Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահպանողականներին» ցրեցին

Ապրիլ 03,2008 00:00

\"\"Նրանց կազմակերպած բողոքի ցույցը տեւեց ընդամենը 10 րոպե

Երեկ Պահպանողական կուսակցությունը «Լուռ համաձայնությունը արդարացում չի ունենա» ցուցապաստառով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել: Կուսակցության անդամների դժգոհության պատճառը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի «շնորհակալությունն» է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանի, օրերս Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհակալություն է հայտնել՝ նախագահական ընտրություններին իրականացրած աջակցության համար. «Քանի որ այդ ընտրությունները մենք, ինչպես նաեւ մեր երկրի մի քանի հարյուր հազար քաղաքացիներ համարում ենք որպես Հայաստանի հանդեպ իրականացրած թշնամական գործողություն, եթե այդ գործողություններին Ռուսաստանը նպաստել է, մենք այս հավաքով մեր դժգոհությունն ենք հայտնում այդ երկրի իշխանություններին: Տասը օր շարունակ մարդիկ խաղաղ ցույցեր էին անցկացնում Երեւանում, մինչեւ այն պահը, երբ ՀՀ իշխանությունները դիմեցին վայրագությունների ու մարդասպանության: Ռուսաստանը պաշտոնապես չարձագանքեց մեր երկրում իրականացված վայրագություններին, մենք մեզ իրավունք ենք վերապահում ասելու, որ ռուսական ներկա իշխանություններն իրենց լռությամբ կիսում են ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո կատարվածի պատասխանատվությունը՝ կեղծիքներ, ընտրախախտումներ, ապօրինություններ, ձերբակալություններ»:

Պահպանողական կուսակցության կազմակերպած ցույցին ներկա էր 8-10 հոգի, որից ընդամենը 4-ն էր կուսակցության անդամ, մնացածը՝ հետաքրքրասեր քաղաքացիներ:

Թաթուլ Մկրտչյանի խոսքերով՝ կուսակցությունը ցույցի միջոցով Ռուսաստանից, որպես մեր երկրի ռազմավարական գործընկեր, պահանջում է խախտել լռությունը եւ Հայաստանի գործելաոճին պատշաճ գնահատական տալ: Եթե Ռուսաստանի իշխանություններն իրենց բողոքին չարձագանքեն եւ չխախտեն լռությունը, ապա Պահպանողական կուսակցության անդամները խոստանում են Հայաստանի քաղաքացիներին կոչ անել՝ վերանայել իրենց ավանդական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ: Այս ամենի մասին ցույցի մասնակիցները նաեւ գրավոր նամակ էին հղել ՌԴ նախագահին, որը հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն:

Ցույցի առաջին իսկ րոպեներից դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու Երեւանի ոստիկանության վարչության աշխատակիցները փորձում էին ցրել հավաքվածներին: Շուտով անվտանգության աշխատակիցներին «օգնության հասավ» Երեւանի ոստիկանության վարչության աշխատակիցներից մեկը, որը քաղաքացիական հագուստով էր եւ չներկայացավ: Նա հավաքվածներին թույլ չէր տալիս անգամ խոսել լրագրողների հետ՝ ասելով. «Ձեր գործն արդեն վերջացրիք, հիմա ցրվեք: Գնացեք, ուրիշ տեղ խոսեք նրանց հետ»: Մեր հարցին, թե նա ո՞վ է եւ ի՞նչ իրավունք ունի մարդկանց ցրելու, վերջինս պատասխանեց. «Նա եմ, ով իրավունք ունի նման բաներ անելու»:

Բողոքի ցույցի ցրվելուց հետո, մեզ հետ զրույցում պարոն Թ. Մկրտչյանը հատուկ ընդգծեց, որ իրենց կազմակերպածը զանգվածային միջոցառում չէր, քանի որ այդպիսի միջոցառումների արտոնման լուրջ խնդիր կա, Երեւանի քաղաքապետարանը թույլտվություններ չի տալիս. «Մենք ցանկանում էինք մեր բողոքը ներկայացնել ՌԴ-ին, ներկայացրինք, եթե մեկ այլ տեղ ցանկանանք՝ նույնպես կփորձենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել