՝ ժամանակից շուտ թոշակի գնալու արդյունքում ներկայումս Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատարն է, «Առավոտին» ասաց. «Ուզում եմ տնօրեն դառնալ, որովհետեւ ես, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ազատ իրավունք ունեմ որոշելու իմ ճակատագիրը, աշխատանքը եւ ընդհանրապես այն, ինչ ինքս եմ ուզում: Պաշտոնավարմանս մեկ տարվա ընթացքում երեւի թե ապացուցել եմ, որ կարող եմ տնօրեն աշխատել: Իսկ պաշտոնը ստանալուց հետո էլ ինչի՞ վրա պիտի շեշտը դնեմ, եթե ոչ գեղարվեստի զարգացման… Ոչ խանութ եմ բացելու, ոչ էլ առեւտուր եմ անելու: Որոշ նորամուծություններ էլ են նախատեսվում՝ նոր բաժիններ եւ այլն, ուղղակի առայժմ չեմ ուզում փակագծերը բացել»: Ն. Առուշանյանը հավաստիացրեց, որ իր՝ տնօրեն դառնալու ցանկությունը արժանացել է կոլեկտիվի ջերմ հավանությանը: «Առավոտի» դիտարկմանը, որ իր մրցակիցներից մեկը՝ Մեխակ Էլբակյանը ԲՀԿ անդամ է, արդյո՞ք մտավախություն չունի, որ տնօրենի ընտրությունների ժամանակ գործի կդրվեն ԲՀԿ-ի լծակները, ՀՅԴ աջակցությունը վայելող Ն. Առուշանյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է, ինքս անձնական կապերի մեջ ոչ խառնվում եմ, ոչ էլ հետաքրքրվում»: Մեր հաջորդ հարցին՝ իսկ ինքը մի՞թե ՀՅԴ-ից ակնկալիքներ չունի, պրն Առուշանյանը պատասխանեց. «Ընդհանրապես ՀՅԴ-ի մեջ մի սիրուն բան կա. ինքը ոչինչ չի տալիս, նրա՛ն են տալիս»:

Իր տնօրեն դառնալու ցանկությունը ԲՀԿ անդամ, գեղարվեստի ակադեմիայի դասախոս, Հայաստանի արմռեսթլինգի չեմպիոն Մեխակ Էլբակյանն այսպես պատճառաբանեց. «Թերլեմեզյանն ինձ համար հարազատ ու թանկ օջախ է, եւ հետո կոլեկտիվի առաջարկությունն է, որ տնօրեն դառնամ: Ես չեմ մերժել այն մարդկանց, ովքեր ինձ հավատում ու վստահում են, գնահատում իմ մասնագիտական կարողությունները, մարդկային եւ մյուս որակները: Մտածում եմ, որ ամեն ինչ ճիշտ է, եւ ամեն ինչ լավ է լինելու: Ներկայումս Գեղարվեստի ակադեմիայում դասախոսում եմ, ինչ վերաբերում է քոլեջին, այնտեղ աշխատելիս շեշտը դնելու եմ հաստատության համբավը վերականգնելու եւ այն միշտ բարձր պահելու վրա»: Մեր հարցին, որ թեկնածուներից Ն. Առուշանյանը դաշնակցական պատգամավորի որդի է, իսկ նրա մոր կուսակիցն ու ընկերը ԿԳ նախարարն է, արդյո՞ք դա իրեն չի մտահոգում, Մ. Էլբակյանը պատասխանեց. «Ես էլ ոչ պակաս հզոր կուսակցության անդամ եմ… չնայած սրան, մտածում եմ, որ ամեն ինչ արդարացի է լինելու: Շատ լավ պատրաստված եմ քննություններին եւ հույսս դնում եմ իմ կարողությունների վրա, մտածում եմ, որ ամեն ինչ պիտի արդար լինի, որովհետեւ խոսքը արվեստի օջախի մասին է: Թերլեմեզյանի անվան քոլեջը այն տեղը չի, որ կուսակցություն-կուսակցություն խաղան, մրցույթի արդյունքում պիտի շահի ոչ թե անձը, այլ ուսումնական հաստատությունը, արվեստի գաղափարը»:

Անկուսակցական նկարիչ, արվեստագիտության թեկնածու, Երվանդ Քոչարի անվան թանգարանի գիտաշխատող Արթուր Հակոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ դեռ ուսանողական տարիներից իրենք նկարիչ ընկերներով մի խումբ էին ձեւավորել, որը լրջորեն հետաքրքրված է հատկապես գրաֆիկայի բնագավառով ու պարբերաբար ցուցահանդեսների է մասնակցում, հաջողություններ գրանցում: Նրա համոզմամբ, գրաֆիկայի ոլորտում էլ պիտի աշխուժություն մտցնել, մեծացնել հանրության հետաքրքրությունը, ինչի լավագույն միջոցը Հայաստանում միջազգային ցուցահանդես կազմակերպելն է: Օրինակ, անցյալ տարի նման մի ցուցահանդես կազմակերպվել է Ազգային պատկերասրահում, որին մասնակցել են ընդամենը 6 հայաստանցի նկարիչ, իսկ 20-ը՝ այլ երկրներից: Իրենք ցավով նկատել են, որ գրաֆիկները քիչ են Հայաստանում ու կադրերի լուրջ խնդիր կա: «Լրիվ պատահական խոսակցության ժամանակ ընկերներս ասացին, որ Թերլեմեզյանի տնօրենի պաշտոնը թափուր է, առաջարկեցին մասնակցել մրցույթին: Մտածեցի, որ տնօրեն դառնալը հիանալի հնարավորություն եւ միջոց է, որպեսզի բոլոր այն պլանները, որոնք ուզում էինք իրականացնել՝ ուսուցման հետ կապված, կյանքի կոչվեն: Մի քանի տարվա ընթացքում կարելի է բարձր որակի մասնագետներ ստանալ այդ բնագավառում: Միայն տնօրեն դառնալով կարելի է որոշակի ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնել, դրանք մոդեռնացնել՝ ժամանակին համապատասխան»: Այս թեկնածուին հարցրինք՝ ադմինիստրատիվ աշխատանքը չի՞ խանգարի գործող նկարչին: Ա. Հակոբյանը, որ բառացիորեն վերջերս Կանադայում մրցանակ է ստացել ամսագրի կերպարազարդման բնագավառում, ունի բազմաթիվ հոդվածներ՝ արտերկրում եւ Հայաստանում տպագրված, պատասխանեց. «Չեմ կարծում, չնայած ծնողներս էլ են գտնում, որ այդպիսով խաչ կքաշվի նկարչի իմ կարիերայի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել