Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԻՆՔՍ ԻՆՁ ԱԲՈՐՏ ԵՄ ԱՐԵԼ»

Ապրիլ 03,2008 00:00

\"\"Կանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար բարձր տեղից ցատկում են, վիժում առաջացնող թուրմ են խմում, անգամ արգանդի մեջ աղ են ներարկում:

«Ես ինքս ինձ աբորտ եմ արել՝ գործելու համար նախատեսված շյուղի միջոցով: Արդյունքում՝ արգանդս վնասվեց, եւ միայն բարդ վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվեց կյանքս փրկել: Սարսափելի զգացողություններ եմ ապրել: Իմ չիմացության պատճառով քիչ էր մնում մեռնեի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց իր հղիությունն արհեստական, տնային պայմաններում ընդհատած Տավուշի մարզի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանը: Սուսաննան ունի 4 երեխա, ամուսնալուծված է: Նրա պատմելով, գումար չունենալու պատճառով հղիությունն ընդհատելու համար բժշկի չի դիմել, իսկ շյուղի միջոցով աբորտ անելը Սուսաննային խորհուրդ է տվել հարեւանուհին:

Այսօր բազմաթիվ կանայք անցանկալի հղիությունից ազատվում են տան պայմաններում, ինչը խիստ վտանգավոր է նրանց առողջության համար: Ինքնաաբորտ հատկապես անում են Հայաստանի հեռավոր մարզերում: Հնարավորություն չունենալու պատճառով գյուղացի կանայք աբորտի համար բուժհիմնարկներ չեն դիմում: Արհեստական վիժում անելու համար նրանք դիմում են անհավանական միջոցների: Շատ կանայք մի քանի շաբաթական երեխայից ազատվելու համար մեջքին հարվածներ են ստանում, ծանրություն են վերցնում, բարձր տեղից ցատկում են, վիժում առաջացնող թուրմեր են խմում, անգամ առանց բժշկական հատուկ միջամտության աղ են ներարկում արգանդի մեջ: Մինչդեռ, բժիշկների հավաստմամբ, անգամ վիժումից հետո բժշկին դիմելը պարտադիր է: Շենգավիթի բժշկական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանի խոսքերով, հղիության արհեստական ընդհատումն անհետեւանք չի մնում. «Կանայք կարծում են՝ եթե հղիության արհեստական ընդհատումից մեկ ամիս հետո բարդություններ չեն առաջանում, ապա ամեն ինչ հարթ է, սակայն ամեն դեպքում հնարավոր չէ խուսափել որոշ հիվանդություններից: Առաջանում են վերքային մակերես, ցիկլի խախտում, բորբոքային երեւույթներ: Հնարավոր է առաջանա նաեւ երկրորդային չբերություն, ինչը հաճախ հոգեբանական նախադրյալներ է ունենում»:

Բժշկուհին վստահեցնում է, որ նախքան հղիության ընդհատում կատարելը ինքը փորձում է իրեն դիմած կանանց այդ քայլից հետ կանգնեցնել, սակայն, ըստ բժշկուհու, վերջնական որոշումը կինն է կայացնում: Հ. Անդրեասյանը վիճելի է համարում այն, որ աբորտը մարդասպանություն է. «Չեմ կարող ասել մարդ է, թե ոչ, բայց, համենայնդեպս, պտուղը կենդանի էակ է: Անշուշտ, սա էլ մտածելու տեղիք է տալիս»: Մասնագետների պնդմամբ, հղիության արհեստական ընդհատումից հետո կրկին հղիանալու հավանականությունը նվազում է: Այս առնչությամբ Հ. Անդրեասյանն ասաց, որ չհղիանալու ռիսկը մեծ է:

«Ես ինը տարի առաջ հղիության արհեստական ընդհատում եմ կատարել: Արդեն յոթ տարի է, ինչ բուժվում եմ, սակայն չեմ կարողանում նորից հղիանալ: Դա իմ առաջին հղիությունն էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Նարինեն,- «Իսկ հիմա միակ երազանքս մայր դառնալն է»:

Մասնագետների ներկայացմամբ, բժշկական տեսանկյունից ցանկալի է, որ պտուղը հեռացվի մինչ 12 շաբաթականը, երբ այն համարվում է էմբրիոն: Դրանից հետո, համաձայն ընդունված կարգի, պտուղը հեռացնում են միայն բժշկական ցուցումի համաձայն: Ինչը, սակայն, հաճախ է անտեսվում: Այսօր մեր հիվանդանոցներում շատ կանայք բժշկի օգնությամբ երեխաներին հեռացնում են անգամ հղիության վերջին շրջանում:

Տիկին Անահիտը հղիության արհեստական ընդհատում է կատարել, երբ պտուղն արդեն 6 ամսական է եղել: Նրա խոսքերով, այդ չափի պտուղն աբորտ անելն իր համար դժվար չի եղել. ոչ բժիշկն է դեմ եղել, ոչ էլ հիվանդանոցում է որեւէ խնդիր առաջացել. «Ոչ մի փաստաթուղթ էլ չեմ ստորագրել, ոչ էլ բժշկական ցուցում է եղել: Գնացել եմ ասել՝ երեխային հանեն, իրենք էլ հանել են՝ կեսարյան հատում անելով»: Նա մեզ հետ զրույցում չցանկացավ նշել տվյալ բուժհիմնարկի անունը:

Եթե բժիշկների եւ օրենսդիրների մեծ մասը պտղին մարդ չի համարում, ապա, ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ պտուղը, բեղմնավորման պահից սկսած, ունի հոգի, ուստի եկեղեցին համարում է, որ հղիության արհեստական ընդհատումը մարդասպանություն է, որում հավասարապես մեղավոր է ե՛ւ բժիշկը, ե՛ւ մայրը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Վարազդատ Քոչարյանը նշում է, որ առավելագույն հանցանքը կրում է հենց մայրը, քանի որ վերջինս անարգում է ոչ միայն մայրության շնորհը, իր մարմինը, այլեւ սպանում է իր մանկանը. «Կյանքը սկսվում է սաղմնային վիճակում՝ բեղմնավորման պահից սկսած: Ինչպե՞ս կարող է մարդ չլինել, եթե սաղմն օրեցօր փոփոխությունների է ենթարկվում, զարգանում, այսինքն՝ ապրում է: Բացի այդ, կինն անարգում է նաեւ իր մարմինը, ինչը դատապարտելի է ոչ միայն եկեղեցու տեսանկյունից, այլեւ մարդկային առումով»: «Ես 8 անգամ հղիության արհեստական ընդհատում եմ կատարել: Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ նրանք մարդիկ են եղել: Բացի այդ, ավելի լավ է մի երեխա ունենամ՝ լավ պահեմ, քան չորսը՝ վատ»,- ասում է 45-ամյա տիկին Գայանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել